ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ինչպես երեխաների հետ խոսել ալկոհոլի մասին
«Մեր աղջկա հետ առաջին անգամ ալկոհոլի մասին խոսեցինք, երբ նա վեց տարեկան էր։ Ի զարմանս մեզ՝ նա մեր ակնկալածից շատ ավելին գիտեր դրա մասին» (Ալեքսանդր)։
Ինչ պետք է իմանաք
Երեխաների հետ ալկոհոլի մասին խոսելը շատ կարևոր է։ Մի՛ սպասեք, մինչև որ ձեր երեխան դեռահաս դառնա։ Համիտը, որը բնակվում է Ռուսաստանում, ասում է. «Երանի՜ ալկոհոլի ճիշտ գործածության մասին մեր որդու հետ խոսած լինեինք վաղ տարիքից։ Ես իմ դառը փորձով հասկացա դրա կարևորությունը։ Բացահայտեցի, որ 13 տարեկանում որդիս կանոնավորաբար ալկոհոլ էր օգտագործում»։
Ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի ձեզ
Դասարանցիները, գովազդներն ու հեռուստատեսությունը կարող են ազդել ալկոհոլի վերաբերյալ ձեր երեխայի տեսակետի վրա։
Ըստ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնների՝ Միացյալ Նահանգներում ալկոհոլային խմիչքներ օգտագործողների 11 տոկոսը անչափահասներ են։
Զարմանալի չէ, որ բուժաշխատողները ծնողներին խորհուրդ են տալիս իրենց երեխաներին վաղ տարիքից սովորեցնել ալկոհոլի վտանգների մասին։ Ինչպե՞ս կարող եք դա անել։
Ինչ կարող եք անել
Փորձեք մոտավորապես պատկերացնել, թե ինչ հարցեր կտա ձեր երեխան։ Փոքր երեխաները հետաքրքրասեր են, իսկ ավելի մեծ տարիքի երեխաները ավելի հետաքրքրասեր են։ Ուստի ճիշտ կլինի, որ նախապես մտածեք, թե ինչպես եք պատասխանելու։ Ահա երկու օրինակ։
Եթե ձեր երեխան ուզում է իմանալ, թե ինչ համ ունեն ալկոհոլային խմիչքները, կարող եք ասել, որ գինու համը փոքր-ինչ նման է թթված մրգի համին, իսկ գարեջուրը կարող է բավականին դառը համ ունենալ։
Եթե ձեր երեխան ուզում է ալկոհոլ փորձել, կարող եք ասել, որ այն ուժեղ ազդեցություն է ունենում երեխաների օրգանիզմի վրա։ Նշեք բացասական հետևանքները։ Օրինակ՝ կարող եք ասել, որ թեև ալկոհոլի ընդունումը թուլացնում է լարվածությունը, սակայն չափից շատ գործածության դեպքում այն կարող է առաջացնել գլխապտույտ, մարդուն դրդել հիմար արարքների կամ ասելու այնպիսի բաներ, որոնց համար հետո կափսոսա (Առակներ 23:29–35)։
Իրազեկվեք։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ոք, ով խորագետ է, իմացությամբ կվարվի» (Առակներ 13։16)։ Տեղեկացված եղեք ալկոհոլի գործածության, ձեր երկրում դրա հետ կապված օրենքների, ինչպես նաև այն մասին, թե մեքենա վարելիս մարդու արյան մեջ դրա որ քանակությունն է թույլատրելի։ Այդ դեպքում լավ պատրաստված կլինեք, որպեսզի օգնեք ձեր երեխային։
Նախաձեռնություն վերցրեք խոսելու այդ թեմայի մասին։ «Երեխաները գուցե չկողմնորոշվեն՝ ալկոհոլ գործածելը ճիշտ է, թե ոչ,— ասում է Մարկ անունով մի հայր, որն ապրում է Բրիտանիայում։— Ութ տարեկան որդուս հարցրի, թե իր կարծիքով՝ ալկոհոլ օգտագործելը ճիշտ է, թե սխալ։ Ես անկաշկանդ ու ոչ պաշտոնական մթնոլորտ էի ստեղծել, և դա նրան օգնեց անկեղծորեն արտահայտելու իր կարծիքը»։
Ալկոհոլի մասին ձեր ասածներն ավելի լավ կտպավորվեն երեխայի մեջ, եթե այդ թեմային անդրադառնաք ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Կախված երեխայի տարիքից՝ այդ մասին խոսեք կյանքի այլ կենսական հարցերի, օրինակ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության և սեքսի մասին զրուցելիս։
Օրինակ եղեք։ Երեխաները շրջակա աշխարհից ստացած ինֆորմացիան կլանում են սպունգի նման, և հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենից շատ ծնողներն են ազդեցություն թողնում իրենց երեխաների վրա։ Դա նշանակում է, որ եթե լիցքաթափվելու կամ սթրեսը հանելու համար դուք առաջին հերթին ալկոհոլ եք խմում, ձեր երեխան կհասկանա, որ ալկոհոլի մեջ է կյանքի խնդիրների լուծումը։ Ուստի լավ օրինակ եղեք։ Հավաստիացեք, որ ինքներդ պատասխանատվությամբ եք գործածում ալկոհոլային խմիչքները։