Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս խուսափել ամուսնալուծությունից 50-ն անց տարիքում

Ինչպե՞ս խուսափել ամուսնալուծությունից 50-ն անց տարիքում

 1990-2015 թթ. ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում ամուսնալուծությունների թիվը 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում կրկնապատկվել է, իսկ 65-ն անց մարդկանց շրջանում՝ եռապատկվել։ Տարեց մարդկանց շրջանում ամուսնալուծությունների աճող թիվը նկարագրելու համար հետազոտողները նոր արտահայտություն են ստեղծել՝ «ալեհեր ամուսնալուծություն»։ Իսկ ո՞րն է այդ ամուսնալուծությունների պատճառը։ Ինչպե՞ս կարող եք ձեր ամուսնությունը ապահովագրել դրանից։

Այս հոդվածում՝

 Ինչո՞ւ են 50-ն անց զույգերը ամուսնալուծվում

  •    Հաճախ տարիքով զույգերի ամուսնալուծության պատճառը լինում է այն, որ նրանք աստիճանաբար օտարանում են իրարից։ Ժամանակի ընթացքում որոշ կողակիցներ տարբեր հետաքրքրություններ են ձեռք բերում, և շուտով թվում է, թե ընդհանուր շատ քիչ բան ունեն։ Այլ զույգեր էլ երեխաների հեռանալուց հետո պարզում են, որ այնքան կենտրոնացած են եղել հոր և մոր դերի վրա, որ մոռացել են, թե ինչպես լինել ամուսին և կին։

  •    Վերջին տասնամյակներում այսպես կոչված մասնագետները կողակիցներին խորհուրդ են տալիս կենտրոնանալ սեփական կարիքների վրա, օրինակ՝ մտածել. «Արդյո՞ք ամուսնությունս երջանկացնում է ինձ։ Ավելի լա՞վ մարդ է դարձնում։ Կողակիցս բավարարո՞ւմ է իմ էմոցիոնալ կարիքները»: Եթե այս հարցերի պատասխանը բացասական է, ապա մասնագետների կարծիքով՝ պետք է անեք այն, ինչ լավագույնն է ձեզ համար՝ ամուսնալուծվեք և նոր կյանք սկսեք։

  •   Ամուսնալուծությունը այլևս խայտառակության դրոշմ չէ։ Սոցիոլոգ Էրիկ Կլայնենբերգը գրել է. «Ոչ վաղ անցյալում, եթե մեկը գոհ չէր իր կողակցից և ցանկանում էր ամուսնալուծվել, պետք է հիմնավոր պատճառներ բերեր։ Բայց այսօր պատկերը ճիշտ հակառակն է։ Հիմա, եթե գոհ չես ամուսնությունիցդ, պետք է հիմնավորես, թե ինչու չես ամուսնալուծվում։ Պատճառն այն է, որ շուրջբոլորը մեծ շեշտ է դրվում սեփական «ես»-ի վրա»։ a

 Ինչ խոսք, ամուսնալուծությունը հաճախ խնդիրները մի հարթակից տեղափոխում է մեկ այլ հարթակ։ Օրինակ, մի ուսումնասիրության համաձայն, «50-ից հետո ամուսնալուծությունը ֆինանսական ծանր բեռ է առաջացնում, հատկապես կանանց համար»։

 Մի բան էլ պետք է հաշվի առնել։ «Մի՛ ամուսնալուծվիր» գրքում ասվում է. «Եթե անգամ փորձում ես նոր կյանք սկսել, դու մնում ես նույնը։ Ի՞նչ ես արել, որ փոխես կողակցիդ հետ հաղորդակցման ձևը, որը լավ արդյունքներ չի բերել։ Ի՞նչ ես արել, որ տարաձայնությունների ժամանակ ավելի ճիշտ արձագանքես»։ b

 Ինչ կարող եք անել

  •   Ընդունեք փոփոխությունները։ Ոչ մի հարաբերություն միշտ նույնը չի մնում։ Ձեր հարաբերությունները գուցե փոխվել են, քանի որ երեխաները այլևս ձեզ հետ չեն ապրում, կամ էլ տարբեր հետաքրքրություններ եք ձեռք բերել։ Անցյալին կարոտով նայելու փոխարեն՝ մտածեք, թե ինչը կարող եք բարելավել հիմա։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստությունից չէ, որ տալիս ես այս հարցը» (Ժողովող 7։10

  •   Նոր շունչ հաղորդեք ձեր ընկերությանը։ Կարո՞ղ եք հետաքրքրվել նրանով, ինչով այժմ ձեր կողակիցն է հետաքրքրվում, կամ առաջարկել զբաղվել մի բանով, ինչը ձեզ է դուր գալիս։ Իսկ կարո՞ղ եք երկուսիդ հաճելի մի նոր բան անել կամ սովորել։ Ձեր նպատակը պետք է լինի միասին ժամանակ անցկացնելը, որպեսզի լինեք կողակիցներ, ոչ թե սենյակակիցներ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24

  •   Լավ վարվելակերպ ունեցեք։ Թույլ մի՛ տվեք, որ ժամանակի պատճառով դառնաք պակաս քաղաքավարի։ Ձեր կողակցի հետ հարգանքով խոսեք և փորձեք այնպիսի վարվելակերպ ունենալ, ինչպիսին ժամադրվելիս։ Օգտագործեք «խնդրում եմ» և «շնորհակալություն» բառերը։ Շարունակ սեր ու գնահատանք արտահայտեք այն ամենի համար, ինչ ձեր կողակիցն անում է։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից» (Եփեսացիներ 4։32

  •   Հիշեք միասին անցկացրած լավ օրերը։ Միասին թերթեք ձեր հարսանեկան լուսանկարների ալբոմը, կամ էլ աչքի անցկացրեք այն միջոցառումների նկարները, որոնց միասին մասնակցել եք։ Այդպես վարվելով՝ կպահպանեք ու վերստին կբորբոքեք միմյանց հանդեպ ձեր սերն ու հարգանքը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33

a «Միայնության ճանապարհ. միայնակ ապրելու արտասովոր տենդենցը և ապշեցնող գրավչությունը» գրքից (Going Solo—The Extraordinary Rise and Surprising Appeal of Living Alone)։

b Ըստ Աստվածաշնչի՝ ամուսնալուծության միակ հիմքը ամուսնական դավաճանությունն է (Մատթեոս 19։5, 6, 9)։ Ընթերցեք «Աստվածաշունչը թույլատրո՞ւմ է ամուսնալուծվել» հոդվածը։