Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բնական աղետների մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստված պատասխանատու չէ ներկայումս տեղի ունեցող բնական աղետների համար, և նա ցավ է ապրում՝ տեսնելով դրանցից տուժած մարդկանց տառապանքը։ Ապագայում Աստծու Թագավորությունը վերջ կդնի այն ամենին, ինչը տառապանք է պատճառում մարդկությանը, այդ թվում՝ տարերային աղետներին։ Իսկ մինչ այդ Աստված մխիթարում է բնական աղետներից տուժածներին (2 Կորնթացիներ 1:3)։
Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ բնական աղետները Աստծու պատիժը չեն
Այսօր տեղի ունեցող տարերային աղետները շատ են տարբերվում նրանից, թե ինչպես էր հնում Աստված օգտագործում բնության ուժերը՝ դատաստան անելու համար։
Բնական աղետի պատճառով կարող է զոհվել և մարմնական վնասվածք ստանալ ցանկացած մարդ։ Մինչդեռ Աստված ընտրողաբար էր դատաստան իրագործում։ Օրինակ՝ երբ նա կործանեց հին Սոդոմ և Գոմոր քաղաքները, փրկեց Ղովտին և նրա երկու դուստրերին (Ծննդոց 19:29, 30)։ Աստված կարդում էր մարդկանց սրտերը և կործանում միայն ամբարիշտներին (Ծննդոց 18:23–32; 1 Սամուել 16:7)։
Բնական աղետը սովորաբար անսպասելի է հարվածում։ Սակայն Աստված նախքան բնության ուժերը չար մարդկանց դեմ գործի դնելը զգուշացում էր տալիս նրանց։ Ովքեր ուշադրություն էին դարձնում այդ նախազգուշացումներին, հնարավորություն էին ունենում փրկվելու աղետից (Ծննդոց 7:1–5; Մատթեոս 24:38, 39)։
Որոշ աղետներ մարդու պատճառով են տեղի ունենում։ Մարդիկ վնաս են հասցնում շրջակա միջավայրին և շինություններ են կառուցում այնպիսի վայրերում, որտեղ երկրաշարժերի, ջրհեղեղների և սաստիկ եղանակային պայմանների հավանականությունը մեծ է (Հայտնություն 11:18)։ Աստված մեղավոր չէ մարդկանց այդ որոշումների և դրանց հետևանքների համար (Առակներ 19:3)։
Բնական աղետները փաստո՞ւմ են, որ վերջին օրերում ենք ապրում
Այո՛։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ «աշխարհի վախճանին», այսինքն՝ «վերջին օրերում» աղետներ էին լինելու (Մատթեոս 24։3; 2 Տիմոթեոս 3։1)։ Օրինակ՝ մեր ժամանակների մասին Հիսուսն ասել էր. «Տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։ Շուտով Աստված վերջ կդնի այն ամենին, ինչը ցավ և տառապանք է պատճառում մարդկանց, այդ թվում՝ բնական աղետներին (Հայտնություն 21:3, 4)։
Աստված ինչպե՞ս է օգնում բնական աղետներից տուժածներին
Աստված նրանց մխիթարում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Սուրբ Գիրքը հավաստիացնում է մեզ, որ Աստված հոգ է տանում մեր մասին և ցավ է զգում, երբ տառապում ենք (Եսայիա 63:9; 1 Պետրոս 5:6, 7)։ Այն նաև հայտնում է նրա խոստման մասին, որի համաձայն՝ կգա մի ժամանակ, երբ տարերային աղետներ այլևս չեն լինի (տես « Աստվածաշնչյան համարներ, որոնք կարող են մխիթարել բնական աղետներից տուժածներին» ենթավերնագիրը)։
Աստված աղետից տուժածներին օգնում է իր ծառաների միջոցով։ Աստծու ծառաները ընդօրինակում են Հիսուսին, որի մասին մարգարեացվել էր, որ նա մխիթարելու էր «կոտրված սրտերը» և «բոլոր սգավորներին» (Եսայիա 61։1, 2)։ Աստծու ծառաները ձգտում են նույնն անել (Հովհաննես 13:15)։
Աստված իր ծառաների միջոցով նաև գործնական օգնություն է ցույց տալիս տուժածներին (Գործեր 11:28–30; Գաղատացիներ 6:10)։
Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել նախապատրաստվելու բնական աղետներին
Այո՛։ Թեև Սուրբ Գիրքը աղետներին նախապատրաստող ձեռնարկ չէ, սակայն դրանում գտնվող սկզբունքները օգտակար են։ Ահա մի քանի օրինակ։
Նախապես պլանավորիր, թե ինչ ես անելու, եթե տարերային աղետ լինի։ «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»,— ասվում է Աստվածաշնչում (Առակներ 22։3)։ Իմաստությամբ վարված կլինենք, եթե նախապես գործողությունների պլան մշակենք։ Դա նշանակում է, օրինակ, ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որը աղետի դեպքում կարելի է անմիջապես վերցնել և հեռանալ, կամ ընտանիքով որոշել, թե որտեղ կհանդիպեք, եթե աղետ լինի։
Կյանքդ ունեցվածքից ավելի թանկ համարիր։ Աստվածաշունչն ասում է. «Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել» (1 Տիմոթեոս 6։7, 8)։ Մենք պետք է պատրաստ լինենք թողնելու մեր տունը և ունեցվածքը, որպեսզի փրկվենք աղետից։ Լավ կլինի հիշել, որ մեր կյանքը ցանկացած իրից ավելի թանկ է (Մատթեոս 6։25)։