ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Աչեղ մեծաոտ հավի բույնը
Ավստրալիայի հյուսիսում բնակվող աչեղ մեծաոտ հավը իր բնի ջերմաստիճանը պահպանում է 34°C-ի (93°F) սահմաններում։ Այս թռչնին ինչպե՞ս է հաջողվում ամբողջ տարվա ընթացքում գիշեր-ցերեկ նման ջերմաստիճան ապահովել բնի մեջ։
Ամեն տարի այս թռչունները շուրջ մեկ մետր (3 ֆուտ) խորությամբ և երեք մետր (10 ֆուտ) լայնությամբ փոս են փորում։ Արու թռչունը այն լցնում է խոտով, տերևներով և այլ բուսականությամբ։ Երբ ուշ ձմեռային անձրևները թրջում են բուսականության այդ թումբը, արուն այնտեղ ձվերի համար մեկ այլ փոս է փորում և ողջ թումբը ծածկում ավազահողով։ Շուտով բուսականությունը սկսում է փտել և տաքանալ՝ ստեղծելով բնական ինկուբատոր։
Ամեն անգամ, երբ գալիս է էգի ձվադրման ժամանակը, արուն ճանկերով հեռացնում է հողային զանգվածը, որպեսզի էգը ձու ածի դրա համար նախատեսված փոսում։ Այնուհետև արուն այն կրկին ծածկում է հողով։ Սեպտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում էգը կարող է մինչև իսկ 35 ձու ածել։ a
Այս թռչունները իրենց կտուցը հաճախակի մտցնում են հողի մեջ, որ ստուգեն ջերմաստիճանը։ Կախված սեզոնից՝ նրանք փոփոխում են թմբի կառուցվածքը։ Օրինակ.
Գարնանը, երբ փտող բուսականության պատճառով բույնը սկսում է չափից շատ տաքանալ, արուն ջերմաստիճանը իջեցնելու համար նոսրացնում է ձվափոսի վերին հողային շերտը։ Հետո կրկին ծածկում է բույնը արդեն զովացած հողով։
Ամռանը արուն թմբի վրա հող է ավելացնում, որպեսզի մեկուսացնի ձվերը արևի ճառագայթներից։ Սակայն ամեն օր՝ վաղ առավոտյան, նա հեռացնում է հողային շերտը և բնի ու ավազի զովանալուց հետո փոխարինում նորով։
Աշնանը, երբ բուսականության փտումը ավարտվում է, արուն հեռացնում է գրեթե ամբողջ հողը՝ թույլ տալով, որ միջօրեի արևը տաքացնի ձվերը և շաղ տված հողը։ Ավելի ուշ նա կրկին ծածկում է թումբը արդեն տաքացած հողով, որպեսզի փոսը գիշերը տաք մնա։
Ամեն օր արուն միջին հաշվով ավելի քան հինգ ժամ աշխատանք է կատարում՝ տեղափոխելով ավելի քան 850 կգ (1 874 ֆունտ) հող։ Հողի անընդմեջ տեղափոխումը մեկ այլ առավելություն էլ ունի. դրա շնորհիվ հողը փխրուն է մնում՝ նպաստելով, որ ճտերը ձվից դուրս գալուց հետո հեշտությամբ հաղթահարեն հողային շերտը։
Դիտեք, թե աչեղ մեծաոտ հավերը իրենց բնի վրայից ինչպես են հեռացնում հողային շերտը։
Ի՞նչ եք կարծում։ Աչեղ մեծաոտ հավի՝ բնի ջերմաստիճանը կառավարելու ունակությունը էվոլուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։
a Ճտերը ձվից դուրս են գալիս յոթից ութ շաբաթ անց, ինչը նշանակում է, որ արուն բնի հետ կապված աշխատանքները կատարում է մինչև ապրիլ։