Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արժե՞ երեխայի խնամքն ու կրթությունը ուրիշին վստահել

Արժե՞ երեխայի խնամքն ու կրթությունը ուրիշին վստահել

 Որոշ ծնողներ աշխատանքի պատճառով նախընտրում են իրենց երեխային տանել երեխաների խնամքի և զարգացման կենտրոն, որը դպրոցի նման կրթական հաստատություն է։ Արժե՞ երեխայի խնամքն ու կրթությունը այդպիսի հաստատության վստահել։

 Հարցեր, որոնք պետք է հաշվի առնես

 Երեխայի խնամքն ու կրթությունը ուրիշին հանձնելը կարո՞ղ է թուլացնել ծնող-երեխա կապվածությունը։ Այո՛, կարող է։ Վաղ տարիքից սկսած՝ երեխայի ուղեղը շատ արագ է զարգանում, ինչը մեծապես անդրադառնում է ուրիշների հետ ձևավորվող նրա փոխհարաբերությունների վրա։ Ուստի աշխատիր հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխայիդ հետ նրա զարգացման այս կարևոր փուլում (2 Օրենք 6։6, 7

  •    Այն ծնողները, որոնք ցանկանում են երեխայի խնամքը ուրիշին հանձնել, պետք է մտածեն, թե դա ինչպես կանդրադառնա երեխայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների վրա։

 Արդյո՞ք նախակրթարանը կարող է թուլացնել ձեր ազդեցությունը երեխայի վրա։ Այո՛, կարող է։ Մի գրքում ասվում է. «Նախադպրոցական տարիքի երեխաները որքան շատ են շփվում իրար հետ, այնքան ավելի մեծ ազդեցություն են ունենում միմյանց վրա» (Hold On to Your Kids)։

  •    Այն ծնողները, որոնք ցանկանում են երեխային նախակրթարան տանել, պետք է մտածեն, թե արդյո՞ք չեն կորցնի իրենց ազդեցությունը։

 Արդյո՞ք երեխային նախակրթարան տանելը կօգնի, որ նա դպրոցում լավ առաջադիմություն ունենա։ Ոմանք ասում են՝ այո՛, իսկ ուրիշներն էլ պնդում են, որ այն կարող է շատ քիչ կամ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունենալ երեխայի զարգացման վրա։ Մանկական հոգեբան Պենելոպե Լիչը նշում է. «Մի՛ կարծեք, թե կրթությունը կյանքում հաջողությունների հասնելու բանալին է, ու որքան շատ և որքան շուտ երեխան այն ստանա, այնքան ավելի լավ կլինի նրա համար։ Այդպես դուք կթերագնահատեք այն «կրթությունը», որը տալիս եք ձեր երեխային նրա ծննդյան առաջին իսկ օրից»։

  •   Այն ծնողները, որոնք ցանկանում են երեխային նախակրթարան տանել, պետք է մտածեն, թե արդյո՞ք դա անհրաժեշտ է կամ օգտակար երեխայի համար։

 Հնարավոր կլինի՞, որ դու կամ կողակիցդ երեխային խնամելու համար տանը մնաք։ Որոշ դեպքերում երկու ծնողներն էլ աշխատում են, որպեսզի ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն։ Բայց արդյո՞ք այդ օգուտների համար ստիպված չես լինի մեծ գին վճարել։

  •   Այն ծնողները, որոնք ցանկանում են երեխայի խնամքը ուրիշին վստահել, պետք է մտածեն, թե արդյո՞ք հնարավոր կլինի կրճատել ծախսերը, որպեսզի իրենցից մեկը երեխայի հետ տանը մնա։

 Երեխայի խնամքն ու կրթությունը ուրիշին վստահելուց առաջ անհրաժեշտ է ծանրութեթև անել այս հարցերը։ Իսկ ի՞նչ անել, եթե դրանք ամենայն ուշադրությամբ քննելուց հետո կարծում ես, որ քո ընտանիքի համար դա է ճիշտ որոշումը։

 Ինչ կարող ես անել

 Աստվածաշնչում ասվում է, որ «խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Այս սկզբունքը հաշվի առնելով՝ նախքան որևէ հաստատություն ընտրելը լավ մտածիր։

 Քննիր տարբերակներդ

  •   Որոշ ծնողներ ընտրում են խնամքի այնպիսի կենտրոն, որը գտնվում է ինչ-որ մեկի տանը, և որտեղ երեխաների փոքր խմբի հետ աշխատում են մեկ կամ մեկից ավելի դաստիարակներ։

  •   Այլ ծնողներ էլ դիմում են իրենց ազգականի օգնությանը կամ դայակ են վարձում երեխային խնամելու համար։

 Բոլոր տարբերակներն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Գուցե որոշես խոսել այն ծնողների հետ, որոնք արդեն ընտրել են որևէ նախակրթարան կամ դայակ են վարձել։ Աստվածաշնչում ասվում է. «Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա» (Առակներ 13։10

 Իսկ ի՞նչ անել, եթե որոշում ես երեխային տանել երեխաների խնամքի և զարգացման կենտրոն։ Այդ դեպքում...

 Տեղեկություններ իմացիր տվյալ հաստատության մասին

  •   Լիցենզավորվա՞ծ է, օրենքով սահմանված կարգո՞վ է գործում։ Ուսուցման ի՞նչ փորձ, որակավորում կամ ի՞նչ համբավ ունի։

  •   Մաքուր և ապահո՞վ է։

  •   Ի՞նչ զբաղմունքներ կան երեխաների համար։ a

 Տեղեկություններ իմացիր դաստիարակների մասին

  •   Ի՞նչ մարզում են նրանք ստացել։ Դա կարող է վերաբերել նախադպրոցական կրթությանը, առաջին օգնությանը և սիրտ-թոքային վերակենդանացմանը։

  •   Ի՞նչ համբավ ունեն տվյալ հաստատության դաստիարակները։

  •   Հաճա՞խ է փոխվում աշխատակազմը։ Աշխատողների հաճախակի փոփոխության պատճառով երեխան ստիպված կլինի ամեն անգամ հարմարվել նոր դաստիարակի։

  •   Քանի՞ երեխա կա մեկ դաստիարակի հոգածության ներքո։ Երեխաների մեծ թվի պատճառով քո երեխային բավականաչափ ուշադրություն չեն տրամադրի։ Այն, թե երեխան որքան ուշադրության կարիք ունի, կախված է նրա տարիքից և ունակություններից։

  •   Դաստիարակները պատրաստակա՞մ են խոսելու քո կամ իրենց մտահոգությունների մասին։

a Օրինակ՝ արդյո՞ք երեխաները շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առաջ, թե՞ զբաղվում են այնպիսի բաներով, որոնք նպաստում են իրենց մտավոր և ֆիզիկական զարգացմանը։