Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ անեմ, եթե կորցրել եմ երեխայիս հանդեպ վստահությունս

Ի՞նչ անեմ, եթե կորցրել եմ երեխայիս հանդեպ վստահությունս

 Որոշ պատանիներ անտեսում են իրենց ծնողների սահմանած կանոնները, օրինակ, թե որ ժամին պետք է տանը լինեն։ Ոմանք էլ մոլորության մեջ են գցում իրենց ծնողներին՝ խաբում նրանց կամ տնից թաքուն դուրս գալիս, որպեսզի հանդիպեն ընկերների հետ։ Ի՞նչ կարող եք անել, եթե կորցրել եք ձեր երեխայի հանդեպ վստահությունը։

 Երեխաս ըմբո՞ստ է

 Պարտադիր չէ։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակներ 22։15)։ Դա շատ հաճախ երևում է հենց պատանիների վարքից։ Դ-ր Լորենս Սթեյնբերգը գրում է. «Դեռահասները երբեմն հապճեպ և անմիտ որոշումներ են կայացնում, ուստի սխալներ լինելու են»։  a

 Ի՞նչ անեմ, եթե երեխաս որոշ բաներ է թաքցրել ինձնից:

 Միանգամից մի՛ եզրակացրու, թե երեխադ որոշել է ըմբոստանալ քո դեմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեռահասների համար շատ կարևոր է, թե ծնողներն ինչ են մտածում իրենց մասին, եթե նույնիսկ նրանց պահվածքից դա չի երևում։ Գուցե երեխադ ցույց չտա, բայց այն մտքից, որ հիասթափեցրել է քեզ, հավանաբար ինքն էլ է իրենից հիասթափված։

Կոտրված ոսկորի ամրությունը վերականգնվում է ապաքինումից հետո։ Նույն կերպ հնարավոր է նաև վերականգնել կորցրած վստահությունը։

 Ո՞վ է մեղավոր

  •    Գուցե պատճառը նրա շրջապա՞տն է։ Աստվածաշունչն ասում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15:33)։ Իսկապես ընկերները մեծ ազդեցություն են գործում դեռահասների վրա. ոչ միայն ընկերները, այլ նաև ինտերնետն ու գովազդները։ Բացի դրանից, պատանիները կյանքի փորձ չունեն, և բնական է, որ դրա հետևանքով նրանք երբեմն սխալ որոշումներ կկայացնեն։ Սակայն պատասխանատու մարդ դառնալու համար նրանք, իհարկե, պետք է սովորեն կրել իրենց որոշումների հետևանքները։

  •    Ի՞նչն եմ սխալ արել։ Գուցե մտածես, որ չափից շատ խիստ ես եղել և դրանով երեխայիդ դրդել ես վատ արարքի։ Կամ մեղավոր զգաս, որ խիստ չես եղել ու նրան չափից շատ ազատություն ես տվել։ Փոխանակ կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչն ես սխալ արել՝ մտածիր, թե ինչ կարող ես անել նրան օգնելու համար։

 Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս, որ նորից վստահություն ձեռք բերի

  •   Ճիշտ արձագանքիր։ Երեխադ հավանաբար կարծում է, որ բարկանալու ես։ Իսկ եթե այլ մոտեցում ցույց տա՞ս։ Նրա հետ հանգիստ քննարկիր, թե ինչու է այդ խնդիրն առաջացել։ Հետաքրքասիրությունի՞ց, ձանձրույթի՞ց, միայնության զգացումի՞ց։ Իսկ միգուցե ընկերներին հաճեցնելու պատճառով։ Ճիշտ է, այս պատճառներից ոչ մեկը չի արդարացնում նրա արարքը, բայց դա կարող է օգնել քեզ և երեխայիդ հասկանալու, թե ինչը տարավ դրան։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Արագ [եղիր] լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19

  •   Երեխայիդ օգնիր հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Այսպիսի հարցեր տուր նրան. ի՞նչ սովորեցիր այս դեպքից։ Եթե նույն իրավիճակում հայտնվես, ի՞նչն ուրիշ կերպ կանես։ Այսպիսի հարցերը կօգնեն, որ երեխադ սովորի տրամաբանել և վերլուծել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով» (2 Տիմոթեոս 4։2

  •   Թույլ տուր, որ նա կրի իր արարքի հետևանքները։ Այն սահմանափակումները, որ դնում ես, պետք է առնչվեն նրա արարքի հետ։ Օրինակ, եթե երեխադ դասից փախել է ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար, որոշ ժամանակով սահմանափակիր ընկերների հետ նրա շփումը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

  •   Մտածիր, թե ինչպես կարող ես վերականգնել վստահությունդ։ Ինչ խոսք, դա մի օրվա գործ չէ։ Սակայն երեխադ պետք է իմանա, որ կորցրած վստահությունը հնարավոր է ժամանակի ընթացքում վերականգնել։ Նա թունելի վերջում պետք է լույս տեսնի։ Եթե նա զգա, որ երբեք չի կարողանալու նորից արժանանալ քո վստահությանը, էլ չի էլ փորձի այն հետ բերել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21

a «Դու և քո դեռահասը» (You and Your Adolescent) գրքից։