Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

2 Կորնթացիներ 12։9. «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է»

2 Կորնթացիներ 12։9. «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է»

 «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է, քանի որ իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (2 Կորնթացիներ 12։9, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում» (2 Կորնթացիներ 12։9, «Արարատ» թարգմանություն)։

2 Կորնթացիներ 12։9-ի նշանակությունը

 Աստված խոստանում է Պողոս առաքյալին տալ անհրաժեշտ ուժը, որ դիմանա փորձություններին ու հաջողության հասնի՝ չնայած սահմանափակ կարողություններին։

 «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է»։ Աստծուն ուղղված Պողոսի անդադար աղոթքների այս պատասխանը կարելի է նաև այսպես թարգմանել. «Քեզ միայն իմ բարությունն է պետք»։ Այլ խոսքով՝ Աստծու անզուգական բարությունը բավական էր, որ Պողոսը հաղթահարեր իր փորձությունները։ Այդ ինչպե՞ս։ «Անզուգական բարություն» կամ «շնորհք» թարգմանված արտահայտությունը մատնանշում է Աստծու կողմից առատաձեռնորեն տրված մի անվճար նվեր, որը չեն վաստակել։ Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ նա մեծ օգուտներ էր քաղել Աստծու անզուգական բարությունից։ Չնայած Պողոսը նախկինում հալածում էր քրիստոնյաներին, Աստված նրան տվեց անհրաժեշտ ուժը, որ փոխի իր վարքագիծը և օգնի ուրիշներին քրիստոնյա դառնալ (1 Կորնթացիներ 15։9, 10; 1 Տիմոթեոս 1։12-14)։ Պողոսը կարող էր վստահ լինել, որ Աստված կօգնի իրեն հաղթահարել ցանկացած խնդիր կամ փորձություն։

 «Քանի որ իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Եհովան a հիշեցրեց Պողոսին, որ իր ուժը ամենից հստակ երևում է այն դեպքում, երբ ներգործում է թույլ և անկատար մարդկանց վրա (2 Կորնթացիներ 4։7; 12։8)։ Երբ քրիստոնյաները գիտակցում են իրենց սահմանափակ կարողությունները և օգնության համար Եհովային դիմում, թույլ են տալիս, որ Աստծու ուժը լիովին օգնի իրենց (Եփեսացիներ 3։16; Փիլիպպեցիներ 4։13)։ Հենց այս իմաստով է Աստծու զորությունը ակնհայտ դառնում մարդկային տկարության մեջ։

2 Կորնթացիներ 12։9-ի համատեքստը

 Պողոսը Կորնթոսի քրիստոնյաներին ուղղված նամակը գրել է մ. թ. 55 թ.-ին։ Այդ նամակի վերջում նա պաշտպանեց առաքյալ լինելու իր իրավունքը։ Նա այդպես վարվեց, քանի որ իրենց ուսուցիչներ անվանող որոշ մարդիկ քննադատում էին նրան՝ թերևս դատելով նրան ըստ արտաքին տեսքի կամ հռետորական ձիրքի (2 Կորնթացիներ 10։7-10; 11։5, 6, 13; 12։11

 Ի պաշտպանություն իրեն՝ Պողոսը բացատրում է, որ սեփական ուժերով չէր կարող իրականացնել իր ծառայությունը և դիմադրել բազմաթիվ փորձությունների (2 Կորնթացիներ 6։4; 11։23-27; 12։12)։ 12-րդ գլխում նա խոսում է փոխաբերական «փշի նման ծակող մի ցավի» մասին՝ թերևս նկատի ունենալով ինչ-որ մնայուն խնդիր, որը նրան ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավ էր պատճառում (2 Կորնթացիներ 12։7

 Այսօր նույնպես քրիստոնյաները գուցե բախվեն դժվարությունների և հալածանքի։ Նրանք մխիթարվում են՝ գիտակցելով, որ Աստծու տված զորության շնորհիվ կկարողանան դիմագրավել իրենց առջև ծառացած ցանկացած խնդիր։ Պողոսի պես՝ նրանք էլ կարող են վստահությամբ ասել. «Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 Կորնթացիներ 12։10

 Դիտիր «2 Կորնթացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։