Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Բջիջների տարբերակվելու ունակությունը

Բջիջների տարբերակվելու ունակությունը

 Երբ ձեր կյանքը նոր էր սկզբնավորվել ձեր մոր արգանդում, դուք ընդամենը մի փոքրիկ բջիջ էիք, որը կոչվում է զիգոտ։ Այդ բջիջն այնքան փոքր է, որ հազիվ թե նշմարվի անզեն աչքով։ Բայց մի քանի ամիս անց դուք արդեն լիովին ձևավորված մանկիկ էիք։ Այդ մեկ փոքրիկ բջիջը բազմապատկվել էր ու վերածվել 200 տարատեսակ բջիջների, որոնք տարբեր ձևի ու չափի են և տարբեր գործառույթներ են իրականացնում։

 Նկատի առնենք հետևյալը։ Զիգոտը պատճենում է իր ԴՆԹ-ն և կիսվում։ Առաջացած դուստր բջիջները բազմիցս կրկնում են այդ նույն գործողությունը։ Նոր առաջացած բջիջները սկզբնական փուլում, ըստ էության, նույնն են։ Դրանց ԴՆԹ-ն պարունակում է բջիջների բոլոր տեսակների կազմավորման համար անհրաժեշտ հրահանգները։

 Բեղմնավորումից մեկ շաբաթ անց բջիջները սկսում են տարբերակվել՝ վերածվելով երկու տեսակի բջիջների։ Դրանց մի մասը հետագայում դառնում է սաղմ, իսկ մյուս մասից ձևավորվում են ընկերքը և հարակից հյուսվածքները, որոնք նպաստում են սաղմի աճին։

 Երրորդ շաբաթվա մեջ սաղմի բջիջները արդեն բաժանված են լինում երեք շերտի։ Արտաքին շերտի բջիջները աստիճանաբար մասնագիտանում են՝ ձևավորելով նյարդերը, գլխուղեղը, բերանը, վերնամաշկը և այլն։ Միջին շերտի բջիջներից ձևավորվում են արյունը, ոսկրերը, երիկամները, մկանները և այլ հյուսվածքներ։ Իսկ ներքին շերտի բջիջները կազմավորում են ներքին օրգանները, ինչպես, օրինակ, թոքերը, միզապարկը և մարսողական համակարգի մեծ մասը։

Սաղմի զարգացման ընթացքում բջիջները բազմապատկվում են և տարբերակվելով՝ վերածվում են ավելի քան 200 տարատեսակ բջիջների

 Հղիության ողջ ընթացքում որոշ բջիջներ առանձին-առանձին կամ բջջակույտերով սաղմի մի մասից տեղափոխվում են այլ մասեր։ Մյուս բջիջները խմբավորվում են և կազմում շերտեր, թելեր և խոռոչներ։ Այս գործընթացի իրականացման համար ճշգրիտ համակարգվածություն է անհրաժեշտ։ Օրինակ՝ գալիս է մի պահ, որ բջիջների շերտերը գալարվելով ձևավորում են փոքր խողովակներ։ Այս երևույթը միաժամանակ տեղի է ունենում սաղմի տարբեր մասերում։ Այդ խողովակները հետո սկսում են երկարել, ճյուղավորվել և իրար միանալով՝ ի վերջո կազմում են արյան շրջանառության ամբողջական համակարգը։

 Երբ լույս աշխարհ է գալիս լիովին ձևավորված առողջ մանկիկը, նրա հարյուր միլիարդավոր բջիջները արդեն ճիշտ պահին ճիշտ տեղում տարբերակված են լինում ճիշտ տեսակի բջիջների։

 Ի՞նչ եք կարծում։ Բջիջների տարբերակվելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։