ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես 1։1. «Սկզբում էր Խոսքը»
«Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը աստված էր» (Հովհաննես 1։1, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Սկզբումն էր Բանը. եւ Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր» (Հովհաննես 1։1, «Արարատ» թարգմանություն)։
Հովհաննես 1։1-ի նշանակությունը
Այս համարը մանրամասներ է հայտնում Հիսուս Քրիստոսի մինչմարդկային կյանքի վերաբերյալ (Հովհաննես 1։14–17)։ Առաջին գլխի 14-րդ համարում «Խոսքը», կամ՝ «Լոգոսը» (հունարեն՝ հո լոգոս) գործածված է որպես տիտղոս։ Ըստ ամենայնի, «Խոսքը» տիտղոսը նկարագրում է Հիսուսի դերը Աստծու պատվերներն ու հրահանգները ուրիշներին փոխանցելու գործում։ Հիսուսը Աստծու խոսքը շարունակում էր հայտնի դարձնել մարդկանց թե՛ երկրի վրա իր ծառայության ժամանակ և թե՛ երկինք համբարձվելուց հետո (Հովհաննես 7։16; Հայտնություն 1։1)։
«Սկզբում» բառը վերաբերում է այն ժամանակին, երբ Աստված սկսեց իր ստեղծագործական աշխատանքը և ստեղծեց «Խոսքին»։ Դրանից հետո «Խոսքը» սկսեց մասնակցել ստեղծագործական բոլոր աշխատանքներին (Հովհաննես 1։2, 3)։ Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է, և որ «ամենը ստեղծվեցին նրա միջոցով» (Կողոսացիներ 1։15, 16)։
«Խոսքը աստված էր» արտահայտությունը մատնանշում է նախքան երկիր գալը Հիսուսի աստվածային կամ աստվածանման էակ լինելը։ Նրան կարելի է այսպես նկարագրել, քանի որ նա Աստծու խոսնակն է և նրա առաջնեկ Որդին, որի միջոցով Աստված ստեղծեց բոլոր բաները։
Հովհաննես 1։1-ի համատեքստը
«Հովհաննեսի Ավետարանը» Հիսուսի երկրային կյանքի և ծառայության մասին արձանագրություն է։ Այդ գրքի առաջին գլխի բացման խոսքերում ներկայացվում է նրա մինչմարդկային գոյությունը, նրա առանձնահատուկ փոխհարաբերությունները Աստծու հետ և մարդկանց առնչությամբ Աստծու նպատակի մեջ ունեցած նրա կարևոր դերը (Հովհաննես 1։1–18)։ Այս մանրամասն տեղեկությունները օգնում են մեզ հասկանալ երկրի վրա եղած ժամանակ Հիսուսի ասած խոսքերն ու նրա կատարած գործերը (Հովհաննես 3։16; 6։38; 12։49, 50; 14։28; 17։5)։
Սխալ կարծիքներ Հովհաննես 1։1-ի վերաբերյալ
Սխալ կարծիք: Հովհաննես 1։1-ի վերջին արտահայտությունը պետք է թարգմանվի այսպես՝ «Խոսքը Աստված էր»։
Փաստ: Թեև աստվածաշնչյան շատ թարգմանություններ այսպես են փոխանցում այս միտքը, սակայն որոշ այլ թարգմանություններ հարկ են համարել այն ուրիշ կերպ թարգմանելու։ Հովհաննես 1։1-ի բնագրային տեքստում գրված երկու «Աստված» բառերը՝ հունարեն թեոս, քերականորեն տարբեր են։ Համարում գրված առաջին «Աստված» բառից առաջ դրված է հունարեն որոշիչ հոդ, իսկ երկրորդ դեպքում հոդ չկա։ Շատ աստվածաշնչագետներ համակարծիք են, որ երկրորդ թեոս-ից առաջ որոշիչ հոդի բացակայությունը կարևոր նշանակություն ունի։ Օրինակ՝ մի թարգմանության մեջ որոշիչ հոդի բացակայության վերաբերյալ հետևյալն է ասվում. «Իրականում այս կառույցում հոդի բացակայությունը թեոս (Աստված) բառին տալիս է որակական նշանակություն և փոխանցում է այն միտքը, որ «Խոսքը աստվածային էր» (The Translator’s New Testament, էջ 451)։ Այս տարբերությունը ընդգծում են նաև այլ աստվածաշնչագետներ a և աստվածաշնչյան թարգմանություններ։
Սխալ կարծիք: Այս համարը ցույց է տալիս, որ «Խոսքը» նույն ամենակարող Աստվածն է։
Փաստ: «Խոսքը Աստծու հետ էր» արտահայտությունը ցույց է տալիս, որ համարում խոսվում է երկու տարբեր անձնավորությունների մասին։ Հնարավոր չէ, որ «Խոսքը» լիներ «Աստծու հետ» և միևնույն ժամանակ նույն Ամենակարող Աստվածը լիներ։ Համատեքստը նույնպես հաստատում է, որ «Խոսքը» ամենակարող Աստված չէ։ Հովհաննես 1։18-ում ասվում է. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն»։ Բայց մարդիկ տեսել էին «Խոսքին»՝ Հիսուսին, քանի որ Հովհաննես 1։14-ում գրված է. «Խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և մենք նրա փառքը տեսանք»։
Սխալ կարծիք: «Խոսքը» միշտ գոյություն է ունեցել։
Փաստ: Այս համարում գործածված «սկզբում» բառը չի կարող նշանակել Աստծու «սկիզբը», քանի որ Աստված սկիզբ չունի։ Եհովա b Աստված «հավիտենից մինչև հավիտյան» է (Սաղմոս 90։1, 2)։ Սակայն «Խոսքը»՝ Հիսուսը, սկիզբ է ունեցել։ Նա է «Աստծու ստեղծագործության սկիզբը» (Հայտնություն 3։14)։
Սխալ կարծիք: «Խոսքին» «աստված» անվանելը թիկունք է կանգնում բազմաստվածության դավանանքին։
Փաստ: Հունարեն թեոս բառը «Աստված» կամ «աստված» թարգմանվող եբրայերեն էլ և էլոհիմ բառերի հիմնական համարժեքն է, որոնք հանդիպում ենք Հին Կտակարանում։ Եբրայերեն այդ բառերը գլխավորապես նշանակում են «Զորեղ մեկը», «Հզոր մեկը» և գործածվում են ամենակարող Աստծու, այլ աստվածների և մարդկանց առնչությամբ (Սաղմոս 82։6; Հովհաննես 10։34)։ Քանի որ Աստված «Խոսքի» միջոցով ստեղծեց բոլոր բաները, ուստի, անկասկած, «Խոսքին» կարելի է անվանել «հզոր մեկը» (Հովհաննես 1։3)։ «Խոսքին» «աստված» կամ «զորեղ մեկը» անվանելը ներդաշնակ է Եսայիա 9։6-ի մարգարեությանը, որում կանխագուշակվել է, որ Մեսիան կկոչվի «Հզոր Աստված» (եբրայերեն՝ Էլ Գիբբոր) և ոչ թե «Ամենակարող Աստված» (Էլ Շադդայ, ինչպես որ Ծննդոց 17։1; 35։11; Ելք 6։3; Եզեկիել 10։5 համարներում է)։
Աստվածաշունչը թիկունք չի կանգնում բազմաստվածության գաղափարին։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10)։ Աստվածաշնչում ասվում է. «Թեպետև կան այնպիսիներ, որ «աստվածներ» են կոչվում թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ինչպես որ կան շատ «աստվածներ» և շատ «տերեր», բայց մեզ համար կա մեկ Աստված՝ Հայրը, որից են բոլոր բաները, և մենք էլ նրա համար. և կա մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով են բոլոր բաները, և մենք էլ՝ նրա միջոցով» (1 Կորնթացիներ 8։5, 6)։
a Աստվածաշնչագետ Դեյվիդ Ջեյսոն Բեդուն նշում է, որ որոշիչ հոդի բացակայության պատճառով այս համարում հանդիպող երկու «Աստված» բառերը «այնքան են տարբերվում, որքան անգլերենում «Աստված» և «աստված» բառերը։ Հովհաննես 1։1-ում «Խոսքը» ոչ թե միակ ճշմարիտ Աստվածն է, այլ աստված է կամ աստվածային» (Truth in Translation: Accuracy and Bias in English Translations of the New Testament, էջ 115, 122, և 123)։
b Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83:18)։