ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես 15։13. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի»
«Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Հովհաննես 15։13, «Արարատ» թարգմանություն)։
Հովհաննես 15։13-ի նշանակությունը
Հիսուսն օգնեց իր հետևորդներին հասկանալ, որ իրենց սերը այնքան ուժգին պետք է լինի, որ պատրաստ լինեն մահանալ միմյանց համար։
Այս խոսքերից առաջ Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Սա է իմ պատվիրանը. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15։12)։ Ինչպիսի՞ սեր էր Հիսուսը տածում նրանց հանդեպ։ Դա անեսասեր և անձնազոհ սեր էր։ Իր երկրային ծառայության ժամանակ նա իր հետևորդների կարիքները սեփական շահերից վեր էր դասում։ Նա բուժում էր մարդկանց և սովորեցնում էր Աստծու Թագավորության մասին։ a Ուրիշներին օգնելու համար նա նույնիսկ ցածրակարգ գործեր էր անում (Մատթեոս 9։35; Ղուկաս 22։27; Հովհաննես 13։3-5)։ Սակայն Հովհաննես 15։13-ում Հիսուսը խոսեց սիրո ավելի մեծ դրսևորման մասին։ Այդ խոսքերը ասելուց ընդամենը մի քանի ժամ հետո նա փաստեց այդ սերը, երբ «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28; 22։39)։ Այդպես նա արտառոց կերպով ցույց տվեց, որ ուրիշներին ավելի շատ է սիրում, քան իրեն։
Հիսուսը սիրում է մարդկանց, բայց սիրում է հատկապես նրանց, ովքեր հետևում են իր սովորեցրածներին։ Նա իր աշակերտներին իր մտերիմ ընկերներն էր համարում, քանի որ նրանք հետևում էին նրա պատվերներին և փորձությունների ժամանակ նրա կողքին էին (Ղուկաս 22։28; Հովհաննես 15։14, 15)։ Ուստի նա է՛լ ավելի մեծ դրդապատճառ ուներ, որ իր կյանքը զոհեր նրանց համար։
Առաջին դարի քրիստոնյաները վարվում էին Հիսուսի խոսքերի համաձայն ու պատրաստ էին մահանալ միմյանց համար (1 Հովհաննես 3։16)։ Անձնազոհ սերը՝ այն սերը, որ Հիսուսը դրսևորեց, այդուհետ դառնալու էր ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը (Հովհաննես 13։34, 35)։
Հովհաննես 15։13-ի համատեքստը
Հովհաննեսի Ավետարանի 13-ից 17-րդ գլուխներում արձանագրված են Հիսուսի վերջին խոսքերը՝ ուղղված 11 հավատարիմ առաքյալներին, ինչպես նաև նրանց ներկայությամբ իր մատուցած վերջին աղոթքը։ Մի քանի ժամ անց նրան սպանեցին։ 15-րդ գլխում Հիսուսը բացատրեց իր աշակերտներին, որ եթե ուզում են փաստել՝ իր հետևորդներն են, պետք է իր հետ միության մեջ լինեն։ Ուստի նա նրանց համեմատեց որթատունկի ճյուղերի հետ ու խրախուսեց «շատ պտուղ բերել» (Հովհաննես 15։1-5, 8)։ Դա անելու կերպերից մեկը ուրիշների հանդեպ անձնվեր սեր դրսևորելն է, որը ներառում է քարոզելը այն լուրը, որը Հիսուսը քարոզեց՝ «Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկաս 4։43; Հովհաննես 15։10, 17)։
Դիտիր «Հովհաննես» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստծու Թագավորությունը կառավարություն է, որը գտնվում է երկնքում և հաստատվել է Աստծու կողմից, որպեսզի իրագործի նրա նպատակը երկրի առնչությամբ (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Ավելի շատ տեղեկություններ իմանալու համար տես «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» հոդվածը։