Ի՞նչ է ասում Աստվածաշունչը վրեժխնդրության մասին
Աստվածաշնչի պատասխանը
Թեև մարդ կարող է արդարացնել իր վրեժխնդրությունը, սակայն դա դեմ է աստվածաշնչյան հետևյալ պատվերին. «Մի՛ ասա. «Ինչպես որ նա ինձ արեց, այնպես էլ ես եմ նրան անելու, ամեն մեկին իր գործերի համեմատ եմ հատուցելու»» (Առակներ 24։29)։ Աստվածաշնչյան սկզբունքները շատերին են օգնել հաղթահարել վրեժի ծարավը։
Այս հոդվածում՝
Ինչո՞ւ է սխալ վրեժխնդիր լինելը
Եթե ինչ-որ մեկը վիրավորում կամ վնաս է հասցնում քեզ, բնականաբար, բարկանում ես ու ցանկանում ես, որ դիմացինդ պատժվի իր արածի համար։ Սակայն վրեժխնդրությունը դեմ է աստվածաշնչյան սկզբունքներին։ Ինչո՞ւ։
Եհովային տհաճ է, երբ մարդիկ փորձում են հաշվեհարդար տեսնել։ Իր Խոսքում Եհովա a Աստված ասում է. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ» (Հռոմեացիներ 12։19)։ Անարդար վերաբերմունքի զոհ դարձած մարդկանց Աստվածաշունչը խրախուսում է վրեժ լուծելու փոխարեն փորձել խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել (Հռոմեացիներ 12։18)։ Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե անհատն իր ձեռքից եկածն արել է, սակայն նրա ջանքերը ապարդյուն են եղել։ Սուրբ Գիրքը հորդորում է Եհովային վստահել, քանի որ նա արդարադատություն կիրականացնի (Սաղմոս 42։10, 11)։
Աստված ինչպե՞ս է պատժում մեղավորներին
Աստված դեռևս թույլ է տալիս, որ մարդկային իշխանությունները պատժեն չարագործներին (Հռոմեացիներ 13։1–4)։ Երբ ժամանակը գա, նա դատաստան կիրականացնի բոլոր այն մարդկանց դեմ, որոնք դաժանորեն են վարվել, և մեկընդմիշտ կվերացնի տառապանքը (Եսայիա 11։4)։
Ինչպե՞ս հաղթահարեմ վրեժի ծարավը
Խուսափիր զգացմունքների ազդեցության տակ գործելուց (Առակներ 17։27)։ Զայրույթի ազդեցության տակ մարդիկ հաճախ այնպիսի բաներ են անում, որոնց համար հետո զղջում են։ Իսկ նրանք, ովքեր որևէ քայլ անելուց առաջ մտածում են, որպես կանոն, ավելի քիչ սխալներ են գործում (Առակներ 29։11)։
Իմացիր ողջ եղելությունը (Առակներ 18։13)։ Վիրավորված անձնավորությունը կարող է ինքն իրեն հարցնել. «Արդյո՞ք գիտեմ տվյալ մարդու բոլոր դրդապատճառները։ Հնարավո՞ր է, որ նա սթրեսային վիճակում է կամ անգիտակցաբար է այդպես վարվել»։ Երբեմն դիտավորյալ թվացող արարքը կարող է իրականում ոչ միտումնավոր արված լինել։
Սխալ կարծիքներ վրեժխնդրության մասին
Սխալ կարծիք։ Աստվածաշնչում վրեժխնդրությունն արդարացվում է, քանի որ ասվում է «աչքի տեղ աչք» (Ղևտական 24։20, «Արարատ» թարգմանություն)։
Փաստ։ «Աչքի տեղ աչք» օրենքը հին Իսրայելում մարդկանց հետ էր պահում անձնական հաշվեհարդար տեսնելուց։ Այն դատավորներին օգնում էր, որ հանցանքին համապատասխան պատիժ նշանակեին b (2 Օրենք 19։15–21)։
Սխալ կարծիք։ Քանի որ Աստվածաշնչում արգելվում է հաշվեհարդար տեսնելը, մենք չենք կարող ինքնապաշտպանության դիմել։
Փաստ։ Հարձակման դեպքում անհատն իրավունք ունի պաշտպանվել կամ ոստիկանություն դիմել։ Սակայն Աստվածաշնչում հորդորվում է հնարավորինս խուսափել բռնությունից (Առակներ 17։14)։
a Եհովան Աստծու անունն է, ինչպես որ ասվում է Աստվածաշնչում։
b Այս կանոնի մանրամասն բացատրությունը կարող ես կարդալ «Ի՞նչ է նշանակում «աչքի տեղ աչք» արտահայտությունը» հոդվածում։