Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 37։4. «Տիրոջո՛վ ուրախացիր»

Սաղմոս 37։4. «Տիրոջո՛վ ուրախացիր»

 «Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ, և նա կկատարի քո սրտի խնդրանքները» (Սաղմոս 37։4, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղմոս 37։4, «Նոր Արարատ» թարգմանություն)։

Սաղմոս 37։4-ի նշանակությունը

 Սաղմոսերգուն հորդորում է Աստծու ծառաներին ուրախ լինել, քանի որ մտերիմ փոխհարաբերություններ են վայելում Նրա հետ։ Բոլոր նրանք, ովքեր Եհովայի a ընկերն են, կարող են համոզված լինել, որ նա կկատարի իրենց պատշաճ ցանկությունները։

 «Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ»։ Այս արտահայտությունը կարող է թարգմանվել նաև «մեծապես ուրախացիր Եհովայով», «անսահման ուրախություն գտիր՝ ծառայելով Տիրոջը» կամ «անսահման ուրախացիր Տիրոջ տված խոստումներով»։ Կարճ ասած՝ մենք պետք է անսահման ուրախ լինենք, քանի որ երկրպագում ենք ճշմարիտ Աստծուն (Սաղմոս 37։4)։ Իսկ ինչո՞ւ է դա նպաստում ուրախությանը։

 Նրանք, ովքեր պաշտում են Եհովային, հարցերին նայում են նրա տեսանկյունից, ինչպես որ գրված է Աստվածաշնչում։ Նրանք ոչ միայն ճանաչում են Աստծուն, այլև իմաստությամբ են վարվում՝ հնազանդվելով նրան։ Արդյունքում ունենում են մաքուր խիղճ և անմիտ որոշումներ չեն կայացնում (Առակներ 3։5, 6)։ Օրինակ՝ նրանք չեն բարկանում կամ նախանձով լցվում, երբ ագահ ու անազնիվ մարդիկ թվացյալ հաջողությունների են հասնում (Սաղմոս 37։1, 7-9)։ Աստծու ժողովուրդը երջանիկ է՝ իմանալով, որ շատ շուտով Աստված վերջ է դնելու անարդարությանը և վարձատրելու է իր հավատարիմ ծառաներին նրանց լավ վարքի համար (Սաղմոս 37։34)։ Նրանք նաև անսահման ուրախ են, որ ունեն իրենց երկնային Հոր հավանությունը (Սաղմոս 5։12; Առակներ 27։11

 «Նա կկատարի քո սրտի խնդրանքները»։ Այս արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «նա կպատասխանի քո աղոթքներին» կամ «կտա այն, ինչն ամենից շատն ես ուզում»։ Իհարկե, դա չի նշանակում, որ Եհովան կկատարի մեր ցանկացած քմահաճույք։ Հոգատար ծնողի պես՝ Եհովան գիտի, թե որն է լավագույնը իր երեխաների համար։ Ավելին՝ մեր խնդրանքները և ապրելակերպը պետք է համապատասխանեն նրա սկզբունքներին ու կամքին (Առակներ 28։9; Հակոբոս 4։3; 1 Հովհաննես 5։14)։ Եթե այդպես վարվենք, կարող ենք համոզված լինել, որ «աղոթքներ Լսողը» ականջ կդնի մեզ (Սաղմոս 65։2; Մատթեոս 21։22

Սաղմոս 37։4-ի համատեքստը

 Սաղմոս 37-ը գրել է հին Իսրայելի Դավիթ թագավորը։ Նա այս սաղմոսը գրել է այբբենական կառուցվածքով՝ ակրոստիքոսի ոճով։ b

 Դավիթը շատ անարդարությունների էր բախվել։ Նա ստիպված եղավ փախչել Սավուղ թագավորից և մյուսներից, ովքեր ցանկանում էին սպանել իրեն (2 Սամուել 22։1)։ Սակայն Դավիթը միշտ լիովին ապավինում էր իր Աստծուն։ Նա գիտեր, որ Եհովան ի վերջո պատժելու է չար մարդկանց (Սաղմոս 37։10, 11)։ Դավիթը վստահ էր, որ նույնիսկ եթե նրանք «կանաչ խոտի պես» ծաղկում են, ի վերջո չորանալու են (Սաղմոս 37։2, 20, 35, 36

 Սաղմոս 37-ը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենալու նրանց հետ, ովքեր հետևում են Աստծու չափանիշներին, և նրանց հետ, ովքեր արհամարհում են դրանք (Սաղմոս 37։16, 17, 21, 22, 27, 28)։ Ուստի այս սաղմոսն օգնում է մեզ իմաստություն ձեռք բերել և լինել այնպիսի անձնավորություն, որ ունենանք Աստծու հավանությունը։

 Դիտիր «Սաղմոսներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Հայերենում «Եհովան» Աստծու անվան տարածված թարգմանությունն է եբրայերենից։ Իմանալու համար, թե ինչու են Աստվածաշնչի շատ թարգմանիչներ Աստծու անվան փոխարեն օգտագործել «Տեր» տիտղոսը, տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։

b Այս ոճի շարադրանքներում առաջին տողը կամ տողերը սկսվում են եբրայերենի առաջին տառով, հաջորդը՝ երկրորդ տառով և այլն։ Այս կառուցվածքը թերևս օգնում էր հեշտությամբ հիշել սաղմոսը։