Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Լիարժեք ուշադրություն տրամադրեք ձեր կողակցին

Լիարժեք ուշադրություն տրամադրեք ձեր կողակցին

 Շատ ամուսնական զույգեր նկատել են, որ բավականաչափ չեն շփվում, նույնիսկ երբ միասին են։ Ի՞նչն է պատճառը։

 Թեև միասին, բայց առանձին

  •   Գերհոգնածություն

     «Երբ շփվելու հնարավորություն է լինում, կամ ես եմ սպառված լինում, կամ՝ նա։ Հոգնած ժամանակ նույնիսկ փոքր թվացող բաները նյարդայնացնում են։ Դրա համար նախընտրում ենք հեռուստացույց դիտել» (Աննա)։

  •   Էլեկտրոնային սարքեր

     «Սոցիալական կայքերը և ժամանցի օնլայն ձևերը շատ ժամանակ են խլում։ Դրանց պատճառով գուցե նույն սենյակում լինեք, բայց ժամերով չխոսեք իրար հետ և նույնիսկ չնկատեք միմյանց ներկայությունը» (Քեթրին):

  •   Տարբեր հետաքրքրություններ

     «Երբ ամուսինս աշխատանքից տուն է վերադառնում, հաճախ տարվում է իր սիրած գործերով։ Նա շատ է աշխատում և արժանի է, որ իրեն ժամանակ տրամադրի։ Բայց նաև ուզում եմ, որ միասին ավելի շատ ժամանակ անցկացնենք» (Ջեյն)։

  •   Աշխատանք

     «Նորագույն տեխնոլոգիաների պատճառով այսօր շատ հաճախ աշխատանքը ներխուժում է տուն։ Ես ինքս էլ շատ անգամներ նկատել եմ, որ տանը աշխատանքին վերաբերող էլեկտրոնային նամակների ու հաղորդագրությունների եմ պատասխանում, մինչդեռ այդ ժամանակը կարող էի կնոջս տրամադրել» (Մարկ)։

 Ինչ կարող ես անել

  •   Միասին ժամանակ անցկացնելը անհրաժեշտություն համարիր, այլ ոչ թե ճոխություն։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

     Մտածիր։ Գործերդ ցույց տալի՞ս են, որ ընտանիքդ աշխատանքից և հոբբիներից կարևոր ես համարում։ Բավականաչափ ժամանակ և ուշադրություն հատկացնո՞ւմ ես կողակցիդ, թե՞ նրան հիշում ես միայն այն ժամանակ, երբ ուրիշ բան չունես անելու։

     Առաջարկ։ Ձեր շփումը ինքնահոսի մի թող։ Գրաֆիկումդ կանոնավոր ժամանակ հատկացրու, որը միայն կողակցիդ կտրամադրես։

     «Շատ եմ սիրում, երբ ամուսինս միայն երկուսիս համար ինչ-որ բան է ծրագրում։ Այդ ժամանակ ինձ կարևոր եմ զգում և հավաստիանում եմ, որ իմ ընկերակցությունը հաճելի է նրան։ Այդպես նրան ավելի շատ եմ սկսում սիրել» (Աննա)։

  •   Սովորիր էլեկտրոնային սարքերդ մի կողմ դնել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1

     Մտածիր։ Որքա՞ն հաճախ է լինում, որ հաղորդագրությունը կամ ծանուցումը շեղեն քեզ, ու դրանց պատճառով չկարողանաք լիարժեք ուշադրություն տրամադրել միմյանց։

     Առաջարկ։ Փորձեք ամեն օր գոնե մեկ անգամ ճաշել իրար հետ։ Այդ ընթացքում հեռախոսն այլ սենյակում թողեք։ Դա հիանալի հնարավորություն է օրվա իրադարձությունները միասին քննարկելու համար։

  •   Հնարավորության դեպքում տան գործերը կամ գնումները միասին արեք։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից» (Ժողովող 4։9

     Մտածիր։ Որքա՞ն հաճախ եք դու և կողակիցդ առանձին անում կենցաղային գործերը կամ գնումները։

     Առաջարկ։ Միասին արեք գործերը և օգնեք իրար, նույնիսկ եթե այդ գործերը կարող եք մենակ անել։

     «Ամենօրյա գնումներն անելը, սպասքը լվանալը, հագուստը դասավորելը, բակում աշխատելը և այլ բաները դիտեք որպես միմյանց հետ ժամանակ անցկացնելու լավ հնարավորություն» (Նինա)։

  •    Իրատես եղիր

     Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5

     Մտածիր։ Կողակցիցդ ունեցած ակնկալիքների հարցում ինչպե՞ս կարող ես ողջամտություն դրսևորել։

     Առաջարկ։ Քննարկեք, թե ինչ կարիքներ ունեք, և որոշեք, թե ինչ եք անելու, որ երկուսդ էլ գոհ լինեք։

     «Ամուսինս շատ առույգ մարդ է, իսկ ես վատ առողջության պատճառով քիչ էներգիա ունեմ։ Հաճախ ամուսնուս համոզում եմ, որ տնից դուրս գա, ցրվի, ես էլ տանը մնամ։ Իմ կարիքներից ելնելով՝ ես տանն եմ հանգստանում, իսկ նա էլ գնում է մարզվելու, քանի որ դա էլ իր կարիքն է։ Երբ երկուսիս կարիքները բավարարվում են, մեզ ավելի լավ ենք զգում» (Դանիելա)։

 Քննարկման ուղեցույց

 Նախ յուրաքանչյուրդ առանձին մտածեք հետևյալ հարցերի շուրջ։ Այնուհետև պատասխաններն իրար հետ քննարկեք։

  •    Դու և կողակիցդ բավականաչափ ժամանակ անցկացնո՞ւմ եք միասին։

  •   Այս հարցի հետ կապված՝ ինչի՞ համար կարող ես գովել կողակցիդ։

  •   Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիր, որ նա աներ։

  •   Որքա՞ն հաճախ է լինում, որ էլեկտրոնային սարքերի պատճառով լիարժեք ուշադրություն չտրամադրես կողակցիդ։

  •   Ինչպե՞ս կարող եք ողջամտություն դրսևորել ակնկալիքների հարցում։

  •   Այս շաբաթ ի՞նչ փոփոխություններ կարող եք անել յուրաքանչյուրդ, որ ոչինչ չխանգարի ձեր շփմանը։