ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Թվեր 6։24-26. «Տէրը օրհնէ քեզ եւ պահէ քեզ»
«Թող Եհովան օրհնի ու պահպանի քեզ։ Թող Եհովայի երեսի լույսը շողա քեզ վրա, և թող նա հաճություն ցուցաբերի քո հանդեպ։ Թող Եհովան բարձրացնի իր երեսը դեպի քեզ և խաղաղություն տա քեզ» (Թվեր 6։24-26, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Տէրը օրհնէ քեզ եւ պահէ քեզ։ Տէրը պայծառացնէ իր երեսը քու վրադ ու ողորմի քեզի։ Տէրը իր երեսը քու վրադ վերցնէ եւ խաղաղութիւն տայ քեզի» (Թվեր 6։24-26, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
Թվեր 6։24-26-ի նշանակությունը
Այս խոսքերը հայտնի են որպես քահանայական, կամ՝ ահարոնյան օրհնություն։ Ահարոնը Իսրայելի առաջին քահանայապետն էր (Ելք 28։1)։ Իրականում օրհնանքի այս խոսքերը Աստված էր տվել (Թվեր 6։22, 23)։ Նա պատվիրեց Մովսեսին. «Խոսիր Ահարոնի և նրա որդիների հետ ու ասա. «Իսրայելի որդիներին այսպիսի խոսքերով պետք է օրհնեք»»։ Այնուհետև Աստված ասաց Թվեր 6։24-26-ում արձանագրվածը։ Հավատարիմ քահանաները հնազանդվեցին Աստծու այդ պատվերին։ Նրանք նաև փառավորեցին Աստծու՝ Եհովա a անունը։ 27-րդ համարում կարդում ենք. «Իսրայելի որդիներին օրհնելիս նրանք [քահանաները] պետք է իմ անունը տան, որպեսզի ես օրհնեմ նրանց»։
«Թող Եհովան օրհնի ու պահպանի քեզ»։ Եհովան օրհնում է իր ծառաներին՝ նրանց պաշտպանելով, առաջնորդելով և օգնելով հաջողության հասնել (Առակներ 10։22)։ Թվեր 6։24-26 համարներում մի քանի անգամ օգտագործվում է «քեզ» դերանունը, ինչը ցույց է տալիս, որ Աստված ցանկանում էր օրհնել Իսրայել ազգին ոչ միայն որպես ամբողջություն, այլև անհատապես։
«Թող Եհովայի երեսի լույսը շողա քեզ վրա, և թող նա հաճություն ցուցաբերի քո հանդեպ»։ Երբ ինչ-որ մեկը աղոթում էր Աստծուն, որ նրա «երեսի լույսը շողա իր վրա», այդպիսով խնդրում էր, որ Աստված բարեհաճ լինի իր նկատմամբ։ b Մի թարգմանության մեջ այս արտահայտությունը հետևյալ կերպ է թարգմանվել. «Թող Տերը ժպտա քո երեսին»։ Իր ծառաների հանդեպ բարություն, կարեկցանք ու ողորմություն դրսևորելով՝ Եհովան ցույց է տալիս, որ նրանք ունեն իր հավանությունը (Եսայիա 30։18)։
«Թող Եհովան c բարձրացնի իր երեսը դեպի քեզ և խաղաղություն տա քեզ»։ Եհովան «բարձրացնում է իր երեսը» դեպի իր ծառաները՝ նրանց հանդեպ սեր ու հոգատարություն դրսևորելով և խաղաղություն տալով։ Ըստ մի աշխատության՝ «եբրայերեն խաղաղություն (շալոմ) բառը ոչ միայն ցույց է տալիս, որ անհատը բախումներ չունի ուրիշների հետ, այլև որ իրեն լավ ու լիարժեք է զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես՝ Աստծու հետ ունեցած փոխհարաբերություններում»։
Այս համարներում նշված օրհնությունը ստանալու համար իսրայելացիները պետք է հնազանդվեին Եհովային (Ղևտական 26։3-6, 9)։ Երբ նրանք այդպես էին վարվում, Եհովան շտապում էր օգնության հասնել, ինչպեսև խոստացել էր։ Դա լավ երևում է որոշ իսրայելացի թագավորների, ինչպես օրինակ՝ Սողոմոնի և Եզեկիայի հետ տեղի ունեցածից (1 Թագավորներ 4։20, 25; 2 Տարեգրություն 31։9, 10)։
Թեև քրիստոնյաներից չի պահանջվում անգիր ասել այդ օրհնությունը, սակայն նրանք կարող են նման զգացումներ արտահայտել, երբ ուրիշների համար աղոթում են Աստծուն կամ քաջալերում են հավատակիցներին (1 Թեսաղոնիկեցիներ 5։11, 25)։ Եհովան չի փոխվում։ Նա միշտ ցանկանում է օրհնել և պաշտպանել իր հավատարիմ ծառաներին։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները կարող են խաղաղություն ունենալ՝ իմանալով, որ վայելում են Եհովայի հավանությունը՝ նրա «երեսի լույսը շողում է» իրենց վրա։
Թվեր 6։24-26-ի համատեքստը
«Թվեր» գրքի առաջին տասը գլուխներում արձանագրված են իսրայելացիներին տված Աստծու պատվիրանները։ Այդ ընթացքում նրանք ճամբար էին դրել Սինա լեռան մոտ և պատրաստվում էին մտնել Ավետյաց երկիր։ Այդ մի տարվա ընթացքում Եհովան իր ժողովրդին կազմակերպված ազգ դարձրեց՝ նրանց տալով օրենքներ, որոնք հայտնի են որպես Օրենքի ուխտ։
Եհովան նաև Մովսեսին ասաց, թե ինչպես պետք է Ահարոնը և նրա որդիները, ովքեր քահանաներ էին ընտրվել, օրհնեն իսրայելացիներին (Թվեր 6։22, 23)։ Այդուհետ Ահարոնն ու նրա հետնորդները օգտագործում էին Թվեր 6։24-26-ում արձանագրված խոսքերը, որպեսզի օրհնեն իսրայելացիներին։ Ժամանակի ընթացքում քահանայի համար ավանդույթ դարձավ տաճարում ամեն օր՝ օրվա վերջին զոհաբերությունից հետո, անգիր ասել այս օրհնությունը։
Դիտիր «Թվեր» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Հայերենում «Եհովան» Աստծու անվան տարածված թարգմանությունն է եբրայերենից։ Իմանալու համար, թե ինչու են Աստվածաշնչի շատ թարգմանիչներ Աստծու անվան փոխարեն օգտագործել «Տեր» տիտղոսը, տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
b Ի հակադրություն սրա՝ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան ծածկել է իր երեսը իսրայելացիներից, երբ հավանություն չի տվել նրանց գործերին (Եսայիա 59։2; Միքիա 3։4)։
c Ըստ «NIV Ուսումնասիրության Աստվածաշնչի»՝ այս համարներում Աստծու անվան կրկնության նպատակն է «ընդգծել 27-րդ համարում նշված արտահայտությունը և ուժ հաղորդել խոսքին»։ Մինչդեռ ոմանք պնդում են, որ Աստծու անունը այս համարներում երեք անգամ կրկնելը թիկունք է կանգնում այն մտքին, որ Աստված Երրորդություն է։ Սակայն դա այդպես չէ։ Աստվածաշնչին նվիրված մի աշխատություն, որը թիկունք է կանգնում Երրորդությանը, ընդունում է, որ այստեղ Աստծու անունը երեք անգամ օգտագործելը «չէր կարող ստիպել այդ օրհնությունը տվող քահանային կամ ստացող մարդուն մտածել նման գաղափարի մասին։ Պարզապես եռապատիկ ձևակերպման շնորհիվ օրհնությունն ավելի գեղեցիկ ու ամբողջական էր դառնում» («The Pulpit Commentary», հատոր 2, էջ 52)։ Ավելին իմանալու համար տես «Աստված Երրորդությո՞ւն է» հոդվածը։