ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Միքսինի լորձը
Արդեն երկար ժամանակ է՝ գիտնականները ուսումնասիրում են միքսինի դոնդողանման լորձը, կամ՝ հիդրոգելը։ Իսկ ինչո՞ւ է այն գրավել նրանց ուշադրությունը։ Միքսինի հիդրոգելը մարդկությանը հայտնի ամենափափուկ էլաստիկ կենսաբանական նյութերից մեկն է։
Նկատի առնենք հետևյալը: Միքսինը օձաձկան նման արարած է, որն ապրում է ծովի խորքերում։ Երբ գիշատիչ ձուկը փորձում է հարձակվել և ուտել նրան, նա իր գեղձերից դոնդողանման նյութ է արտազատում։ Այդ արտազատված նյութը պարունակում է լորձ առաջացնող սպիտակուցներ և երկար թելի նմանություն ունեցող հազարավոր այլ սպիտակուցներ, որոնք միքսինի շուրջը եղող ջուրը վերածում են թանձր լորձի։ Առաջացած լորձը խցանում է գիշատչի խռիկները, ինչի արդյունքում գիշատիչը սկսում է ործկալ, բաց է թողնում միքսինին և փախչում։
Միքսինի հիդրոգելը առանձնահատուկ է։ Դրա մեջ պարունակվող սպիտակուցային թելերից յուրաքանչյուրը հարյուր անգամ ավելի բարակ է, քան մարդու մազը, և տասն անգամ ավելի ամուր, քան նեյլոնը։ Արտազատվելով ջրի մեջ՝ լորձի և սպիտակուցային թելերի խառնուրդը ստանում է այնպիսի կառուցվածք, որը նման է նուրբ եռաչափ ցանցի։ Այդ կառուցվածքի շնորհիվ այն կարողանում է իր քաշից 26 000 անգամ ավել ջուր կլանել։ Ընդ որում՝ միքսինի արտազատած լորձի բաղադրության գրեթե 100 տոկոսը ջուր է։
Գիտնականներին դեռևս չի հաջողվել կրկնօրինակել միքսինի հիդրոգելը։ Ինչպես նշում է մի հետազոտող, «այս օրգանական նյութի կառուցվածքը չափազանց բարդ է»։ Գիտնականները ծրագրում են բակտերիաների գենոմոդիֆիկացման միջոցով վերարտադրել միքսինի լորձի սպիտակուցային թելերը։ Նրանց նպատակն է ստեղծել մի նյութ, որը կլինի թեթև, դիմացկուն, առաձգական և կենսաքայքայվող։ Սինթետիկ սպիտակուցային թելերից հնարավոր է ստանալ ամուր և էկոլոգիապես անվնաս նյութեր, որոնք կօգտագործվեն գործվածքների արտադրության և բժշկության մեջ, ինչպես նաև բազմաթիվ այլ բնագավառներում։
Ի՞նչ եք կարծում։ Միքսինի լորձի չափազանց բարդ կառուցվածքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։