ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Փիլիպպեցիներ 4։13. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»
«Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 4։13, «Արարատ» թարգմանություն)։
Փիլիպպեցիներ 4։13-ի նշանակությունը
Այս խոսքերը, որոնք գրել է Պողոս առաքյալը, հավաստիացնում են մեզ, որ Աստծուն պաշտողները զորություն կստանան, որպեսզի կարողանան կատարել նրա կամքը։
Աստվածաշնչի որոշ թարգմանություններ նշում են, որ Պողոսին զորություն էր տալիս Քրիստոսը։ Սակայն այս տեքստի ամենահին հունարեն ձեռագրերում «Քրիստոս» բառը բացակայում է։ Այս արտահայտությունը որոշ ժամանակակից անգլերեն թարգմանություններում այսպես է հնչում՝ «նրա, ով զորացնում է ինձ» (New World Translation), «նրա, ով ինձ ուժ է տալիս» (New International Version) և «նրա, ով իմ զորության աղբյուրն է» (New American Bible)։ Ու՞մ նկատի ուներ Պողոս առաքյալը։
Համատեքստը ցույց է տալիս, որ Պողոսը Աստծուն նկատի ուներ (Փիլիպպեցիներ 4։6, 7, 10)։ Դրանից առաջ նույն նամակում Պողոսը փիլիպպեցիներին գրել էր. «Որովհետև Աստված.... գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք» (Փիլիպպեցիներ 2։13)։ Իսկ 2 Կորնթացիներ 4։7-ում նա գրեց, որ Աստված է իրեն զորություն տվել կատարելու իր կամքը (համեմատիր 2 Տիմոթեոս 1:8)։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ Պողոսը Աստծու մասին էր խոսում, երբ ասաց. «Շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։
Իսկ ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց՝ զորություն կստանա «ամեն բանի» համար։ Այս արտահայտությունն ասելով՝ Պողոսը ըստ երևույթին խոսում էր այն տարբեր իրավիճակների մասին, որոնց բախվել էր Աստծու կամքը կատարելիս։ Անկախ իր ունեցվածքից՝ նա Աստծուն էր ապավինում և սովորել էր գոհ լինել ինչ հանգամանքներում էլ, որ լիներ (2 Կորնթացիներ 11։23–27; Փիլիպպեցիներ 4։11)։
Պողոսի խոսքերը Աստծուն պաշտողներին վստահությամբ են լցնում, որ նա զորություն կտա նրանց, որպեսզի կարողանան դիմանալ փորձություններին և կատարել իր կամքը։ Աստված կարող է զորացնել նրանց իր սուրբ ոգու՝ գործուն ուժի, իր մյուս ծառաների և իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (Ղուկաս 11։13; Գործեր 14։21, 22; Եբրայեցիներ 4։12)։
Փիլիպպեցիներ 4։13-ի համատեքստը
Այս խոսքերը Պողոսը գրեց փիլիպպեցիներին ուղղված իր նամակի եզրափակիչ մասում։ Այդ նամակը նա գրել էր Հռոմում իր առաջին բանտարկության ընթացքում՝ մ. թ. 60–61 թթ.։ Որոշ ժամանակ Փիլիպպեի քրիստոնյաները չէին կարողացել նյութական աջակցություն ցույց տալ առաքյալին։ Սակայն այժմ նրանք նվերներ էին ուղարկել Պողոսին (Փիլիպպեցիներ 4։10, 14)։
Պողոսը անկեղծորեն գովեց Փիլիպպեի քրիստոնյաներին իրենց առատաձեռնության համար և հավաստիացրեց, որ ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է (Փիլիպպեցիներ 4։18)։ Նաև օգտվեց առիթից և քրիստոնեական կյանքի վերաբերյալ կարևոր ճշմարտության մասին խոսեց. բոլոր քրիստոնյաները՝ հարուստ, թե աղքատ, կարող են գտնել գոհ լինելու գաղտնիքը, եթե ապավինեն Աստծուն (Փիլիպպեցիներ 4։12)։