Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 1): Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից

Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 1): Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից

 Ըստ մի հարցման՝ պատանիների 97 տոկոսը նշել է, որ օգտվում է սոցիալական կայքերից։ Քո երեխան է՞լ է ցանկանում միանալ այդ մեծ բանակին։ Եթե այո, ապա կան որոշ հարցեր, որոնք պետք է հաշվի առնես։

Այս հոդվածում՝

 Երեխադ ինչպես կօգտագործի իր ժամանակը

 HelpGuide կայքը նշում է. «Սոցցանցերը այնպես են ծրագրված, որ գրավեն ուշադրությունդ, քեզ անընդհատ օնլայն հարթակում պահեն և ստիպեն պարբերաբար ստուգել քո սարքը՝ տեսնելու, թե ինչ թարմացումներ կան»։

 «Սոցցանցում անթիվ գրառումները թերթելիս րոպեները դառնում են ժամեր։ Հեռախոսը վայր դնելը և ավելի օգտակար բանով զբաղվելը շատ դժվար է լինում» (Լին, 20 տարեկան)։

 Հարցրու ինքդ քեզ: Երեխաս ունի՞ այնքան ինքնատիրապետում, որ կարողանա հետևել սոցցանցից օգտվելու իմ սահմանած կանոններին։ Արդյո՞ք նա բավականաչափ հասուն է, որ կարողանա ինքնուրույն որոշել, թե որքան ժամանակ պետք է անցկացնի սոցցանցում, և հավատարիմ մնա այդ որոշմանը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք.... իմաստունների պես և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16

Երեխային սոցիալական ցանցերից առանց ուղեցույցի օգտվելու թույլտվություն տալը նման է այն բանին, որ նրան թույլ տաք ձի հեծնել առանց համապատասխան մարզումների

 Ընկերության մասին երեխայիդ տեսակետը

 «Սոցիալական ցանց» տերմինը հուշում է, որ այն նախատեսված է ընկերների կամ ծանոթների հետ կապ պահելու համար։ Սակայն հաճախ այդ մարդկանց հետ փոխհարաբերությունները շատ մակերեսային են լինում։

 «Նկատել եմ, որ շատ երիտասարդներ սխալմամբ կարծում են, որ եթե ունեն բազում հետևորդներ և լայքեր, ապա իրենց հետևորդները, անգամ անծանոթները անկեղծ հետաքրքրված են իրենցով» (Պատրիսիա, 17 տարեկան)։

 Հարցրու ինքդ քեզ: Արդյո՞ք երեխաս այնքան հասուն է՝ գիտակցելու, որ հետևորդների ու լայքերի թիվը կարևոր չէ։ Նա կարողանո՞ւմ է իրական կյանքում մտերմանալ մարդկանց հետ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

 Երեխայիդ էմոցիոնալ առողջությունը

 Գիտնականները պարզել են, որ սոցցանցերից չափից շատ օգտվելու պատճառով մարդիկ հաճախ սկսում են տառապել միայնության, անհանգստության զգացումներով և դեպրեսիայով։

 «Տհաճ զգացողություն է, երբ լուսանկարներում տեսնում ես, թե ինչպես են ընկերներդ առանց քեզ զվարճանում մյուս ընկերներիդ հետ» (Սերենա, 19 տարեկան)։

 Հարցրու ինքդ քեզ: Արդյո՞ք երեխաս այնքան հասուն է, որ չի դառնա եսակենտրոն ու մրցակցող։ Արդյո՞ք նրա վրա չի ազդի այն, թե մյուսներն ինչ են անում սոցցանցերում։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (Գաղատացիներ 5։26

 Երեխայիդ վարքը օնլայն հարթակում

 Սոցիալական ցանցերը կարող են կիբերհարձակման և սեքստինգի դուռ բացել կամ դրդել պոռնկագրություն դիտելու։ Եթե նույնիսկ երեխադ հակված չէ նման բաներ անելու, նա կարող է ուրիշների թակարդն ընկնել։

 «Նկատել եմ, որ սոցիալական ցանցերի բովանդակությունը առաջին հայացքից կարող է մաքուր թվալ, բայց շատ հաճախ այն լի է վտանգավոր բաներով: Դրանցում շատ են օգտագործվում գռեհիկ խոսք և անպատշաճ երաժշտություն» (Լինդա, 23 տարեկան)։

 Հարցրու ինքդ քեզ: Արդյո՞ք երեխաս բավականաչափ հասուն է, որ կարողանա խելամտորեն օգտվել ինտերնետից։ Երեխաս այնքան բարոյական ուժ կգտնի՞, որ կարողանա մերժել անպատշաճ նյութերը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ.... ամոթալի վարք, հիմար խոսակցություններ կամ անպարկեշտ կատակներ՝ բաներ, որոնք վայելուչ չեն» (Եփեսացիներ 5։3, 4

 Սոցիալական ցանցերն անհրաժեշտությո՞ւն են

 Սոցցանցերը անհրաժեշտություն չեն։ Դրանք չեն բարելավում կյանքի որակը կամ նպաստում երջանկությանը։ Շատ երիտասարդներ՝ ներառյալ նրանք, ովքեր մի ժամանակ օգտվել են սոցկայքերից, որոշել են ապրել առանց դրանց։

 «Տեսնելով, թե սոցցանցերը որքան բացասաբար են ազդել քրոջս վրա՝ ես որոշեցի չօգտվել դրանցից։ Հիմա ավելի երջանիկ եմ և ավելի շատ եմ վայելում կյանքը» (Նաթան, 17 տարեկան)։

 Ամփոփում: Նախքան թույլ կտաս երեխայիդ օգտվել սոցցանցերից, համոզվիր, որ նա բավականաչափ հասուն է, որ կոնկրետ ժամաքանակով օգտվի դրանցից, լավ ընկերակցություն ընտրի և խուսափի անպատշաճ նյութերից։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15