ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հռոմեացիներ 12։12. «Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք»
«Հույսով ուրախացեք։ Նեղությունների մեջ տոկացեք։ Աղոթքում հարատևեք» (Հռոմեացիներ 12։12, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք» (Հռոմեացիներ 12։12, «Արարատ» թարգմանություն)։
Հռոմեացիներ 12։12-ի նշանակությունը
Այս համարում Պողոս առաքյալը Հռոմի քրիստոնյաներին հորդորեց երեք բան անել հալածանքների և դժվարությունների ներքո հավատարիմ մնալու համար։
«Հույսով ուրախացեք»։ Քրիստոնյաները հավիտենական կյանքի սքանչելի հույս ունեն։ Նրանցից ոմանք ապրելու են երկնքում, իսկ շատերը՝ դրախտ-երկրում (Սաղմոս 37։29; Հովհաննես 3։16; Հայտնություն 14։1-4; 21։3, 4)։ Այս հույսը վստահեցնում է, որ Աստծու Թագավորությունը a լուծելու է մարդկությանը տառապանք պատճառող բոլոր խնդիրները (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Աստծու ծառաները կարող են ուրախ լինել նույնիսկ դժվարությունների ներքո, քանի որ նրանք համոզված են, որ իրենց հույսը հաստատ է, և որ իրենց տոկունության շնորհիվ արժանանալու են Աստծու հավանությանը (Մատթեոս 5։11, 12; Հռոմեացիներ 5։3-5)։
«Նեղությունների մեջ տոկացեք»։ Աստվածաշնչում «տոկալ» թարգմանված հունարեն բայը հաճախ նշանակում է «փախչելու փոխարեն կանգնած մնալ, համառ ու հաստատուն լինել»։ Քրիստոսի հետևորդները «աշխարհի մի մասը չեն», b ուստի նրանք գիտեն, որ հալածվելու են և տոկունության կարիք են ունենալու (Հովհաննես 15։18-20; 2 Տիմոթեոս 3։12)։ Երբ քրիստոնյան փորձություններին դիմանալով հավատարմորեն ծառայում է Աստծուն, կարող է վստահ լինել, որ Աստված անկասկած կօրհնի իրեն (Մատթեոս 24:13)։ Իսկ դա էլ իր հերթին կմղի նրան դժվարությունների ներքո համբերություն դրսևորել և ուրախ մնալ (Կողոսացիներ 1:11)։
«Աղոթքում հարատևեք»։ Աստծուն հավատարիմ մնալու համար քրիստոնյաները պետք է շարունակեն աղոթել (Ղուկաս 11։9; 18։1)։ Նրանք կյանքի բոլոր ոլորտներում Աստծու առաջնորդությունն են փնտրում (Կողոսացիներ 4։2; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Նրանք համոզված են, որ Աստված կպատասխանի իրենց աղոթքներին, քանի որ հնազանդվում են նրա պատվիրաններին և իրենց լավագույնն են անում նրան հաճեցնելու համար (1 Հովհաննես 3։22; 5։14)։ Բացի այդ՝ գիտեն, որ եթե հարատևեն աղոթքում, Աստված կտա անհրաժեշտ զորությունը, որ անկախ իրենց փորձություններից՝ հավատարիմ մնան (Փիլիպպեցիներ 4:13)։
Հռոմեացիներ 12։12-ի համատեքստը
Պողոսն իր նամակը գրեց Հռոմում ապրող քրիստոնյաներին մոտ մ. թ. 56 թ.-ին։ Այս նամակի 12-րդ գլխում նա գործնական խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես դրսևորել քրիստոնեական հատկություններ, ինչպես վերաբերվել հավատակիցներին և ուրիշներին, և ինչպես արձագանքել հալածանքներին (Հռոմեացիներ 12։9-21)։ Սա տեղին խորհուրդ էր Հռոմի քրիստոնյաների համար, քանի որ շուտով նրանք բախվելու էին դաժան հակառակության։
Մի քանի տարի անց՝ մ. թ. 64 թ.-ին, խոշոր հրդեհը ոչնչացրեց Հռոմ քաղաքը։ Լուր տարածվեց, թե դրա հետևում Ներոն կայսրն է կանգնած։ Ըստ հռոմեացի պատմիչ Տակիտոսի՝ Ներոնը, փորձելով պաշտպանել իրեն, մեղադրեց քրիստոնյաներին։ Ակներևաբար, դա քրիստոնյաների դեմ հալածանքի մեծ ալիք բարձրացրեց։ Հալածանքների ներքո տոկալու Պողոսի խորհուրդը օգնեց նրանց հավատարիմ մնալ և արժանապատվորեն դիմանալ այդ փորձությանը (1 Թեսաղոնիկեցիներ 5։15; 1 Պետրոս 3։9)։ Մեր օրերում ապրող Աստծու ծառաները շատ բան կարող են սովորել նրանց օրինակից։
Դիտիր «Հռոմեացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որը Աստված հաստատել է՝ երկրի վրա իր կամքը կատարելու նպատակով։ Ավելին իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» հոդվածը։
b Աստվածաշնչում «աշխարհ» բառը կարող է վերաբերել Աստծուց օտարացած հասարակությանը։