Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

1 Կորնթացիներ 10։13. «Աստված հավատարիմ է»

1 Կորնթացիներ 10։13. «Աստված հավատարիմ է»

 «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց։ Բայց Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10։13, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (1 Կորնթացիներ 10։13, «Արարատ» թարգմանություն)։

1 Կորնթացիներ 10։13-ի նշանակությունը

 Այս համարում ընդգծվում է Աստծու ամենագրավիչ հատկություններից մեկը՝ հավատարմությունը։ Աստծու նվիրված ծառաները կարող են վստահ լինել, որ նա կաջակցի իրենց, հատկապես երբ փորձությունների կամ գայթակղությունների են բախվում։

 «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց»։ Աստծու ծառաները հնարավոր է նրան տհաճ բան անելու գայթակղության առաջ կանգնեն։ Թեև նման փորձությունները բարդ են, սակայն անսովոր կամ բացառիկ չեն, որովհետև շատ մարդիկ արդեն անցել են դրանց միջով։ a Ուստի Աստծու ծառաները կարող են վստահ լինել, որ իրենք նույնպես ի վիճակի են հաղթահարելու դրանք։

 «Աստված հավատարիմ է»։ Եհովա b Աստված վստահելի և հուսալի է։ Նա միշտ պահել է իր այն խոստումը, համաձայն որի՝ չի լքի նրանց, ովքեր սիրում են իրեն, նվիրված են ու հնազանդ (2 Օրենք 7։9; Սաղմոս 9։10; 37։28)։ Հետևաբար, նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, կարող են վստահ լինել, որ նա կպահի նաև այն երկու քաջալերական խոստումները, որոնք գրված են այս համարի շարունակության մեջ։

 «Թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք»։ Աստված ցույց է տալիս իր հավատարմությունը՝ թույլ չտալով՝ փորձությունները այնքան սաստկանան, որ անհնարին լինի դիմանալ դրանց։ Նա գիտի, թե իր ծառաներից յուրաքանչյուրն ինչ կարող է անել և ինչ չի կարող (Սաղմոս 94։14

 «Փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ»։ Աստված կարող է կա՛մ հեռացնել փորձությունը, կա՛մ տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ իր ծառաները դիմանան դրան։ Օրինակ՝ նա կարող է առաջնորդել իր սուրբ ոգով, մխիթարել Աստվածաշնչով կամ էլ գործնական օգնություն տրամադրել հավատակիցների միջոցով (Հովհաննես 14։26; 2 Կորնթացիներ 1։3, 4; Կողոսացիներ 4։11

1 Կորնթացիներ 10։13-ի համատեքստը

 Այս համարը Պողոսի՝ կորնթացի քրիստոնյաներին ուղղած նամակի մաս է կազմում։ Նամակի այս մասում Պողոսը հիշեցնում է հին Իսրայելի պատմությունը՝ որպես նախազգուշական օրինակ կորնթացիների համար (1 Կորնթացիներ 10։11)։ Պողոսը նշում է իսրայելացիներին պատահած մի շարք փորձություններ և գայթակղություններ, ներառյալ՝ կռապաշտությունն ու անբարոյությունը (1 Կորնթացիներ 10։6-10)։ Նրանցից ոմանք չկարողացան դեմ կանգնել այդ գայթակղություններին։ Հիմնվելով նրանց օրինակի վրա՝ Պողոսը հիշեցնում է քրիստոնյաներին, որ նրանք չպետք է չափազանց ինքնավստահ լինեն՝ մտածելով, որ երբեք գայթակղության առաջ չեն կանգնի (1 Կորնթացիներ 10։12)։ Այնուամենայնիվ, 1 Կորնթացիներ 10։13-ում գրված խոսքերով նա հավաստիացնում է նրանց, որ Աստծու նվիրված ծառաները կարող են հաղթահարել ցանկացած փորձություն։

 Դիտիր «1 Կորնթացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a «Գայթակղություն» թարգմանված հունարեն բառը կարող է փորձություն մատնանշել։

b Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։