Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 23:4. «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ....»

Սաղմոս 23:4. «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ....»

 «Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը և քո ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։4, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։4, «Արարատ» թարգմանություն (Նոր))։

Սաղմոս 23։4-ի նշանակությունը a

 Աստված հոգ է տանում և պաշտպանում է իր երկրպագուներին, նույնիսկ երբ նրանք դժվարությունների մեջ են հայտնվում։ Այս համարում հովվի և գառների օրինակի միջոցով ցույց է տրվում, թե Աստված ինչպես է հոգում իր ծառաների մասին։ b Աստծու երկրպագուները իրենց միայնակ չեն զգում, անգամ երբ հայտնվում են այնպիսի ծանր հանգամանքներում, որոնք այս համարներում նկարագրվում են որպես թանձր խավար, կամ՝ մթություն և մահվան սպառնալիք։ Նրանք իրենց ապահով են զգում, ասես Աստված կանգնած է իրենց կողքին։

 Աստվածաշնչյան ժամանակներում հովիվները հոտին գիշատիչներից պաշտպանելու համար օգտագործում էին իրենց գավազանը: Ոչխարներին ուղղորդելու և վտանգից հեռու պահելու համար նրանք նաև օգտագործում էին իրենց ցուպը, որը ծայրին կեռիկ ունեցող սովորական երկար փայտ էր։ Նույն կերպով Եհովա Աստված սիրող Հովվի պես պաշտպանում և առաջնորդում է իր երկրպագուներին։ Անգամ նրանց կյանքի ամենամութ օրերին Աստված տարբեր կերպերով աջակցում է նրանց։

Սաղմոս 23։4-ի համատեքստը

 23-րդ սաղմոսը գրել է Դավիթը, որը պատանի տարիքում հովիվ է եղել, իսկ հետո դարձել է Իսրայելի թագավորը (1 Սամուել 17։34, 35; 2 Սամուել 7։8)։ Սաղմոսի սկզբում նա ասում է, որ Եհովան առաջնորդում, կերակրում ու թարմացնում է իր ծառաներին, ինչպես հովիվը՝ իր գառներին (Սաղմոս 23։1–3

 Սաղմոս 23:4-ում Աստծու պաշտպանության մասին խոսելիս Դավիթը երրորդ դեմքի դերանունից (նա) անցնում է երկրորդ դեմքի դերանվան (դու)։ Այս նրբությունն ընդգծում է Եհովայի հետ ունեցած նրա մտերմությունը։ Դավիթը համոզված էր, որ Աստված հոգ է տանում իր մասին և գիտի, թե ինչ փորձությունների միջով էր նա անցնում։ Այդ պատճառով նա ոչնչից չէր վախենում։

 23-րդ սաղմոսի 5-րդ և 6-րդ համարներում հովվի և գառան օրինակին հաջորդում է հյուրընկալի և հյուրի օրինակը։ Սրտաբաց հյուրընկալի պես՝ Եհովան Դավթին վերաբերվում է որպես պատվավոր հյուրի։ Նույնիսկ Դավթի թշնամիներն են անզոր խանգարելու Աստծուն, որ իր հոգատարությունը ցույց տա իր ծառայի հանդեպ։ Սաղմոսի եզրափակիչ խոսքերում Դավիթն իր համոզվածությունն է հայտնում, որ իր կյանքի մնացած բոլոր օրերում Աստված բարություն ու սեր կցուցաբերի իր հանդեպ։

 23-րդ սաղմոսում օգտագործված պատկերավոր արտահայտությունները վառ կերպով նկարագրում են, թե Եհովան ինչպիսի հոգատարություն է շարունակում ցուցաբերել իր ծառաների նկատմամբ (1 Պետրոս 2:25):

a Որոշ Աստվածաշնչերում այն 22-րդ սաղմոսն է։ Թեև ընդհանուր առմամբ 150 սաղմոս կա, որոշ Աստվածաշնչերում դրանք համարակալվում են ըստ եբրայերեն մասորեթական տեքստի, շատ Աստվածաշնչեր էլ հետևում են հունարեն «Յոթանասնիցի» համարակալմանը։ «Յոթանասնիցը» եբրայերեն Գրությունների թարգմանությունն է, որն ավարտին է հասցվել մ.թ.ա. երկրորդ դարում։

b Աստվածաշնչում Աստծու մասին, ում անունը Եհովա է, խոսվում է որպես բարի Հովվի, իսկ նրա երկրպագուների մասին՝ որպես նրա աջակցության և պաշտպանության տակ գտնվող գառների (Սաղմոս 100։3; Եսայիա 40։10, 11; Երեմիա 31։10; Եզեկիել 34։11–16