Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ինչպես օգնել երեխային, երբ նա ձախողումներ է ունենում

Ինչպես օգնել երեխային, երբ նա ձախողումներ է ունենում

 Վաղ թե ուշ ձեր երեխան ձախողումներ կունենա և հիասթափություն կապրի։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրան ոտքի կանգնելու ձախողումներից հետո։

 Ինչ պետք է իմանաք

 Ձախողումները կյանքի անբաժանելի մասն են։ Աստվածաշունչն ասում է, որ «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։ Երեխաները նույնպես սխալվում են։ Սակայն անհաջողությունները իրենց դրական կողմն ունեն՝ դրանք երեխաներին հնարավորություն են տալիս կամքի ուժ զարգացնելու։ Երեխաները անպայման չէ, որ ծնվեն այս ունակությամբ, սակայն նրանք կարող են զարգացնել այն։ Լորա անունով մի մայր ասում է. «Ես ու ամուսինս նկատել ենք, որ երեխայի համար ավելի լավ է սովորել չհուսահատվել ձախողումների պատճառով, քան ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Նա կարող է սովորել թևաթափ չլինել, երբ ինչ-որ բան իր ակնկալածի պես չի ընթանում»։

 Շատ երեխաներ ձախողվելիս բոլորովին հուսահատվում են։ Որոշ երեխաներ չեն սովորել ոտքի կանգնել ձախողումներ ունենալիս, քանի որ նրանց ծնողները թույլ չեն տալիս, որ նրանք պատասխանատվություն կրեն իրենց սխալների համար։ Օրինակ՝ եթե երեխան ցածր գնահատական է ստանում, որոշ ծնողներ անմիջապես մեղադրում են ուսուցչին։ Եթե երեխան վիճում է ընկերոջ հետ, ծնողները անմիջապես մեղադրում են ընկերոջը։

 Եվ իսկապես, ինչպե՞ս կարող է երեխան սովորել ընդունել իր սխալները, եթե ծնողները պաշտպանում են նրան այդ սխալների բոլոր հետևանքներից։

 Ինչ կարող եք անել

  •   Սովորեցրեք երեխային, որ նրա արարքները հետևանքներ ունեն։

     Աստվածաշունչն ասում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

     Յուրաքանչյուր արարք որոշակի պտուղ է բերում։ Յուրաքանչյուր վնասի դիմաց հարկավոր է վճարել։ Յուրաքանչյուր սխալ իր բացասական հետևանքն ունի։ Երեխաները պետք է իմանան պատճառահետևանքային կապի սկզբունքի մասին և պատասխանատվության իրենց բաժինը կրեն տեղի ունեցածի համար։ Ուստի ձեր երեխայի սխալների համար մի՛ մեղադրեք ուրիշներին և մի՛ արդարացրեք նրան։ Փոխարենը՝ թույլ տվեք, որ նա իր տարիքին համապատասխան ողջամտության սահմաններում կրի իր արածի հետևանքները։ Ինչ խոսք, երեխան պետք է նաև կարողանա հստակ տեսնել իր սխալ արարքների և դրանց հետևանքների միջև կապը։

  •   Օգնեք երեխային լուծումներ գտնելու։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա» (Առակներ 24։16

     Ձախողումը կարող է ցավալի լինել, բայց դա աշխարհի վերջը չէ։ Օգնեք երեխային, որ նա, փոխանակ մտածելու՝ տվյալ իրավիճակը արդար էր, թե անարդար, կենտրոնանա խնդրի լուծումը գտնելու վրա։ Օրինակ՝ եթե ձեր որդին դպրոցում լավ չի հանձնել քննությունը, օգնեք նրան տեսնելու, թե ինչպես կարող է վերահսկել իրավիճակը՝ ավելի ջանասիրաբար սովորելով և վճռելով հաջորդ անգամ ավելի լավ հանձնել այն (Առակներ 20:4)։ Եթե ձեր աղջիկը վիճել է ընկերուհու հետ, օգնեք նրան հասկանալու, թե ինչպես կարող է նախաձեռնություն վերցնել, որ ներողություն խնդրի և հաշտվի՝ անկախ նրանից, թե ում մեղքի բաժինն է ավելի մեծ (Հռոմեացիներ 12:18; 2 Տիմոթեոս 2:24

  •   Սովորեցրեք երեխային համեստ լինել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել» (Հռոմեացիներ 12։3

     Երեխային ասելը, որ նա ինչ-որ բնագավառում «լավագույնն է», ո՛չ իրատեսական է և ո՛չ էլ օգտակար։ Ի վերջո, նույնիսկ այն երեխաները, ովքեր գերազանց են սովորում դպրոցում, ամեն անգամ չէ, որ բարձր գնահատական են ստանում։ Եվ նրանք, ովքեր որոշակի սպորտաձևում գերազանց ունակություններ ունեն, միշտ չէ, որ հաղթում են։ Իրականում, իրենց մասին համեստ կարծիք ունեցող երեխաները սովորաբար թևաթափ չեն լինում ձախողումներ կրելուց և հիասթափություններ ապրելուց հետո։

     Աստվածաշունչն ասում է, որ դժվարությունները կարող են ավելի ուժեղ դարձնել մեզ և օգնել զարգացնելու տոկունություն, կամ՝ դիմացկունություն (Հակոբոս 1:2–4)։ Ուստի թեև ձախողումներն ու անհաջողությունները հիասթափություն են պատճառում, սակայն դուք կարող եք օգնել ձեր երեխային իրատեսորեն նայելու իրավիճակին։

     Երեխաներին կամքի ուժ, ինչպես և ցանկացած ունակություն դրսևորել սովորեցնելը ժամանակ և ջանք է պահանջում։ Սակայն ձեր ջանքերը կվարձատրվեն, երբ նրանք մտնեն պատանեկության շրջան։ Մի գրքում ասվում է. «Այն պատանիները, ովքեր սովորել են հաղթահարել դժվարությունները, քիչ հավանական է, որ ճնշումների տակ լինելիս վտանգավոր և հապճեպ որոշումներ կկայացնեն։ Շատ ավելի հավանական է, որ նրանք ճիշտ լուծումներ կգտնեն նոր և անսպասելի իրավիճակներում» (Letting Go With Love and Confidence)։ Ինչ խոսք, ուժեղ կամքի տեր անձնավորություն լինելը կօգնի երեխային նաև հասուն տարիքում։

 Առաջարկ։ Լավ օրինակ եղեք։ Հիշե՛ք, ձեր երեխան կսովորի հաղթահարել իր կյանքի հիասթափությունները, երբ տեսնի, թե դուք ինչպես եք հաղթահարում կյանքում ունեցած ձեր հիասթափությունները։