Ի՞նչ է նշանակում «աչքի տեղ աչք» արտահայտությունը
Աստվածաշնչի պատասխանը
«Աչքի տեղ աչք» օրենքը Մովսեսի միջոցով հին Իսրայելին տրված Աստծու Օրենքի մասն էր։ Այն մեջբերեց Հիսուսը իր Լեռան քարոզում (Մատթեոս 5:38, «Արարատ» թարգմանություն; Ելք 21:24, 25; 2 Օրենք 19։21)։ Այդ օրենքի համաձայն, երբ հանցագործի նկատմամբ արդարադատություն իրականացվեր, պատիժը պետք է համապատասխաներ հանցանքին։ a
Այդ օրենքը կիրառվում էր ուրիշի դեմ դիտավորությամբ արված վնասակար գործողությունների առնչությամբ։ Գիտակցաբար հանցանք գործողի վերաբերյալ Մովսիսական օրենքում ասվում էր. «Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ վնաս որ նա հասցրել է մարդուն, նույնը նրան պետք է անել» (Ղևտական 24։20)։
Ո՞րն էր «աչքի տեղ աչք» օրենքի նպատակը
«Աչքի տեղ աչք» օրենքը ոչ թե անձնական վրեժխնդրության իրավասություն կամ լիազորություն էր տալիս, այլ նշանակված դատավորներին օգնում էր սահմանելու համապատասխան պատիժ՝ ո՛չ չափից շատ դաժան և ո՛չ էլ չափից շատ մեղմ։
Օրենքը նաև որպես զսպող գործոն էր ծառայում ցանկացած մարդու համար, ով կանխամտածված կվնասեր կամ կծրագրեր վնասել ուրիշներին։ Օրենքում նշված էր. «Այդ ժամանակ մյուսները [նրանք, ովքեր տեսնում էին, որ Աստծու արդարությունը գործադրվում է] կլսեն ու կվախենան ու երբեք այդպիսի չարիք չեն գործի քո մեջ» (2 Օրենք 19։20)։
«Աչքի տեղ աչք» օրենքը վերաբերո՞ւմ է քրիստոնյաներին
Ո՛չ, քրիստոնյաներից չի պահանջվում պահել այս օրենքը։ Այն Մովսիսական օրենքի մաս էր կազմում, որը Հիսուսն իր մահով չեղյալ արեց (Հռոմեացիներ 10։4)։
Այնուհանդերձ, «աչքի տեղ աչք» օրենքը օգնում է հասկանալու Աստծու մտածելակերպը։ Օրինակ՝ այն ցույց է տալիս, որ նա կարևորում է արդարությունը (Սաղմոս 89։14)։ Նաև հայտնի է դարձնում արդարության նրա չափանիշը, այսինքն՝ չարագործը պետք է «չափավորությամբ» խրատվի (Երեմիա 30։11)։
Սխալ կարծիքներ «աչքի տեղ աչք» օրենքի վերաբերյալ
Սխալ կարծիք։ «Աչքի տեղ աչք» օրենքը չափազանց դաժան էր։
Փաստ։ Օրենքը իրավասություն չէր տալիս անգթորեն և անողորմաբար արդարություն գործադրելու։ Ընդհակառակը՝ ճիշտ կիրառության դեպքում փորձառու դատավորները հանցանքի դիմաց արժանի պատիժ էին սահմանում այն բանից հետո միայն, երբ քննում էին հանգամանքները և դիտավորության աստիճանը (Ելք 21:28–30; Թվեր 35:22–25)։ «Աչքի տեղ աչք» օրենքն այսպիսով օգնում էր պատժամիջոցների ընտրության հարցում խուսափելու ծայրահեղություններից։
Սխալ կարծիք։ «Աչքի տեղ աչք» օրենքը մեկը մյուսից շարունակաբար վրեժխնդիր լինելու տեղիք էր տալիս։
Փաստ: Մովսիսական օրենքում գրված էր. «Վրեժխնդիր չլինես ու քո ժողովրդի որդիների դեմ ոխ չպահես» (Ղևտական 19։18)։ Անձնական վրեժխնդրություն խրախուսելու փոխարեն՝ Օրենքը հորդորում էր մարդկանց վստահել Աստծուն և այն իրավական համակարգին, որը նա հաստատել էր սխալները շտկելու համար (2 Օրենք 32։35)։
a Այս իրավական սկզբունքը, որը երբեմն հիշատակվում է լատիներեն լեքս թալիոնիս տերմինով, նաև արտացոլված էր որոշ այլ հնագույն հասարակությունների իրավական համակարգում։