ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Միքիա 6:8. «Խոնարհութիւնով քու Աստծոյդ հետ քալել»
«Նա ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին։ Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Միքիա 6։8, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Քեզի յայտնեց, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է աղէկը ու Տէրը քեզմէ ի՛նչ կը պահանջէ, բայց միայն իրաւունք ընել, ողորմութիւն սիրել ու խոնարհութիւնով քու Աստուծոյդ հետ քալել» (Միքիա 6։8, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
Միքիա 6:8-ի նշանակությունը
Միքիա մարգարեն ասում է, որ Եհովա a Աստծուն հաճեցնելը իրականում այնքան էլ դժվար չէ (1 Հովհաննես 5:3)։ Այն, ինչ Աստված պահանջում է մեզանից, ամփոփված է այս համարում արձանագրված երեք արտահայտություններում։ Առաջին երկուսը հիմնականում վերաբերում են անհատի՝ ուրիշների հետ ունեցած փոխհարաբերություններին, իսկ երրորդը՝ Աստծու հետ փոխհարաբերություններին։
«Արդարություն գործադրել»։ Աստված իր ծառաներից պահանջում է արդար լինել։ Դա նշանակում է մտածել ու գործել ճշտի և սխալի վերաբերյալ Աստծու հաստատած չափանիշների համաձայն (2 Օրենք 32։4)։ Օրինակ՝ Աստծու չափանիշներին հետևողները բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց ծագումից, ազգությունից և սոցիալական կարգավիճակից, ազնիվ են և անաչառ (Ղևտական 19։15; Եսայիա 1։17; Եբրայեցիներ 13։18)։
«Բարություն սիրել»։ Այս արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «սիրել նվիրված սերը» (Միքիա 6:8, ծանոթագրություն)։ Եբրայերեն բնագրային տեքստում «նվիրված» բառը ունի ոչ միայն հավատարիմ լինելու, այլև ուրիշի հանդեպ բարություն և ողորմություն դրսևորելու իմաստ։ Այն չի դրսևորվում որպես պարտավորություն։ Աստված իր ծառաներից, ովքեր ցանկանում են հաճեցնել իրեն, պահանջում է ոչ միայն դրսևորել բարություն և ողորմություն, այլև սիրել այս հատկությունները։ Դա նշանակում է, որ իրեն պաշտողները պետք է հաճույք ստանան ուրիշներին՝ հատկապես կարիքի մեջ եղողներին օգնելուց, քանի որ տալը ուրախություն է պատճառում (Գործեր 20:35)։
«Աստծու հետ համեստությամբ քայլել»։ Աստվածաշնչում «քայլել» բառը կարող է նաև ունենալ «որևէ գործի հետամուտ լինելու» իմաստ։ Աստծու հետ քայլող անհատը ապրում է Աստծուն հաճելի կյանքով, այլ կերպ ասած՝ հետևում է նրա հաստատած չափանիշներին։ Այդ հարցում մեզ համար լավ օրինակ է Նոյը։ Նա «ճշմարիտ Աստծու հետ քայլեց», քանի որ արդար էր Աստծու աչքին և «անարատ էր իր ժամանակակիցների մեջ» (Ծննդոց 6:9)։ Այսօր մենք քայլում ենք Աստծու հետ՝ ապրելով նրա Խոսքում՝ Աստվածաշնչում, արձանագրված չափանիշների համաձայն։ Իսկ դա նշանակում է համեստորեն ընդունել մեր ընդունակությունների սահմանափակ լինելը և բոլոր հարցերում Աստծուց կախում ունենալու փաստը (Հովհաննես 17։3; Գործեր 17։28; Հայտնություն 4։11)։
Միքիա 6:8-ի համատեքստը
Միքիան Իսրայելում մարգարե է եղել մ. թ. ա. 8-րդ դարում։ Նրա օրերում երկիրը լի էր կռապաշտությամբ, խաբեությամբ և բռնությամբ (Միքիա 1։7; 3։1–3, 9–11; 6։10–12)։ Իսրայելացիների մեծ մասն անտեսում էր Աստծու պահանջները, որոնք գրված էին Մովսեսի օրենքի գրքում, որը կոչվում է նաև Մովսիսական օրենք։ Շատերը սխալմամբ կարծում էին, թե պարզապես կրոնական ծեսեր ու զոհաբերություններ անելով՝ կարող են ձեռք բերել Աստծու հավանությունը (Առակներ 21։3; Օսեե 6։6; Միքիա 6։6, 7)։
Միքիայից հետո՝ դարեր անց, Հիսուսը հաստատեց այն միտքը, որ իր Հայրը հավանում է նրանց, ովքեր սեր, արդարություն և ողորմություն են դրսևորում, և չի հավանում նրանց, ովքեր ցուցադրաբար են նման գործեր անում (Մատթեոս 9։13; 22։37–39; 23։23)։ Հիսուսի խոսքերն օգնում են մեզ հասկանալ, թե Աստված ինչ է պահանջում իր ծառաներից այսօր։
«Միքիա» գրքի մասին ավելին իմանալու համար դիտիր այս կարճ տեսանյութը։
a «Եհովա» անունը Աստծու եբրայերեն անձնանվան հայերեն տառադարձված ձևն է, որը կազմված է չորս տառերից՝ יהוה (ՅՀՎՀ)։ Արևմտահայերեն Աստվածաշնչում այս անունը փոխարինված է «Տեր» տիտղոսով։ Եհովայի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու և իմանալու համար, թե ինչու որոշ աստվածաշնչյան թարգմանություններ չեն օգտագործում այդ անունը, կարդա «Ո՞վ է Եհովան» հոդվածը։