ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Եսայիա 41։10. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ»
«Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Եսայիա 41։10, «Նոր աշխարհ թարգմանություն»)
«Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41։10, «Արարատ» թարգմանություն)
Եսայիա 41:10-ի նշանակությունը
Եհովա a Աստված հավաստիացնում է, որ կաջակցի իր նվիրված ծառաներին, ինչ դժվարություններ էլ որ նրանք ունենան։
«Ես քեզ հետ եմ»։ Այս խոսքերն ասելով՝ Եհովան հիմնավոր պատճառ է նշում, թե իր ծառաներն ինչու չպետք է վախենան. նրանք մենակ չեն։ Նա տեսնում է, թե իր ծառաներն ինչերի միջով են անցնում, լսում է նրանց աղոթքները, ասես այդ պահին նրանց կողքին լինի (Սաղմոս 34։15; 1 Պետրոս 3։12)։
«Ես քո Աստվածն եմ»։ Եհովան մխիթարում է իրեն երկրպագողներին՝ հիշեցնելով, որ իրենց Աստվածն է։ Նրանք կարող են համոզված լինել, որ ոչ մի հանգամանք չի կարող հետ պահել Աստծուն, որ նա օգնի իր ծառաներին (Սաղմոս 118։6; Հռոմեացիներ 8։32; Եբրայեցիներ 13։6)։
«Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ»։ Այս երեք արտահայտությունների միջոցով Եհովան մի կարևոր միտք է ընդգծում. նա անպայման կաջակցի իր ծառաներին։ Այս պատկերավոր խոսքի միջոցով Եհովան ցույց է տալիս, թե ինչպես է արձագանքում, երբ տեսնում է, որ իր ծառաները օգնության կարիք ունեն։ Երբ իր ծառաներից մեկն ընկնում է, Աստված մեկնում է իր աջ ձեռքը, որ բարձրացնի նրան (Եսայիա 41։13)։
Գլխավոր միջոցը, որով Աստված զորացնում է և աջակցում իր ծառաներին, իր Խոսքն է՝ Աստվածաշունչը (Հեսու 1։8; Եբրայեցիներ 4։12)։ Օրինակ՝ նրա Խոսքը գործնական խորհուրդներ է տալիս բոլոր նրանց, ովքեր դիմագրավում են այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են՝ աղքատությունը, հիվանդությունը և հարազատի կորուստը (Առակներ 2։6, 7)։ Աստված նաև իր սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի միջոցով էմոցիոնալ և մտային առումներով ամրացնում է իր ծառաներին, որ վերջիններս կարողանան տոկալ փորձությունների ժամանակ (Եսայիա 40։29; Ղուկաս 11։13)։
Եսայիա 41:10-ի համատեքստը
Այս խոսքերը մխիթարեցին հավատարիմ հրեաներին, որոնք հետագայում գերության տարվեցին Բաբելոն։ Եհովան կանխագուշակել էր, որ նախքան հրեաների գերության ավարտը նրանք լսելու էին լուրեր մի նվաճողի մասին, որը սրի էր մատնելու հարևան ազգերին և մեծ սպառնալիք էր լինելու Բաբելոնի համար (Եսայիա 41։2–4; 44։1–4)։ Բաբելոնացիները և հարևան ազգերը վախից դողալու էին, սակայն հրեաները չպետք է անհանգստանային, քանի որ Եհովան պաշտպանելու էր նրանց։ Երեք անգամ Եհովան հավաստիացում տվեց նրանց՝ ասելով՝ «Մի՛ վախեցիր» (Եսայիա 41։5, 6, 10, 13, 14)։
Թեև Եսայիա 41:10-ի խոսքերն ուղղված են եղել Բաբելոնում գերության մեջ եղող հավատարիմ հրեաներին, սակայն նա հոգ է տարել, որ իր ծառաներին մխիթարելու համար դրանք գրվեն Աստվածաշնչում։ Եհովան այսօր էլ է օգնում իր ծառաներին, ինչպես դա արել է անցյալում։
Կարդա Եսայիա 41-րդ գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին
a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։