Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 6:33. «Առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը»

Մատթեոս 6:33. «Առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը»

 «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթեոս 6։33, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Բայց առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը եւ անոր արդարութիւնը ու այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրուին» (Մատթեոս 6։33, «Արևմտահայերեն Աստվածաշունչ»)։

Մատթեոս 6։33-ի նշանակությունը

 Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որը հաստատելու է Աստծու կամքը երկրի վրա (Մատթեոս 6։9, 10)։ Անհատը ցույց կտա, որ նախ Թագավորությունն է փնտրում, եթե այն իր կյանքում ամենակարևոր բանը դարձնի։ a Դա նշանակում է, որ նա ոչ միայն կձգտի սովորել այդ Թագավորության մասին, այլև ուրիշներին կպատմի, թե ինչ լավ բաներ է իրականացնելու այն (Մատթեոս 24։14)։ Նա նաև կաղոթի այդ Թագավորության գալստի համար (Ղուկաս 11։2

 Աստծու արդարությունը ներառում է ճշտի և սխալի վերաբերյալ Նրա հաստատած չափանիշները (Սաղմոս 119։172)։ Հետևաբար անհատը ցույց կտա, որ փնտրում է Աստծու արդարությունը, երբ ապրի Աստծու հաստատած բարոյական չափանիշներով, որոնք մեր բարօրության համար են (Եսայիա 48։17

 «Այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» արտահայտությամբ Աստված խոստանում է հոգ տանել բոլոր այն մարդկանց համար, որոնք Թագավորությունը և նրա չափանիշները իրենց կյանքում առաջնային են դարձնում (Մատթեոս 6։31, 32

Մատթեոս 6։33-ի համատեքստը

 Հիսուսն այս խոսքերն ասաց հանրահայտ Լեռան քարոզում, որն արձանագրված է Մատթեոս 5–7-րդ գլուխներում։ Անկասկած, Հիսուսի ունկնդիրներից շատերն աղքատ էին։ Նրանք գուցե մտածում էին, որ հիմնականում պետք է կենտրոնանային իրենց ընտանիքի կարիքները բավարարելու վրա, ինչի պատճառով Թագավորությունը փնտրելու ժամանակ գրեթե չէր մնա։ Սակայն Հիսուսը նրանց հորդորեց ուշադրություն դարձնել, թե ինչպես է Աստված հոգ տանում բույսերին և կենդանիներին։ Աստված խոստանում է նույնն անել բոլոր այն մարդկանց, որոնք նախ Թագավորությունն են փնտրում (Մատթեոս 6։25–30

Սխալ կարծիքներ Մատթեոս 6։33-ի վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Այն մարդը, որը նախ Թագավորությունն է փնտրում, կհարստանա։

 Փաստ։ Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր Թագավորությունը առաջին տեղում են դնում կյանքում, կունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է, օրինակ՝ սնունդ և հագուստ (Մատթեոս 6։25, 31, 32)։ Սակայն նա չի խոստացել ճոխ կյանք և չի ասել, թե Աստծու օրհնությունը նյութական հարստության մեջ է։ Ընդհակառակը՝ Հիսուսը զգուշացրեց իր ունկնդիրներին, որ հարստությունը կարող է թույլ չտալ, որ անհատը Թագավորությունը առաջնային դարձնի իր կյանքում (Մատթեոս 6։19, 20, 24)։ Օրինակ՝ Պողոս առաքյալը ամեն ինչ անում էր հանուն Աստծու Թագավորության, սակայն նյութապես ապահովված չէր։ Հիսուսի պես նա էլ զգուշացրեց հարստանալու վտանգների մասին (Փիլիպպեցիներ 4։11, 12; 1 Տիմոթեոս 6։6–10

 Սխալ կարծիք։ Կարիք չկա, որ քրիստոնյաները աշխատեն իրենց ապրուստը հոգալու համար։

 Փաստ։ Աստվածաշնչում ասվում է, որ քրիստոնյաները պետք է աշխատեն իրենց և իրենց ընտանիքի կարիքները բավարարելու համար (1 Թեսաղոնիկեցիներ 4։11, 12; 2 Թեսաղոնիկեցիներ 3։10; 1 Տիմոթեոս 5։8)։ Հիսուսը իր հետևորդներին ասաց ոչ թե միայն Թագավորությունը փնտրել, այլ նախ Թագավորությունը փնտրել։

 Նրանք, ովքեր Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում են դնում և աշխատում են իրենց ապրուստը հոգալու համար, կարող են վստահ լինել, որ Աստված նրանց կտա կյանքի համար անհրաժեշտ բոլոր բաները (1 Տիմոթեոս 6։17–19

a «Շարունակեք.... փնտրել». այս արտահայտությամբ թարգմանված հունարեն բայաձևը ցույց է տալիս շարունակական գործողություն և կարող է թարգմանվել «շարունակաբար փնտրեք»։ Հետևաբար քրիստոնյայի կյանքում Թագավորությունը պետք է ոչ թե կարճ կամ ժամանակավոր հետաքրքրություն լինի, այլ առաջնային տեղ զբաղեցնի։