Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 6:34. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին»

Մատթեոս 6:34. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին»

 «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։34, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. օրուայ համար բաւական է իր նեղութիւնը» (Մատթեոս 6։34, «Արարատ» թարգմանություն)։

Մատթեոս 6:34-ի նշանակությունը

 Հիսուսը, այս խոսքերն ասելով, իրեն լսողներին վստահեցրեց, որ կարիք չկա անհանգստանալու կամ անհարկի մտահոգվելու ապագա խնդիրների համար։ Փոխարենը նրանք պետք է լուծեին միայն տվյալ օրվա խնդիրները։

 Հիսուսը նկատի չուներ, թե վաղվա մասին մտածելը կամ ապագայի համար ծրագրեր կազմելը սխալ է (Առակներ 21:5)։ Փոխարենը նա ուզում էր օգնել մեզ, որ չափից շատ չմտահոգվենք և չանհանգստանանք, թե ինչ կարող է պատահել վաղը։ Այդպիսի մտահոգությունը կարող է զրկել մեզ ուրախությունից և շեղել մեր գործերից։ Այսօր մտահոգվելով՝ մենք չենք լուծի մեր վաղվա խնդիրները։ Շատ հաճախ այն, ինչի մասին մտահոգվել ենք, այդպես էլ տեղի չի ունենում կամ էլ մեր մտածածի աստիճան վատ չի լինում։

Մատթեոս 6:34-ի համատեքստը

 Հիսուսն այս խոսքերն ասաց իր հայտնի Լեռան քարոզում, որոնք ամփոփված են «Մատթեոս» գրքի 5–7 գլուխներում։ Իր քարոզում Հիսուսը բացատրեց, որ անհարկի մտահոգությունը ո՛չ կբարելավի, ո՛չ էլ կերկարացնի մեր կյանքը (Մատթեոս 6:27)։ Նա նաև ասաց, որ եթե մեր կյանքում Աստծուն առաջին տեղում դնենք, կարիք չի լինի շատ անհանգստանալ վաղվա մասին։ Եթե Աստված հոգ է տանում բույսերի ու կենդանիների մասին, նա նաև հոգ կտանի նրանց մասին, ովքեր ծառայում են իրեն (Մատթեոս 6:25, 26, 28–33):

Կարդա Մատթեոս 6-րդ գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին։