ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հռոմեացիներ 6։23. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք»
«Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիներ 6։23, «Արարատ» թարգմանություն)։
Հռոմեացիներ 6։23-ի նշանակությունը
Այս խոսքերով Պողոս առաքյալը բացատրում է, որ մարդիկ մահանում են անկատար ու մեղավոր լինելու պատճառով։ Սակայն Աստված իր հավատարիմ ծառաներին հիասքանչ հեռանկար է խոստանում՝ հավիտենական կյանքի պարգևը։
«Մեղքի տված վարձը մահն է»։ Բոլոր մարդիկ անկատար են ծնվում, ուստի մեղք գործելու հակում ունեն a (Սաղմոս 51։5; Ժողովող 7։20)։ Քանի որ նրանք ի ծնե մեղքի կապանքներում են, անխուսափելիորեն ծերանում են ու մահանում (Հռոմեացիներ 5։12)։
Այս միտքն ընդգծելու համար Պողոսը մեղքը համեմատում է վարձ տվող գործատիրոջ հետ։ Ճիշտ ինչպես աշխատողը իր գործի դիմաց վարձատրություն է ակնկալում, այնպես էլ մարդիկ գիտակցում են, որ իրենց անկատարության պատճառով մահանալու են։
Այդուհանդերձ, Պողոսը նաև նշում է, որ այն անհատը, «ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7)։ Մահը մարդուն ազատում է անցյալում գործած բոլոր մեղքերից։ Ուստի պատճառ չունենք մտածելու, որ մահացածներն իրենց սխալների համար շարունակում են տանջվել ինչ-որ վայրում։ Իրականում Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ մահացածները ո՛չ կարող են մտածել, ո՛չ գործել, ո՛չ էլ ինչ-որ բան զգալ (Ժողովող 9։5)։
«Բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Ի տարբերություն մեղքի տված «վարձի»՝ Աստված հավիտենական կյանքի պարգև է առաջարկում։ Բնագրում «պարգև» բառը կարող է նշանակել նաև «անարժան պարգև» կամ «սքանչելի պարգև»։ Այն մատնանշում է մի բան, որը չեն վաստակել։ Ոչ մի անկատար անհատ իր ուժերով չի կարող փրկության և հավիտենական կյանքի արժանանալ (Սաղմոս 49։7, 8)։ Այնուամենայնիվ, Աստված առատաձեռնորեն տալիս է հավիտենական կյանքի անգին պարգևը նրանց, ովքեր հավատ են դրսևորում Հիսուսի հանդեպ (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։15, 18)։
Հռոմեացիներ 6։23-ի համատեքստը
Պողոսը քրիստոնյաներին ուղղված այս նամակը գրել է մ. թ. մոտ 56 թ.-ին։ Այդ քրիստոնյաներից ոմանք կարծես թե սխալ պատկերացում ունեին Աստծու ողորմածության մասին։ Հունական փիլիսոփայության ազդեցության տակ՝ նրանք գուցե մտածում էին, որ ինչքան շատ մեղք գործեն, այդքան ավելի շատ կօգտվեն Աստծու ներողամտությունից (Հռոմեացիներ 6։1)։ Մյուսներն էլ թերևս պնդում էին, որ հաշվետու չեն իրենց սխալների համար, քանի որ այլևս Մովսիսական օրենքի տակ չեն (Հռոմեացիներ 6։15)։ Իր նամակում Պողոսը շեշտում է, որ քրիստոնյաները չեն կարող օգտվել Աստծու ողորմածությունից, եթե թույլ տան, որ մեղքն իշխի իրենց կյանքի վրա (Հռոմեացիներ 6։12-14, 16)։
Պողոսի խոսքերը հավաստիացնում են Աստծու ծառաներին, որ թեպետ նրանք մեղքի մեջ են ծնվել, միևնույն է հույս ունեն։ Աստված խոստանում է, որ եթե նրանք հնազանդվեն իր սահմանած բարոյական չափանիշներին և չտրվեն մեղսածին ցանկություններին, հավիտենական կյանք կստանան (Հռոմեացիներ 6։22)։
Դիտիր «Հռոմեացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստվածաշնչում «մեղք» բառը մատնանշում է ցանկացած գործողություն կամ վարք, որը չի համապատասխանում Աստծու չափանիշներին (1 Հովհաննես 3։4)։ Տես «Ի՞նչ է մեղքը» հոդվածը։