Անցնել բովանդակությանը

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ԵՂԻԱ

Նա տոկաց մինչև վերջ

Նա տոկաց մինչև վերջ

 Եղիան լուր էր ստացել. Աքաաբ թագավորը մահացել էր։ Տարեց մարգարեն մտազբաղ շոյում էր իր մորուքը։ Նրա հայացքը մշուշոտ էր, իսկ մտքերը սավառնում էին հեռուները՝ դեպի անցյալի էջերը, երբ տասնամյակներ շարունակ նա բազմիցս առնչվել էր այդ չար թագավորի հետ։ Եղիան շատ դժվարությունների էր տոկացել։ Նրա վրա սպառնալիքներ էին տեղացել, նրան հետապնդել էին, նա նույնիսկ կանգնել էր մահվանը դեմ հանդիման, և այս բոլորը եղել էր Աքաաբի ու թագուհու՝ Հեզաբելի ձեռքով։ Թագավորը ոչ մի բան չէր ձեռնարկել, որպեսզի կանգնեցներ Հեզաբելին և թույլ չտար նրան սպանել Եհովայի բազմաթիվ մարգարեներին։ Այդ զույգը, ագահությունից դրդված, նաև դավադրություն էր կազմակերպել, որպեսզի սպաներ Նաբովթ անունով անմեղ և արդար մի մարդու ու նրա որդիներին։ Ի պատասխան՝ Եղիան հայտնել էր Եհովայի դատաստանական խոսքերը Աքաաբի ու նրա ողջ թագավորական տան դեմ։ Եվ ահա Աստծու խոսքերն այժմ իրագործվել էին։ Աքաաբը մահացել էր հենց այնպես, ինչպես Եհովան կանխագուշակել էր (1 Թագավորներ 18։4; 21։1–26; 22։37, 38; 2 Թագավորներ 9։26

 Այնուամենայնիվ, Եղիան գիտեր, որ պետք է շարունակեր տոկալ։ Հեզաբելը դեռ ողջ էր և շարունակում էր իր սոսկալի ազդեցությունը գործադրել ընտանիքի և ազգի վրա։ Եղիային առջևում ավելի շատ դժվարություններ էին սպասում, և նա դեռ պետք է կրթեր իր համագործակցին, որը հաջորդելու էր իրեն՝ Եղիսեին։ Տեսնենք, թե որոնք էին Եղիայի վերջին երեք հանձնարարությունները։ Իմանալով, թե ինչպես նրա հավատը օգնեց նրան տոկալու՝ մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք ամրացնել մեր հավատը այս անհանգիստ ժամանակներում։

Դատավճիռ է հայտնում Օքոզիայի դեմ

 Այժմ Իսրայելի թագավորն էր Աքաաբի և Հեզաբելի որդին՝ Օքոզիան։ Փոխանակ իր ծնողների հիմար արարքներից դասեր քաղելու՝ նա հետևում էր նրանց չար ճանապարհներին (1 Թագավորներ 22։52)։ Նրանց պես՝ Օքոզիան երկրպագում էր Բահաղին։ Բահաղի երկրպագությունը այլասերում էր յուրաքանչյուր մարդու, ով առնչվում էր դրա հետ։ Այդ կրոնը խրախուսում էր տաճարային պոռնկությունը և նույնիսկ երեխաների զոհաբերությունը։ Ինչ-որ բան կմղե՞ր Օքոզիային փոխելու իր ընթացքը և այնպես առաջնորդելու իր ժողովրդին, որ դադարեր Եհովայի դեմ այդ մեծ անհավատարմությունը գործելուց։

 Հանկարծահաս դժբախտությունը հարվածեց գոռոզամիտ թագավորին։ Նա վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և լուրջ վնասվածք ստացավ։ Թեև նրա կյանքն էր վտանգվել, բայց նա Եհովային չդիմեց օգնության համար։ Ավելին, նա պատգամաբերներ ուղարկեց Ակկարոն քաղաք, որը թշնամու՝ փղշտացիների երկրում էր, որպեսզի հարցնի Բահաղ-Զեբուղին, թե արդյոք ապաքինման հույս կա։ Այդ ժամանակ Եհովայի համբերության բաժակը լցվեց։ Նա մի հրեշտակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով, որ կանգնեցնի այդ պատգամաբերներին։ Մարգարեն նրանց հետ ուղարկեց թագավորի մոտ ջախջախիչ լուրով։ Օքոզիան շատ ծանր մեղք էր գործել՝ վարվելով այնպես, ասես Իսրայելը Աստված չուներ։ Ուստի Եհովան վճռել էր, որ նա երբեք չէր իջնելու իր անկողնուց (2 Թագավորներ 1։2–4

 Զղջման նշույլ անգամ իր սրտում չունենալով՝ Օքոզիան պատգամաբերներին հարցրեց. «Ի՞նչ տեսք ուներ այն մարդը, որը ձեզ ընդառաջ դուրս եկավ ու այս խոսքերն ասաց»։ Ի պատասխան՝ նրանք նկարագրեցին մարգարեի հասարակ հագուստը, և Օքոզիան իսկույն ասաց՝ Եղիան է (2 Թագավորներ 1։7, 8)։ Քանի որ Եղիան պարզ կյանքով էր ապրում և կենտրոնացած էր Աստծուն ծառայելու վրա, ուստի կարելի էր հեշտությամբ նրան ճանաչել իր կոշտամազ հագուստի նկարագրությամբ։ Անշուշտ, նույնը չէր կարելի ասել Օքոզիայի կամ նրա ծնողների մասին, ովքեր ագահ նյութապաշտներ էին։ Եղիայի օրինակը հիշեցնում է մեզ, որ Հիսուսի տված խորհրդի համաձայն՝ պետք է ապրենք պարզ կյանքով՝ մեր աչքը կենտրոնացած պահելով այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են (Մատթեոս 6։22–24

 Ցանկանալով վրեժ լուծել՝ Օքոզիան մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն զինվորներով, որ բռնեն Եղիային։ Երբ նրանք գտան մարգարեին՝ «նստած լեռան գագաթին» a, հիսնապետը թագավորի անունից կոպտորեն հրամայեց նրան «վայր իջնել»՝ թերևս գնալ իրենց հետ, որ մահապատժի ենթարկվի։ Միայն պատկերացրու. թեև զինվորները գիտեին, որ Եղիան «ճշմարիտ Աստծու մարդն» է, սակայն դա նրանց հետ չպահեց Եղիային վախեցնելուց և սպառնալուց։ Նրանց արածը շատ սխալ էր։ Եղիան ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, ապա թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Այդ ժամանակ Աստված գործի անցավ։ Աստվածաշունչն ասում է. «Երկնքից կրակ իջավ ու լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց» (2 Թագավորներ 1։9, 10)։ Այդ զինվորների կյանքի ողբերգական ավարտը հստակ ցույց է տալիս, որ Եհովան մատների արանքով չի նայում, երբ մարդիկ արհամարհանքով կամ անհարգալից կերպով են վերաբերվում իր ծառաներին (1 Տարեգրություն 16։21, 22

 Օքոզիան մեկ ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով։ Այս երկրորդը առաջինից ավելի անխոհեմ էր։ Նախ՝ նա դաս չէր քաղել այն հիսունմեկ մարդկանց մահվան դեպքից, թեև նրանց մոխիրը դեռևս ցրված էր սարալանջով մեկ։ Երկրորդ՝ նա ոչ միայն նախորդ հիսնապետի պես Եղիային արհամարհանքով հրամայեց «ցած իջնել», այլև ավելացրեց «անմիջապես» բառը։ Ինչպիսի՜ անմտություն։ Հետևանքը եղավ այն, որ նա և նրա մարդիկ կորցրին իրենց կյանքը այնպես, ինչպես առաջին խումբը։ Թագավորը, սակայն, շատ ավելի հանդուգն էր։ Նա համառորեն երրորդ անգամ զինվորներ ուղարկեց։ Բարեբախտաբար, այս անգամ հիսնապետը իմաստուն մարդ էր։ Նա խոնարհաբար մոտեցավ Եղիային և աղերսեց, որ իր և իր մարդկանց կյանքը խնայի։ Եղիան՝ Աստծու մարդը, այս խոնարհ հրամանատարին պատասխանելիս անկասկած արտացոլեց Եհովայի ողորմությունը։ Եհովայի հրեշտակը Եղիային ասաց, որ գնա այդ զինվորների հետ։ Ուստի Եղիան հնազանդվեց և հետո Եհովայի դատավճիռը կրկնեց այդ չար թագավորին։ Ինչպես և Աստված ասել էր, Օքոզիան մահացավ։ Նրա իշխանությունը ընդամենը երկու տարի տևեց (2 Թագավորներ 1։11–17

Եղիան խոնարհ հիսնապետի հանդեպ արտացոլեց Եհովայի ողորմությունը

 Ինչպե՞ս Եղիան տոկունություն դրսևորեց, չնայած այն բանին, որ իր շուրջը եղող մարդիկ համառ և ըմբոստ էին։ Այս հարցի պատասխանը այսօր մեզ էլ պետք է հետաքրքրի։ Երբևէ վհատվե՞լ ես այն պատճառով, որ քեզ համար թանկ մի անձնավորություն հրաժարվել է առողջ դատողությանը ականջ դնելուց և համառորեն վնասակար ուղի է բռնել։ Ինչպե՞ս կարող ենք տոկալ, երբ այսպիսի հիասթափություններ ենք ունենում։ Գաղտնիքը կիմանանք, եթե տեսնենք, թե զինվորները որտեղ գտան Եղիային։ Նա նստած էր «լեռան գագաթին»։ Չենք կարող միանշանակ ասել, թե ինչու էր մարգարեն այնտեղ։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ լինելով մի մարդ, որի կյանքում աղոթքը կարևոր դեր ուներ, նա հասկացել էր, որ մեկուսի վայրը լավ հնարավորություն է ավելի մոտենալու իր սիրելի Աստծուն (Հակոբոս 5։16–18)։ Մենք նույնպես կարող ենք կանոնավորաբար ժամանակ հատկացնել Աստծու հետ առանձնանալու համար ու կանչել նրա անունը և մեր դժվարությունների ու մտահոգությունների մասին հայտնել նրան։ Այդ ժամանակ մեզ համար ավելի հեշտ կլինի տոկալ, երբ մեր շուրջը եղողները անխոհեմաբար վարվեն և ինքնակործանման ուղի բռնեն։

Փոխանցում է հանդերձը

 Ժամանակը եկել էր, որ Եղիան թողներ իր պաշտոնական հանձնարարությունը։ Նկատի առ, թե նա ինչ արեց։ Գաղգաղայից հեռանալիս Եղիան Եղիսեին ասաց, որ մնա այնտեղ, իսկ ինքը մենակ կգնա Բեթել, որը մոտ 11 կիլոմետր (7 մղոն) հեռավորության վրա էր գտնվում։ Բայց Եղիսեն հաստատակամորեն պատասխանեց. «Կենդանի է Եհովան, և կենդանի է քո հոգին. ես քեզ չեմ լքի»։ Բեթել գալուց հետո Եղիան Եղիսեին տեղեկացրեց, որ ինքը մենակ գնալու է Երիքով՝ մոտ 22 կիլոմետր (14 մղոն) հեռու։ Եղիսեն անսասան կերպով պատասխանեց առաջվա պես։ Նույն բանը եղավ երրորդ անգամ՝ Երիքովում, նախքան Հորդանան գետի մոտ գնալը, որը մոտ 8 կիլոմետր (5 մղոն) հեռու էր գտնվում։ Երիտասարդը կրկին չզիջեց իր դիրքերը։ Նա վճռել էր չլքել Եղիային (2 Թագավորներ 2։1–6

 Եղիսեն շատ կարևոր մի հատկություն դրսևորեց՝ նվիրված սեր։ Այսպիսի սեր դրսևորել էր Հռութը Նոեմիի հանդեպ, սեր, որն անմնացորդ նվիրված է ինչ-որ մեկին և վճռական է չլքել նրան (Հռութ 1։15, 16)։ Այսօր առավել քան երբևէ Աստծու բոլոր ծառաները այդ հատկության կարիքն ունեն։ Եղիսեի պես պարզ տեսնո՞ւմ ենք դրա կարևորությունը։

 Եղիան, անշուշտ, շատ քաջալերվեց՝ տեսնելով իր երիտասարդ ընկերոջ նվիրված սերը։ Այդ հատկությունը դրսևորելու շնորհիվ Եղիսեն պատիվ ունեցավ տեսնելու Եղիայի վերջին հրաշքը։ Հորդանան գետի ափին, որը տեղ-տեղ արագահոս և խորն է, Եղիան իր հանդերձով հարվածեց ջրին, և ջուրը այս ու այն կողմ բաժանվեց։ Այս հրաշքը դիտում էին նաև «մարգարեների որդիներից հիսուն մարդ»։ Ակներևաբար նրանք մարգարեների համար նախատեսված ընդլայնվող դպրոցի սաներն էին, որոնք սովորում էին առաջնորդություն ստանձնել երկրում մաքուր երկրպագությունը առաջ տանելու հարցում (2 Թագավորներ 2։7, 8)։ Եղիան հավանաբար վերահսկում էր այդ կրթական ծրագիրը։ Մի քանի տարի առաջ նա կարծում էր, թե միակ հավատարիմ մարդն է, որ մնացել է երկրում։ Այդ ժամանակվանից հետո Եհովան վարձատրել էր նրան տոկունության համար՝ թույլ տալով, որ նա տեսնի, թե որքան էին շատացել և առաջադիմել իր երկրպագուները (1 Թագավորներ 19։10

 Հորդանան գետն անցնելուց հետո Եղիան ասաց Եղիսեին. «Ասա՛, ի՞նչ անեմ քեզ համար նախքան քեզանից իմ վեր առնվելը»։ Եղիան գիտեր, որ իր հեռանալու ժամանակը եկել է։ Նա չկամություն չէր անում՝ հասկանալով, որ իր երիտասարդ ընկերը առանձնաշնորհումներ և անուն էր ձեռք բերելու։ Եղիան ցանկանում էր ամեն հնարավոր կերպով օգնել նրան։ Եղիսեն միայն հետևյալը խնդրեց նրանից. «Խնդրում եմ, թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա» (2 Թագավորներ 2։9)։ Նա նկատի չուներ, որ կրկնակի չափով է ուզում այն սուրբ ոգուց, որը ստացել էր Եղիան։ Եղիսեն խնդրում էր առաջնեկ որդու ժառանգության պես ժառանգություն ստանալու մասին. առաջնեկը օրենքով ստանում էր ամենամեծ կամ կրկնակի բաժինը, և այդ ժառանգությունը համապատասխանում էր որպես ընտանիքի գլուխ իր նոր պարտականություններին (2 Օրենք 21։17)։ Լինելով Եղիայի հոգևոր ժառանգը՝ Եղիսեն, ըստ երևույթին, հասկանում էր, որ իր հանձնարարությունն անելու համար նրա խիզախ ոգու կարիքն ունի։

 Եղիան խոնարհաբար այդ որոշումը Եհովայի կամքին թողեց։ Եթե Եհովան թույլ տար, որ Եղիսեն տեսներ, թե ինչպես է ինքը տարեց մարգարեին վեր առնում, ուրեմն Աստծու պատասխանը Եղիսեի խնդրանքին դրական էր։ Կարճ ժամանակ անց, մինչ երկու վաղեմի ընկերները գնում էին ու «քայլելով խոսում», հրաշք տեղի ունեցավ (2 Թագավորներ 2։10, 11

Եղիայի ու Եղիսեի ընկերությունն, անշուշտ, օգնեց այդ երկու տղամարդկանց տոկալու դժվարին ժամանակներում

 Անսպասելի մի տարօրինակ հրացոլք լուսավորեց երկինքը և սկսեց ավելի ու ավելի մոտենալ։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ որոտալից ձայն, ինչ շաչյուն արձակվեց, երբ հանկարծ մրրիկ բարձրացավ, և լուսավոր մի բան երևաց, որը սլանում էր դեպի այդ երկու տղամարդը։ Այն ստիպեց նրանց բաժանվել իրարից ու թերևս սարսափահար հետ-հետ գնալ։ Նրանց տեսածը մի փոխադրամիջոց էր՝ փայլատակող հրեղեն մի մարտակառք։ Եղիան հասկացավ, որ եկել է իր գնալու ժամանակը։ Արդյոք նա նստե՞ց այդ կառքը։ Արձանագրությունը ոչինչ չի ասում։ Ամեն դեպքում նա զգաց, որ մրրիկը, ավելի ու ավելի վեր բարձրացնելով, տանում է իրեն։

 Իսկ Եղիսեն երկյուղածությամբ նայում էր։ Քանի որ նա այդ զարմանահրաշ տեսարանի ականատեսը եղավ, համոզված էր, որ Եհովան անպայման կտա իրեն Եղիայի խիզախ ոգու «կրկնապատիկը»։ Սակայն նա այնքան տխուր էր, որ չէր մտածում այդ մասին։ Եղիսեն չգիտեր, թե ուր է տարվում իր սիրելի տարեց ընկերը, և ակներևաբար չէր ակնկալում, որ կրկին կտեսնի նրան։ Նա բացականչում էր. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի մարտակառքն ու նրա ձիավորները»։ Եղիսեն նայում էր, թե ինչպես է իր սիրելի ուսուցիչը անհետանում հեռվում։ Հետո նա վշտահար վերցրեց իր հանդերձներն ու պատռեց դրանք (2 Թագավորներ 2։12

 Արդյոք երկինք բարձրանալիս Եղիան լսո՞ւմ էր իր երիտասարդ ընկերոջ հուսահատ բացականչությունները։ Գուցե նրա աչքերն էլ արցունքով լցվեցին։ Ինչևէ, նա գիտեր, որ այդպիսի ընկեր ունենալու շնորհիվ ինքը մի քանի անգամ կարողացել էր տոկալ դժվար պահերին։ Որքա՜ն լավ կլինի, եթե սովորենք Եղիայի օրինակից և ընկերանանք այն մարդկանց հետ, ովքեր սիրում են Աստծուն և ձգտում են կատարել նրա կամքը։

Եհովան Եղիային փոխադրեց մեկ ուրիշ վայր և նոր հանձնարարություն տվեց

Վերջին հանձնարարությունը

 Ո՞ւր գնաց Եղիան դրանից հետո։ Որոշ կրոններ սովորեցնում են, որ նա տարվեց երկինք, որպեսզի Աստծու հետ լինի։ Սակայն դա անհնար է։ Դարեր անց Հիսուս Քրիստոսն ասաց, որ իրենից առաջ ոչ մի մարդ չի բարձրացել երկինք (Հովհաննես 3։13)։ Ուստի երբ կարդում ենք, որ «Եղիան մրրիկով երկինք բարձրացավ», պետք է հարցնենք՝ ի՞նչ երկինք (2 Թագավորներ 2։11)։ Աստվածաշնչում «երկինք» բառը վերաբերում է ոչ միայն Եհովայի բնակության վայրին, այլև մթնոլորտին, որտեղ լողում են ամպերը, և սավառնում են թռչունները (Սաղմոս 147։8)։ Հենց այդ երկինք էր, որ Եղիան բարձրացավ։ Իսկ ի՞նչ եղավ հետո։

 Եհովան իր սիրելի մարգարեին պարզապես փոխադրեց մեկ ուրիշ վայր և նոր հանձնարարություն տվեց այս անգամ հարևան Հուդայի թագավորությունում։ Աստվածաշնչյան արձանագրությունը ցույց է տալիս, որ Եղիան թերևս ավելի քան յոթ տարի անց դեռ ծառայում էր այնտեղ։ Այդ ժամանակ Հուդայում իշխում էր չար Հովրամ թագավորը։ Նա ամուսնացել էր Աքաաբի ու Հեզաբելի դստեր հետ, ուստի նրանց բացասական ազդեցությունը դեռ զգացվում էր։ Եհովան Եղիային հանձնարարեց մի նամակ գրել, որում Հովրամի դեմ դատավճիռ էր կայացվում։ Ինչպես և կանխագուշակվեց, Հովրամը մահացավ սարսափելի մահով։ Սակայն ամենացավալին այն է, որ ինչպես ասվում է արձանագրության վերջում, «ոչ մեկը չափսոսաց նրա համար» (2 Տարեգրություն 21։12–20

 Ի՜նչ մեծ տարբերություն կար այդ չար մարդու և Եղիայի միջև։ Մենք չգիտենք, թե ինչպես և երբ մարգարեն մահացավ։ Բայց գիտենք, որ նա չմահացավ Հովրամի պես, որի մահվան համար ոչ մեկը չափսոսաց։ Եղիսեն կարոտում էր իր ընկերոջը։ Անշուշտ, նույնը զգում էին մյուս հավատարիմ մարգարեները։ Ինչ վերաբերում է Եհովային, նա իր այդ սիրելի մարգարեի կերպարն օգտագործեց այլակերպության տեսիլքում, ինչը ցույց է տալիս, որ մոտ 1 000 տարի անց էլ նա շարունակում էր թանկ համարել Եղիային (Մատթեոս 17։1–9)։ Ուզո՞ւմ ես սովորել Եղիայի օրինակից և այնպիսի հավատ զարգացնել, որն ամուր կմնա՝ չնայած դժվարություններին։ Եթե այո, ընկերացիր Աստծուն սիրողների հետ, կյանքդ կենտրոնացրու հոգևոր բաների վրա և հաճախ ի սրտե աղոթիր։ Թող որ դու նույնպես մնայուն տեղ ունենաս Եհովայի սիրող սրտում։

a Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ այստեղ հիշատակված լեռը Կարմեղոս լեռն էր, որտեղ Աստված տարիներ առաջ զորություն էր տվել Եղիային պարտության մատնելու Բահաղի մարգարեներին։ Սակայն Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե որ լեռն էր դա։