ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Սաղմոս 46։10. «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը»
«Հպատակվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված։ Ես կմեծարվեմ ազգերի մեջ և կմեծարվեմ երկրի վրա» (Սաղմոս 46։10, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա» (Սաղմոս 46։10, «Արարատ» թարգմանություն (Նոր))։
Սաղմոս 46։10-ի նշանակությունը
Աստված պատվիրում է բոլոր մարդկանց պաշտել իրեն և ընդունել, որ ինքը իրավունք ունի իշխելու երկրի վրա։ Նրա զորությունն ու հեղինակությունը անհերքելի են։ Բոլորը, ովքեր ուզում են հավիտյան ապրել, պետք է ընդունեն այդ փաստը (Հայտնություն 4։11)։
«Հպատակվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված»։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում «հպատակվել» բառի փոխարեն գրված է «հանդարտ մնալ», և դա թյուրիմացության պատճառ է դարձել։ Ոմանք մտածում են, որ ըստ այս համարի՝ եկեղեցում պետք է լուռ մնալ։ Սակայն եբրայերեն այս արտահայտությունը՝ «հպատակվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված», կոչ է Եհովա a Աստծու կողմից՝ ուղղված բոլոր ազգերի մարդկանց, որ դադարեն իրեն հակառակվելուց և ընդունեն, որ միայն ինքն է արժանի երկրպագության։
Նման հորդոր գտնում ենք նաև 2-րդ սաղմոսում։ Կարդում ենք, որ Աստված խոստանում է պատժել իրեն հակառակվողներին, իսկ նրանց, ովքեր ընդունում են իր հեղինակությունը, հորդորում է հուսալ իր առաջնորդությանը, իրենից ուժ և իմաստություն խնդրել։ Նրանք «ապաստան» են գտնում Աստծու մոտ, ինչի արդյունքում երջանիկ ու ապահով են լինում հատկապես դժվար ժամանակներում (Սաղմոս 2։9–12)։
«Ես կմեծարվեմ ազգերի մեջ և կմեծարվեմ երկրի վրա»։ Անցյալում Եհովա Աստված օգտագործել է իր անսահման ուժը իսրայելացիներին պաշտպանելու համար և այդպես մեծարվել է ազգերի մեջ (Ելք 15։1–3)։ Սակայն ապագայում, երբ բոլորը հնազանդվեն նրա իշխանությանը և երկրպագեն նրան, նա էլ ավելի կմեծարվի (Սաղմոս 86։9, 10; Եսայիա 2։11)։
Սաղմոս 46։10-ի համատեքստը
Մի աշխատություն 46-րդ սաղմոսը անվանում է «Աստծու՝ իր ժողովրդի հզոր պաշտպանի զորությունը գովաբանող օրհներգ»։ Այս սաղմոսը երգելիս Աստծու ժողովուրդը արտահայտում էր իր վստահությունը, որ Եհովան կարող է պաշտպանել և օգնել իրեն (Սաղմոս 46։1, 2)։ Այս խոսքերը հիշեցնում էին, որ Եհովան միշտ իր կողքին է (Սաղմոս 46։7, 11)։
Եհովա Աստծու պաշտպանիչ զորության հանդեպ համոզվածությունը ավելացնելու համար սաղմոսերգուն խրախուսում է խորհրդածել նրա զորավոր գործերի մասին (Սաղմոս 46։8)։ Մասնավորապես նա լսողների ուշադրությունը հրավիրում է պատերազմին վերջ դնելու Աստծու ունակության վրա (Սաղմոս 46։9)։ Եհովան որոշակի առումով վերջ է դրել պատերազմներին, երբ աստվածաշնչյան ժամանակներում իր ժողովրդին պաշտպանել է թշնամի ազգերից։ Սակայն Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված շուտով ողջ Երկրի մասշտաբով է պատերազմներին վերջ դնելու (Եսայիա 2։4)։
Արդյո՞ք Եհովան առայսօր օգնում է իրեն պաշտողներին։ Այո՛։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին ապավինել նրան (Եբրայեցիներ 13։6)։ 46-րդ սաղմոսում նշված մտքերը ամրացնում են Աստծու պաշտպանիչ զորության հանդեպ մեր վստահությունը։ Դրանք օգնում են մեզ Աստծուն համարել մեր «ապաստանը և զորությունը» (Սաղմոս 46։1)։
Դիտիր «Սաղմոսներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։