ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հեսու 1:9. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»
«Չէ՞ որ պատվիրեցի քեզ. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (Հեսու 1։9, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր,մի վախենար ու մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Հեսու 1։9, «Արարատ» թարգմանություն)։
Հեսու 1:9-ի նշանակությունը
Այս խոսքերով Եհովա a Աստված հավաստիացրեց իր հավատարիմ ծառային՝ Հեսուին, որ նա, չնայած դժվար հանգամանքներին և լուրջ թվացող խոչընդոտներին, կարող էր քաջ լինել և զորանալ։ Եթե Հեսուն հնազանդվեր Աստծու պատվերներին, ապա պատճառ չէր ունենա վախենալու ապագայից. չէ՞ որ Եհովան, կարծես Հեսուի կողքին կանգնած, օգնելու էր նրան։ Աստված Հեսուի հետ էր. նա առաջնորդում էր նրան և թշնամիների դեմ պայքարում հաղթանակ էր շնորհում։
Հեսուն ինչպե՞ս էր կարողանալու քաջ լինել և զորանալ։ Նրան օգնելու էին այդ ժամանակ առկա գրությունները, որոնք Եհովայի ներշնչմամբ էին գրված։ Այդ գրություններից էր «այն ամբողջ օրենք[ը]...., որը [Եհովայի] ծառա Մովսեսը [Հեսուին] պատվիրեց» b (Հեսու 1։7): Եհովան Հեսուին հանձնարարեց, որ այն օր ու գիշեր կիսաձայն կարդա, կամ՝ «նորա վերայ մտածի» (Հեսու 1։8, «Արարատ» թարգմանություն)։ Այս ընթերցանությունն ու խորհրդածությունը Հեսուին կօգներ ամրացնելու Աստծու կամքը կատարելու իր վճռականությունը։ Այնուհետև Հեսուն պետք է գործեր Աստծու Խոսքից իր սովորածի համաձայն, «որպեսզի ճշգրտորեն կատարեր այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ»։ Այդ դեպքում նա իմաստությամբ կվարվեր և հաջողություն կունենար։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Թեև նա դժվարությունների բախվեց, սակայն լիարժեք կյանքով ապրեց՝ որպես Եհովայի ծառա (Հեսու 23։14; 24։15)։
Հեսուին ուղղված Եհովայի խոսքերն այսօր էլ են շատ քաջալերական։ Այդ խոսքերից երևում է, թե Եհովան որքան է մտածում իր բոլոր ծառաների մասին, հատկապես, երբ նրանք դժվարություններ են կրում։ Եհովան ուզում է, որ նրանք Հեսուի պես հաջողություն ունենան։ Նրանք կարող են Հեսուի պես քաջ լինել և զորանալ՝ կանոնավոր կարդալով Աստվածաշունչը և խորհրդածելով դրա շուրջ, ինչպես նաև հետևելով Աստծու Խոսքի առաջնորդությանը։
Հեսու 1:9-ի համատեքստը
Մովսեսի մահից հետո Եհովան պատվիրեց Հեսուին, որ առաջնորդի Իսրայել ազգին (Հեսու 1։1, 2)։ Այդ ժամանակ իսրայելացիները պատրաստվում էին մտնել Ավետյաց երկիր՝ Քանան, սակայն նրանց առաջ հզոր թշնամիներ էին կանգնած։ Օրինակ՝ Հեսուն պետք է պատերազմեր քանանացիների դեմ, որոնք չափազանց չար էին c (2 Օրենք 9։5; 20։17, 18)։ Նաև քանանացիները իսրայելացիներին գերազանցում էին թվով և նրանցից ավելի լավ էին զինված (Հեսու 9։1, 2; 17։18)։ Սակայն Հեսուն խիզախորեն հետևեց Եհովայի առաջնորդությանը։ Ու քանի որ Աստված Հեսուի հետ էր, իսրայելացիները ընդամենը 6 տարում ջախջախեցին իրենց թշնամիների մեծ մասին (Հեսու 21։43, 44)։
a «Եհովա» անունը Աստծու եբրայերեն անձնանվան հայերեն տառադարձված ձևն է, որը կազմված է չորս տառերից՝ יהוה (ՅՀՎՀ)։ «Արարատ» թարգմանության մեջ այս անունը փոխարինված է «Տեր» տիտղոսով։ Որպեսզի ավելի շատ բան իմանաք Աստծու մասին, և թե ինչու է աստվածաշնչյան որոշ թարգմանություններում բացակայում «Եհովա» անունը, տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
b Հեսուի ժամանակներում առկա ներշնչված գրությունները, որոնք մեզ էլ են հասանելի այսօր, ներառում էին Մովսեսի կողմից գրված հինգ գրքերը («Ծննդոց», «Ելք», «Ղևտական», «Թվեր» և «Երկրորդ Օրենք»), «Հոբ» գիրքը և մեկ-երկու սաղմոսներ։
c Իմանալու համար, թե ինչու էր պետք պատերազմել նրանց դեմ, տես «Ինչո՞ւ էր Եհովան պատերազմում քանանացիների դեմ» հոդվածը («Դիտարան», 2010 թ. հունվարի 1)։