ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Ղուկաս 2։14. «Խաղաղությո՜ւն երկրի վրա [Աստծու] բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»
«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղուկաս 2։14, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2։14, «Արարատ» թարգմանություն)։
Ղուկաս 2։14-ի նշանակությունը
Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների հայտնած այս փառաբանական խոսքերը փաստում են, որ նրանք, ովքեր հավատ են դրսևորում Հիսուսի հանդեպ, կարող են ունենալ Աստծու բարեհաճությունը և խաղաղություն վայելել։
«Փա՜ռք Աստծուն բարձունքներում»։ Այս խոսքերով հրեշտակներն ընդգծեցին, որ Աստված արժանի է ստանալու ողջ փառքը։ Այս արտահայտությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հիսուսի ծնունդը և երկրային ծառայությունը մեծ փառք էր բերելու Եհովա a Աստծուն։ Օրինակ՝ Հիսուսը միշտ իր սովորեցրածների համար փառքը Աստծուն էր ուղղում։ Մի առիթով նա ասաց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7։16-18)։ Երբ Հիսուսը հրաշքներ էր գործում, հաճախ ականատեսները սկսում էին «փառաբանել Աստծուն» (Ղուկաս 5։18, 24-26; Հովհաննես 5։19)։ Անգամ Հիսուսի մահը փառավորեց Աստծուն։ Այն ճանապարհ հարթեց, որ Աստված իրագործի իր նպատակը՝ լցնի երկիրը արդար ու խաղաղասեր մարդկանցով (Ծննդոց 1։28)։
«Խաղաղությո՜ւն երկրի վրա»։ Այս խաղաղությունը ավելին է, քան պարզապես պատերազմների բացակայությունը։ Այն ներառում է մի այնպիսի ներքին հանգստություն, որը հնարավոր է միայն, երբ անհատն ունի Եհովայի հավանությունը։ Հիսուսի շնորհիվ մարդիկ կարող են Աստծու հետ նման խաղաղ փոխհարաբերություններ ունենալ (Հակոբոս 4։8)։ Որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ Հիսուսը լիարժեք ու հարատև խաղաղություն կհաստատի ամբողջ երկրի վրա (Սաղմոս 37։11; Ղուկաս 1։32, 33)։
«Նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»։ Այս արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն Աստծու բարեհաճությունը՝ հավանությունը, քանի որ անկեղծորեն հավատ են դրսևորում նրա ու Հիսուսի հանդեպ, ում նա ուղարկել է։ Այն չի նշանակում, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց հատկություններից ու վարքից, ունեն Աստծու բարեհաճությունը, ոչ էլ մատնանշում է մարդկանց ցուցաբերած բարեհաճությունը։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում, ինչպիսին է «Արարատ» թարգմանությունը, այս միտքն այսպես է ձևակերպված՝ «մարդկանց մէջ հաճութիւն»։ Սակայն հին ու վստահելի հունարեն ձեռագրերը փոխանցում են այն նույն միտքը, որն արտացոլված է «Նոր աշխարհ թարգմանության» և ժամանակակից մի շարք այլ թարգմանությունների մեջ. խաղաղություն Աստծու հավանությունն ունեցող մարդկանց մեջ։
Ղուկաս 2։14-ի համատեքստը
Ղուկաս 2-րդ գլխում նկարագրվում են երկրի վրա Հիսուսի մարդկային կյանքի վաղ տարիները։ Նրա ծնունդից կարճ ժամանակ անց մի հրեշտակ հայտնվեց մի խումբ հովիվների, ովքեր «դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» b (Ղուկաս 2։4-8)։ Հրեշտակը «մեծ ուրախություն» ավետեց հովիվներին՝ ասելով. «Դավթի քաղաքում այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը» (Ղուկաս 2։9-11)։ Հովիվներին ասվեց, թե որտեղ կարող են գտնել նորածնին, ու նրանք տեսան հրեշտակների մի բազմություն, որը գովաբանում էր Աստծուն։ Հասնելով Բեթլեհեմ՝ նրանք գտան Մարիամին ու Հովսեփին՝ նորածին Հիսուսի հետ միասին (Ղուկաս 2։12-16)։ Հովիվները պատմեցին իրենց հետ պատահած ապշեցուցիչ դեպքի մասին ու վերադարձան հոտերի մոտ՝ «փառավորելով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ որ լսեցին ու տեսան» (Ղուկաս 2։17-20)։
Դիտիր «Ղուկաս» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
b Այն փաստը, որ հովիվները գիշերը դրսում էին անցկացնում, մատնանշում է, որ այս դեպքերը տեղի չեն ունեցել ձմռանը։ Ավելին իմանալու համար ընթերցիր «Ե՞րբ է ծնվել Հիսուսը» հոդվածը։