ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպե՞ս երեխաների հետ խոսել ռասիզմի մասին
Փոքր տարիքում ձեր երեխան կարող է նկատել, որ որոշ մարդիկ այլ կերպ են վերաբերվում ուրիշներին նրանց մաշկի գույնի կամ ազգության պատճառով։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային չընկնել ռասայական նախապաշարումների ազդեցության տակ: Ի՞նչ կարող եք անել, եթե նրա հետ են վատ վերաբերվում իր ռասայի պատճառով։
Այս հոդվածում՝
Ինչպես երեխաներին բացատրել՝ ինչ է ռասան
Ինչ կարող ես ասել։ Մարդիկ տարբեր են իրենց արտաքինով և մշակութային առանձնահատկություններով, ինչը հիասքանչ է։ Սակայն այս տարբերությունների պատճառով ոմանք վատ են վերաբերվում մյուսներին։
Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ բոլորս մեկ նախահայր ենք ունեցել։ Այլ կերպ ասած՝ բոլորս ազգականներ ենք։
«[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (Գործեր 17։26)։
«Երբ մեր երեխաները շփվում են տարբեր ռասայի մարդկանց հետ, նրանք անձամբ են համոզվում, որ յուրաքանչյուր մարդ արժանի է, որ նրան վերաբերվեն սիրով և հարգանքով» (Քերըն)։
Ինչպես երեխաներին բացատրել՝ ինչ է ռասիզմը
Վաղ թե ուշ ձեր երեխան լուրերով կլսի պատմություններ, թե ինչպես են ոմանք անարդար վարվում այլ ռասայի պատկանող մարդկանց հետ կամ նույնիսկ հանցանք գործում նրանց դեմ: Ինչպե՞ս կարող եք բացատրել, թե ինչ է կատարվում: Շատ բան կախված է ձեր երեխայի տարիքից։
Նախադպրոցական շրջան։ «Parents» ամսագրում դոկտոր Էլիսոն Բրիսկո-Սմիթը գրում է. «Փոքր երեխաները շատ լավ հասկանում են, թե ինչն է արդար, ինչը՝ անարդար։ Դա անարդարության մասին խոսելու լավ առիթ կարող է լինել ձեզ համար»։
«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։
Նախապատանեկան շրջան։ 6-ից 12 տարեկան երեխաները հետաքրքրասեր են, երբեմն էլ դժվար հարցեր են տալիս։ Որքան հնարավոր է, այդ հարցերին լավ պատասխանեք։ Ձեր երեխաների հետ խոսեք դպրոցում և համացանցում տեսած բաների մասին։ Այդ քննարկումներից օգտվելով՝ բացատրեք նրանց, որ ռասայական նախապաշարումը սխալ է։
«Մեկ մտքի եղեք, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող, խոնարհամիտ» (1 Պետրոս 3։8)։
Պատանեկան շրջան։ Երեխաները կյանքի այս հատվածում կարողանում են ավելի բարդ բաներ ըմբռնել։ Ուստի այդ ժամանակ կարող եք ձեր երեխայի հետ քննարկել ռասայական խտրականության մասին լուրերը։
«Հասուն [մարդիկ].... իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։
«Մենք մեր երեխաների հետ խոսում ենք ռասիզմի մասին, քանի որ դրան ինչ-որ պահի կբախվեն՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում: Եթե նրանք տանը չլսեն այդ թեմայի մասին, ապա կարող են որդեգրել ուրիշների մտածելակերպը և ապատեղեկատվության զոհ դառնալ» (Տանյա):
Ինչպես լավ օրինակ լինել
Երեխաները սովորում են օրինակով, ուստի կարևոր է, որ դուք՝ որպես ծնողներ, ուշադիր լինեք ձեր խոսքերին և արարքներին։ Օրինակ.
Դուք կատակներ անո՞ւմ եք այլ ռասաների մարդկանց մասին, նսեմացնո՞ւմ եք նրանց։ Երեխաների և դեռահասների հոգեբուժության ամերիկյան ակադեմիան նշում է. «Ձեր երեխաները դիտում և լսում են ձեզ ու բնականաբար ընդօրինակում ձեր վարքագիծը»։
Սիրո՞ւմ եք ժամանակ անցկացնել տարբեր ազգերի մարդկանց հետ: Մանկաբույժ Էլաննա Նզոման ասում է. «Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները.... լավ հարաբերություններ ունենան տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ, նրանք պետք է տեսնեն, որ դուք էլ եք այդպես վարվում»։
«Պատվեք ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17)։
«Տարիներ շարունակ մեր ընտանիքը աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց է հյուրընկալել։ Մենք ծանոթացել ենք նրանց սննդին և երաժշտությանը և նույնիսկ կրել նրանց ավանդական հագուստները: Մենք մեր երեխաների հետ խոսել ենք մարդկանց մասին, ոչ թե նրանց ռասայի: Մենք նաև չենք պարծեցել մեր սեփական մշակույթով» (Կատարինա)։
Եթե քո երեխան է նախապաշարման զոհ դարձել
Թեև մարդիկ խոսում են հավասարության մասին, սակայն ռասիզմը շատ տարածված է, իսկ դա նշանակում է, որ ձեր երեխայի հանդեպ կարող են անբարյացակամ լինել, հատկապես, եթե նա համարվում է փոքրամասնության ներկայացուցիչ։ Եթե նման բան տեղի ունենա.
Տեղեկացեք փաստերին: Արդյո՞ք վիրավորանքը միտումնավոր էր, թե՞ պարզապես անմտածված (Հակոբոս 3։2)։ Արժե՞ պատասխանատվության ենթարկել վիրավորողին, թե՞ միջադեպը կարող է անտեսվել։
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է հավասարակշռված լինել։ Աստվածաշունչը իմաստուն խորհուրդ է տալիս. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել» (Ժողովող 7։9)։ Ճիշտ է, ռասիզմը լուրջ խնդիր է, բայց դա չի նշանակում, որ ամեն անարդար վերաբերմունքի կամ վիրավորանքի հիմքում դա է ընկած։
Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է, ուստի նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարզեք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
«Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է» (Առակներ 18։13)։
Փաստերին ծանոթանալուց հետո հարցրու ինքդ քեզ.
Արդյո՞ք ճիշտ կլինի, որ երեխաս յուրաքանչյուր անարդար վերաբերմունքի վերաբերյալ ենթադրի, որ իրեն վիրավորում են իր ռասայի պատճառով։
Երեխաս օգուտ կքաղի՞, եթե հետևի աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր» (Ժողովող 7։21)։
«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5)։
Ինչ անել, եթե միտումնավոր են վիրավորել։ Օգնեք ձեր երեխային հասկանալ, որ ամեն ինչ կարող է լավ կամ վատ լինել՝ կախված նրանից, թե ինքն ինչպես է արձագանքում: Երբեմն այն մարդը, ով ծաղրում, վիրավորում կամ կռվում է մեկ այլ մարդու հետ, արձագանքի է սպասում։ Նման դեպքերում լավագույն պատասխանը չպատասխանելն է։
«Փայտ չլինելիս կրակը հանգչում է» (Առակներ 26:20)։
Մյուս կողմից, եթե երեխայի համար անվտանգ է, ապա նա կարող է խոսել վիրավորողի հետ։ Գուցե նա ասի (խաղաղ կերպով). «Ես չեմ կարծում, որ քո ասածը (կամ արածը) ճիշտ էր»:
Եթե ցանկանում եք հայտնել դեպքի մասին: Եթե ձեր երեխայի բարեկեցությունը վտանգված է, կամ ինչ-որ այլ պատճառով կարծում եք, որ իրավիճակը չպետք է անտեսվի, խոսեք դպրոցի տնօրինության հետ կամ նույնիսկ, ըստ անհրաժեշտության, ոստիկանություն դիմեք: