ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պաշտպանեք ձեր երեխային պոռնկագրությունից
«Այնպես չէր, որ չէինք հասկանում, թե որքան վտանգավոր է պոռնկագրությունը. մենք լիովին գիտակցում էինք դրա լրջությունը։ Պարզապես չէինք պատկերացնում, թե մեր դուստրը որքան հեշտ կարող է հանդիպել դրան» (Նիկոլ)։
Այս հոդվածում՝
Ինչ պետք է իմանաք
Երեխաները կարող են պոռնկագրության հանդիպել շատ վաղ հասակում։ Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին անգամ պոռնկագրական նյութերի հանդիպող երեխաների միջին տարիքը այժմ 11 է։
Երեխաները կարող են պոռնկագրության հանդիպել առանց այն փնտրելու։ Օրինակ՝ նրանց առաջ կարող է պոռնկագրական նյութ բացվել, երբ անվնաս որոնումներ են կատարում ինտերնետում կամ օգտվում են սոցցանցերից։ Պոռնկագրական գովազդները կարող են հանկարծակի հայտնվել էկրանին, երբ երեխան օնլայն տեսախաղեր է խաղում։ Պոռնկագրությունը հասանելի է տարբեր ձևաչափերով. առավել տարածված են լուսանկարներն ու տեսանյութերը։ Սակայն հեշտ է նաև գտնել էրոտիկ բնույթի գրավոր նյութեր կամ ձայնագրություններ, որոնք հասանելի են օնլայն տարբերակով կամ ներբեռնման համար։
Ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք էլ այն է, որ երեխան կարող է ինչ-որ մեկից այդպիսի նյութեր ստանալ էլեկտրոնային տարբերակով, օրինակ՝ հաղորդագրությունների միջոցով։ Մի ուսումնասիրության շրջանակներում, որին մասնակցել են ավելի քան 900 պատանիներ, աղջիկների մոտ 90 տոկոսը և տղաների մոտ 50 տոկոսն ասել են, որ իրենց դասընկերներից կանոնավոր կերպով ստացել են մերկ մարդկանց լուսանկարներ կամ տեսանյութեր։
Ամենատարածված պոռնկագրությունը հաճախ ուղեկցվում է բռնությամբ։ Հեշտությամբ հասանելի և լայնորեն տարածված պոռնկագրությունը, որպես կանոն, բռնության տեսարաններ է պարունակում, հաճախ՝ կանանց նկատմամբ։
Պոռնկագրությունը վնասում է երեխաներին։ Համաձայն ուսումնասիրությունների՝ ավելի հավանական է, որ պոռնկագրություն դիտող երեխաները...
վատ առաջադիմություն ունենան դպրոցում,
տառապեն տագնապային խանգարումներով, դեպրեսիայով կամ ունենան ցածր ինքնագնահատական,
սեռական ագրեսիան համարեն նորմալ վարքագիծ։
Ամփոփում: Պոռնկագրությունը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների վրա։ Ծնողներից ավելի լավ՝ ոչ ոք չի կարող պաշտպանել նրանց։
Աստվածաշնչյան սկզբունք. «Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6:6, 7)։
Ինչպես պաշտպանել երեխային պոռնկագրությունից
Եղեք տեղեկացված։ Մտածեք, թե ձեր երեխան երբ և որտեղ կարող է պոռնկագրության հանդիպել։ Օրինակ՝ դասամիջոցներին ունի՞ չվերահսկվող ինտերնետային հասանելիություն։
Իմացեք, թե նրա հեռախոսը անվտանգության ինչ ֆունկցիաներ ունի։ Նաև ծանոթացեք այն հավելվածներին և տեսախաղերին, որոնք օգտագործում է։ Օրինակ՝ որոշ հավելվածներ ունեն «անհետացող» հաղորդագրության ֆունկցիան, որի դեպքում ոչ պատշաճ հաղորդագրությունը, լուսանկարը կամ տեսանյութը կարճ ժամանակ անց ջնջվում է։ Բացի այդ՝ բազմաթիվ օնլայն տեսախաղեր թույլ են տալիս, որ խաղացողները պոռնկագրություն դիտեն և նույնիսկ խաղի ընթացքում ներքաշվեն սեռական բնույթի վիրտուալ գործողությունների մեջ։
«Իմ փորձից եմ ասում. եթե երեխան սմարթֆոն ունի, ապա ծնողը պետք է իմանա՝ դրա մեջ ինչ ֆունկցիաներ կան, ինչպես միացնել ծնողական վերահսկողության ռեժիմը և ինչպես ստուգել, թե երեխան ինչ է անում այդ սարքով» (Դեյվիդ)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում» (Առակներ 18։15)։
Ամեն կերպ պաշտպանեք երեխային պոռնկագրությունից։ Քայլեր ձեռնարկեք, որ նվազեցնեք ռիսկերը։ Օրինակ՝ երեխայի հեռախոսի և տան մյուս սարքերի վրա այնպիսի կարգավորումներ դրեք, որ անպատշաճ նյութերը արգելափակվեն։ Միացրեք ծնողական վերահսկողության ռեժիմը։ Իմացեք երեխայի կողմից օգտագործվող բոլոր գաղտնաբառերը։
«Ես միացրել եմ ծնողական վերահսկողության ռեժիմը, սահմանափակել եմ այն ծրագրերը, որոնցից տղաս կարող է օգտվել սմարթ հեռուստացույցով, և գիտեմ նրա սմարթֆոնի կոդը։ Դա շատ արդյունավետ է» (Մաուրիցիո)։
«Ես որդիներիս թույլ չեմ տալիս տեսանյութեր դիտել, երբ իրենց սենյակում են և դուռը փակ է։ Նաև թույլ չեմ տալիս, որ քնի ժամին իրենց սարքերը ննջասենյակ տանեն» (Ջինլուկա)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։
Պատրաստեք երեխային։ Ֆլավիա անունով մի մայր ասում է. «Որոշ ծնողներ խուսափում են իրենց երեխայի հետ պոռնկագրության մասին խոսելուց՝ համոզված լինելով, որ նա երբեք չի առերեսվի դրան»։ Ծնողների մի մասն էլ կարծում է, որ եթե խոսի այդ թեմայով, երեխան գուցե սկսի այդպիսի նյութեր փնտրել։ Սակայն այս մտածելակերպը վտանգավոր է։ Իմաստուն ծնողը սովորեցնում է իր երեխային պոռնկագրության վտանգների մասին նախքան նա կբախվի դրան։ Իսկ ինչպե՞ս անել դա։
Սովորեցրեք փոքր տարիքի երեխային, թե ինչ պետք է անի, եթե հանդիպի անպատշաճ նյութի։ Օրինակ՝ նա կարող է փակել աչքերը կամ անջատել սարքը։ Հորդորեք, որ իր տեսածի կամ լսածի մասին խոսի ձեզ հետ։ a
«Վաղ հասակից որդուս հետ խոսում էի պոռնկագրության վտանգների մասին։ Երբ նա մոտ 11 տարեկան էր, հեռախոսում նրա բեռնած խաղի մեջ սկսեցին պոռնկագրական գովազդներ հայտնվել։ Դրանց կից կային նաև հրավերներ, որոնք խրախուսում էին ուղարկել իր նկարները։ Քանի որ արդեն քննարկել էինք, թե ինչ է պետք անել նման իրավիճակում, նա անմիջապես եկավ ու պատմեց ինձ պատահածի մասին» (Մաուրիցիո)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։
Սովորեցրեք դեռահաս երեխային, թե ինչպես դիմադրել պոռնկագրություն դիտելու, լսելու և կարդալու գայթակղությանը։ Օրինակ՝ օգնեք նրան, որ ընտանեկան կանոնների հիման վրա մի պայմանագիր պատրաստի. նշի, թե պոռնկագրության բախվելիս ինչ քայլեր պետք է անի և թե ինչու է ցանկանում այդպես վարվել։ Նաև խնդրեք, որ գրի առնի դիտավորյալ պոռնկագրություն դիտելու հետևանքները, ինչպիսիք են ինքնահարգանքի ու ծնողների վստահության կորուստը և Աստծու հետ վնասված փոխհարաբերությունները։ b
«Երեխայի մեծանալուն զուգընթաց բացատրեք, թե պոռնկագրություն դիտելու վայրկենական գայթակղության հետևում ինչ երկարատև հետևանքներ են թաքնված» (Լորետա)։
«Եթե մեր երեխաները հասկանան ոչ միայն պոռնկագրության վտանգները, այլև դրա հանդեպ Եհովայի զգացմունքները, նրանց համար ավելի հեշտ կլինի դիմադրել գայթակղությանը» (Դեյվիդ)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստությունը.... պաշտպանություն է տալիս» (Ժողովող 7։12)։
Կանոնավոր խոսեք։ Որքան էլ դժվար է ընդունել, երեխաները ցանկանում են ծնողների հետ խոսել սեռական հարցերի, այդ թվում՝ պոռնկագրության մասին։ Անգլիայում երեխաների հարցերով հանձնակատար տիկին Ռեյչլ դե Սյուզան ասում է. «Երեխաների վերաբերյալ մի պարզ ճշմարտության մեջ ենք համոզվել. պետք է խոսել վաղ և խոսել հաճախ։ Երեխաները ցանկանում են իրենց տարիքին համապատասխան զրույցներ ունենալ այդ թեմայով և հասունանալուն զուգընթաց ավելի շատ ինֆորմացիա ստանալ»։
«Կային թեմաներ, որոնք ծնողներս այդպես էլ չքննարկեցին ինձ հետ։ Երանի՜ ավելի բաց ու ազատ հաղորդակցություն ունենայինք։ Այժմ, երբ ես եմ ծնող, իմ լավագույնն եմ անում, որպեսզի երեխաներիս հետ հանգիստ և անկաշկանդ խոսեմ սեքսի մասին» (Ֆլավիա)։
Եթե ձեր երեխան պոռնկագրական նյութի է բախվել
Հանդարտ մնացեք։ Եթե պարզել եք, որ ձեր երեխան պոռնկագրական նյութ է դիտել, լսել կամ կարդացել, փորձեք վերահսկել ձեր արձագանքը։ Հնարավոր է՝ նա արդեն իսկ ցնցված է, ամաչում է ու մեղավոր զգում տեղի ունեցածի համար։ Եթե բարկությամբ արձագանքեք, նա իրեն ավելի վատ կզգա, և հնարավոր է՝ ապագայում այլևս չխոսի այդ մասին ձեզ հետ։
Աստվածաշնչյան սկզբունք. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է» (Առակներ 17։27)։
Տեղեկացեք փաստերին։ Հապճեպ եզրակացություններ անելու փոխարեն հարցեր տվեք, որպեսզի իմանաք, թե երեխան ինչպես է պոռնկագրության առնչվել։ Օրինակ՝ նրան ուղարկե՞լ են այդ նյութերը, թե՞ ինքն է գտել։ Դա առաջի՞ն դեպքն է, թե՞ նախկինում էլ է եղել։ Նրա օգտագործած սարքում միացվա՞ծ են անպարկեշտ նյութեր արգելափակող ֆիլտրերը կամ ծնողական վերահսկողության ռեժիմը։ Եթե այո, արդյո՞ք փորձել է շրջանցել դրանք։ Հիշեք. ձեր նպատակն է մղել երեխային, որ արտահայտվի, ոչ թե հարցաքննել նրան։
Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակներ 20։5)։
Քայլեր ձեռնարկեք։ Օրինակ՝ եթե ձեր երեխան պատահմամբ է պոռնկագրության հանդիպել, կարող եք սարքի մեջ ստուգել ծնողական վերահսկողության կարգավորումները և անպարկեշտ նյութեր արգելափակող ֆիլտրերը։
Եթե պարզեք, որ երեխան է պոռնկագրական նյութեր փնտրել, խրատեք նրան սիրով, բայց հաստատակամորեն։ Երեխայի մեջ ամրացրեք պոռնկագրությունը մերժելու ցանկությունը՝ նրա հետ տրամաբանելով այնպիսի համարների շուրջ, ինչպիսիք են Հոբ 31։1-ը, Սաղմոս 97։10-ը և Սաղմոս 101։3-ը։ c Տեղեկացրեք, որ ամեն շաբաթ խոսելու եք նրա հետ, որպեսզի տեսնեք թե՛ առաջընթացը, թե՛ նրան օգնելու համար հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Աստվածաշնչյան սկզբունք. «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։
a Իմացեք, թե ինչպես կարելի է երեխայի տարիքին համապատասխան զրույցներ վարել սեքսի մասին՝ կարդալով «Ինչպե՞ս սեռական դաստիարակություն տալ երեխաներին» հոդվածը։
b Պայմանագրում հավելյալ մտքեր ընդգրկելու համար օգտվեք «Ինչպես մերժել պոռնկագրությունը» գրառումների էջից։
c Կարող եք նաև միասին քննարկել «Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը» հոդվածը։