ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Մարկոս 1:15. «Մոտեցել է Աստծու թագավորությունը»
«Նշանակված ժամանակը լրացել է, և մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք ու հավատացե՛ք բարի լուրին» (Մարկոս 1։15, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին» (Մարկոս 1։15, «Արարատ» թարգմանություն)։
Մարկոս 1:15-ի նշանակությունը
Հիսուս Քրիստոսն ասաց, որ Աստծու Թագավորությունը a մոտեցել է, քանի որ նա՝ որպես այդ Թագավորության ապագա Թագավոր, երկրի վրա էր։
Հիսուսը նկատի չուներ, թե Թագավորությունն արդեն սկսել էր իշխել։ Նա իր աշակերտներին էլ հետագայում ասաց, որ այն պետք է ապագայում հաստատվի (Գործեր 1։6, 7)։ Սակայն Մեսիան հենց այդ ժամանակ պետք է հայտնվեր։ Որպես ապագա Թագավոր՝ b նա պետք է հայտնվեր հենց այն տարում, որի մասին Աստվածաշունչը կանխագուշակել էր։ Այդ պատճառով Հիսուսն ասաց. «Նշանակված ժամանակը լրացել է», ինչն էլ Ավետարանը կամ Թագավորության մասին բարի լուրը քարոզելու ժամանակն էր (Ղուկաս 4։16–21, 43)։
Թագավորության մասին բարի լուրից օգուտներ քաղելու համար մարդիկ պետք է զղջային, այսինքն՝ ափսոսային նախկինում կատարած մեղքերի համար և ապրեին Աստծու հաստատած չափանիշներով։ Այն բոլոր մարդիկ, ովքեր զղջացին, ցույց տվեցին, որ հավատում են ապագա Թագավորության մասին բարի լուրին։
Մարկոս 1:15-ի համատեքստը
Հիսուսն այս խոսքերն ասաց, երբ նոր էր սկսել իր ծառայությունը Գալիլեայում։ Զուգահեռ համարում՝ Մատթեոս 4։17-ում, ասվում է, որ «դրանից հետո» Հիսուսը քարոզեց Աստծու Թագավորության մասին։ Թագավորությունը նրա ծառայության գլխավոր թեման էր։ Չորս Ավետարաններում c ավելի քան 100 անգամ ուղղակի կերպով հիշատակվում է Թագավորության մասին։ Այդ հիշատակումները հիմնականում Հիսուսն է անում։ Աստվածաշնչից տեսնում ենք, որ Հիսուսը ոչ մի թեմայի մասին այդքան շատ չի խոսել, որքան՝ Աստծու Թագավորության։
Կարդա Մարկոս 1-ին գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին։
a Աստծու Թագավորությունը կառավարություն է, որը գտնվում է երկնքում և հաստատվել է Աստծու կողմից, որպեսզի իրագործի նրա նպատակը երկրի առնչությամբ (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Ավելի շատ տեղեկություններ իմանալու համար տես «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» հոդվածը։
b Հիսուսը պետք է դառնար թագավոր, որպեսզի կատարեր իր դերը որպես կանխագուշակված Մեսիա՝ Աստծու հատուկ ներկայացուցիչ։ Ավելի շատ տեղեկություններ իմանալու համար, թե աստվածաշնչյան մարգարեությունները ինչպես են մատնանշում Հիսուսին՝ որպես Մեսիայի, կարող ես կարդալ «Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան» հոդվածը։
c Ավետարանները Քրիստոնեական Հունարեն Գրությունների առաջին չորս գրքերն են, որոնք հայտնի են որպես Նոր Կտակարան։ Դրանք պատմում են Հիսուսի կյանքի և ծառայության մասին։