Աստված փոխո՞ւմ է իր միտքը
Աստվածաշնչի պատասխանը
Այո։ Աստված փոխում է իր միտքը այն առումով, որ երբ մարդիկ փոխում են իրենց վարքը, նա փոխում է նրանց հանդեպ իր վերաբերմունքը։ Օրինակ՝ երբ հնում Իսրայել ազգին դատաստանական խոսքեր ուղարկեց, ասաց. «Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի» (Երեմիա 26:3, «Էջմիածին» թարգմանություն)։
Աստվածաշնչի այլ թարգմանություններում նույն համարն ասում է, որ Աստված «զղջաց» նրանց կործանելու մտադրության համար։ Դա փոխանցում է այն միտքը, ասես նա սխալ բան էր արել։ Սակայն եբրայերեն բնագիր բառը կարող է նշանակել «մտքի կամ մտադրության փոփոխություն»։ Հրեական բարոյագիտության ու միստիցիզմի (խորհրդապաշտության) մի պրոֆեսոր գրել է. «Մարդու վարքում փոփոխությունը հանգեցնում է Աստծու դատավճռի փոփոխմանը»։
Ինչ խոսք, այն, որ Աստված կարող է փոխել իր միտքը, չի նշանակում, որ նա պետք է փոխի այն։ Նկատի առնեն Աստվածաշնչում նշված մի քանի դեպքեր, երբ Աստված չի փոխել իր միտքը։
Բաղակը ամեն բան արեց, որ Եհովան փոխի իր միտքը և անիծի Իսրայել ազգին, սակայն Աստված դա չարեց (Թվեր 23:18–20)։
Երբ Եհովան տեսավ, որ Իսրայելի Սավուղ թագավորը անդառնալիորեն չարացել է, մերժեց նրան և իր միտքը չփոխեց (1 Սամուել 15:28, 29)։
Աստված նպատակ ունի իր Որդուն դարձնել հավիտենական քահանա։ Նա այդպես էլ կանի, չի փոխի իր մտադրությունը (Սաղմոս 110:4)։
Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված երբեք չի փոխվում
Այո, Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստված իր մասին ասում է. «Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում» (Մաղաքիա 3:6)։ Այն ասում է նաև, որ Աստված «չի փոխվում փոփոխվող ստվերի պես» (Հակոբոս 1:17)։ Սակայն այս խոսքերը չեն հակասում այն մտքին, որ Աստված փոխում է իր միտքը։ Աստված անփոփոխ է, այսինքն՝ նրա էությունը և սիրո ու արդարության չափանիշները երբեք չեն փոխվում (2 Օրենք 32:4; 1 Հովհաննես 4:8)։ Թերևս նա տարբեր ժամանակներում տարբեր առաջնորդություն կարող է տալ մարդկանց։ Օրինակ՝ Դավիթ թագավորին երկու իրար հաջորդող մարտերի համար ռազմավարական տարբեր առաջնորդություն տվեց, և թագավորը երկու դեպքում էլ հաղթեց (2 Սամուել 5:18–25)։
Արդյոք Աստված ափսոսո՞ւմ է, որ մարդ ստեղծեց
Ոչ, թեև մարդկանց մեծ մասը անտեսում կամ մերժում է իրեն։ Աստվածաշունչը Նոյի օրերի ջրհեղեղից առաջ եղած իրադրությունը ներկայացնելուց հետո ասում է. «Եհովան ափսոսաց, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում» (Ծննդոց 6:6)։ Այս համարում «ափսոսել» թարգմանված բառը ծագում է եբրայերեն մի բառից, որը կարող է նշանակել «մտադրության փոփոխություն»։ Աստված փոխեց իր մտադրությունը Ջրհեղեղից առաջ ապրող մարդկանց մեծ մասի առնչությամբ, քանի որ նրանք չար էին դարձել (Ծննդոց 6:5, 11)։ Այն, որ նրանք չար ընթացք էին բռնել, տխրեցրել էր Աստծու սիրտը, բայց դրա պատճառով նա չփոխեց իր վերաբերմունքը մարդ արարածի հանդեպ։ Նա պահպանեց մարդկային ցեղը՝ Ջրհեղեղի ժամանակ փրկելով Նոյին ու նրա ընտանիքին (Ծննդոց 8:21; 2 Պետրոս 2:5, 9)։