Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեղծագործական խաղեր. ի՞նչ օգուտ դրանք կարող են տալ ձեր երեխային

Ստեղծագործական խաղեր. ի՞նչ օգուտ դրանք կարող են տալ ձեր երեխային

 Ստեղծագործական խաղերը ժամանցի այն տեսակներն են, որոնք խթանում են երեխայի հետաքրքրասիրությունն ու երևակայությունը՝ նպաստելով նրա մտքի և հմտությունների զարգացմանը։

 Այդպիսի ժամանցի ձևերից են՝

  •   նկարելը

  •   կերակուր պատրաստելը

  •   տուն-տունիկ խաղալը

  •   երգելը

  •   կոնստրուկտոր հավաքելը

  •   պարզ իրերով խաղերը (անգամ ստվարաթղթե տուփը կարող է խթանել երևակայությունը)։

 Շատ երկրներում ստեղծագործական խաղերը փոխարինվել են պասիվ զբաղմունքներով, օրինակ, երբ երեխաներն ուղղակի դիտում են զվարճալի բան, կամ ինչ-որ մեկի կազմակերպած ժամանցով։

 Դա պե՞տք է արդյոք անհանգստացնի քեզ։

 Ինչ պետք է իմանաս

  •   Ստեղծագործական խաղերը նպաստում են երեխայի զարգացմանը։ Դրանք կարող են բարելավել ֆիզիկական և հոգեկան առողջությունը, զարգացնել երևակայությունն ու հաղորդակցման հմտությունները։ Նաև կարող են զարգանալ երեխաների՝ որոշումներ կայացնելու ունակությունը և համբերատարությունը։ Նրանք կսովորեն ավելի լավ կառավարել իրենց զգացմունքները և համերաշխ խաղալ խմբում։ Կարճ ասած՝ ստեղծագործական խաղերը երեխային նախապատրաստում են հասուն կյանքին։

  •   Էլեկտրոնային մեդիան կարող է վնասակար լինել։ Էլեկտրոնային սարքերից չափից շատ օգտվելը կարող է կախվածություն առաջացնել, հանգեցնել ճարպակալման և ագրեսիվ պահվածքի։ Այն ծնողները, որոնց նախադպրոցական երեխաների համար էլեկտրոնային սարքերը դայակի դեր են կատարում, պետք է զգույշ լինեն։

  •   Նախապես կազմակերպված ժամանցի ձևերը ունեն իրենց վատ կողմերը։ Երբ ծնողները չափից շատ բաներ են կազմակերպում երեխաների համար, ազատ ժամանակ չի մնում, որ երեխաներն այնպիսի խաղերով զբաղվեն, որոնք կզարգացնեն նրանց ստեղծագործական մտածողությունը և հետաքրքրասիրությունը։

 Ինչ կարող ես անել

  •   Հնարավորություն տուր երեխաներիդ խաղալու ստեղծագործական խաղեր։ Որքան որ թույլ են տալիս հանգամանքները, երեխաներիդ թույլ տուր, որ դրսում ժամանակ անցկացնեն ու բնության գրկում լինեն։ Նրանց խրախուսիր այնպիսի հոբբիներով զբաղվել և խաղալիքներով խաղալ, որոնք կզարգացնեն նրանց ստեղծագործական երևակայությունը։ a

     Մտածիր։ Երեխան ի՞նչ հատկություններ ու հմտություններ կարող է զարգացնել ստեղծագործական խաղերի օգնությամբ։ Իսկ դրանք ի՞նչ օգուտ կտան երեխային հետագայում։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մարմնին վարժութիւնը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։

  •   Սահմանափակիր էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Լավ մտածիր նախքան երեխային հեռախոսի, պլանշետի կամ հեռուստացույցի առաջ նստեցնելը։ Մանկաբույժները խորհուրդ են տալիս 2 տարեկանից փոքր երեխաներին էկրանի առաջ չնստեցնել, իսկ 2–5 տարեկան երեխաներին՝ առավելագույնը մեկ ժամ։ b

     Մտածիր: Առավելագույնը քանի՞ ժամ եմ թույլատրելու երեխայիս նստել էկրանի առջև։ Այդ ընթացքում նրա հե՞տ եմ լինելու։ Ի՞նչ այլընտրանք կարող եմ գտնել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16

  •   Վերանայեք կազմակերպված ծրագրերը։ Ճիշտ է, դրանք կարող են օգնել, որ երեխան հմտանա տարբեր բնագավառներում, այդ թվում՝ որևէ սպորտաձևի մեջ, սակայն հաճախ դրանց «չափաբաժինը» գերազանցելը կարող է սթրեսի պատճառ դառնալ ոչ միայն երեխայի, այլև ծնողի համար, որը, օրինակ, պետք է հոգ տանի տրանսպորտի մասին։ Իհարկե, այս պարագայում նույնպես կիրառելի է ժամանակն իմաստնորեն օգտագործելու՝ Եփեսացիներ 5:15, 16-ի սկզբունքը։

     Մտածիր։ Երեխաներս շա՞տ են ծանրաբեռնված կազմակերպված ծրագրերով։ Եթե այո, ի՞նչ փոփոխություններ կարող ենք անել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

a Ժամանակակից խաղալիքներից շատերը ստեղծագործական ունակությունների դրսևորման հնարավորություն չեն տալիս։ Իսկ պարզ խաղալիքները կամ առարկաները՝ կոնստրուկտորներից մինչև ստվարաթղթե տուփերը, երեխային թույլ են տալիս գործի դնել երևակայությունը։

b Դա վերաբերում է ոչ թե հարազատների հետ ունեցած տեսազանգին կամ ընտանիքի հետ հոգևոր ծրագրեր դիտելուն, այլ զվարճություններին։