Գոյություն ունի՞ Աստված
Աստվածաշնչի պատասխանը
Այո, Աստված գոյություն ունի, և Աստվածաշունչը դրան թիկունք կանգնող համոզիչ փաստեր է ներկայացնում։ Այն հորդորում է հավատ զարգացնել Աստծու հանդեպ՝ ոչ թե կուրորեն հավատալով կրոնական պնդումներին, այլ գործի դնելով մեր «բանականությունն» ու «հասկացողությունը» (Հռոմեացիներ 12:1; 1 Հովհաննես 5:20)։ Քննենք հետևյալ փաստարկները, որոնք աստվածաշնչյան հիմք ունեն.
Այն, որ գոյություն ունի տիեզերք, որտեղ կարգուկանոն է տիրում, և կա կյանք, ինքնին վկայում է Ստեղծչի մասին։ Աստվածաշունչն ասում է. «Անշուշտ, ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբրայեցիներ 3:4)։ Թեպետ այս միտքը շատ պարզ է ու հասարակ, սակայն կրթված շատ մարդկանց համար այն անհերքելի փաստարկ է։ a
Մենք՝ մարդիկս, ի ծնե կյանքի իմաստը և նպատակը հասկանալու կարիք ունենք, որը շարունակում է մնալ, նույնիսկ երբ բավարարվում են մեր ֆիզիկական կարիքները։ Աստվածաշունչը այն կոչում է «հոգևոր կարիք», որը ներառում է Աստծուն ճանաչելու և երկրպագելու ցանկությունը (Մատթեոս 5:3; Հայտնություն 4:11)։ Դա ոչ միայն վկայում է, որ Աստված գոյություն ունի, այլև ցույց է տալիս, որ նա սիրառատ Ստեղծիչ է և ուզում է, որ մենք բավարարենք մեր հոգևոր կարիքը (Մատթեոս 4:4)։
Աստվածաշնչի մարգարեությունների մեծ մասը գրվել է կատարվելուց դարեր առաջ և իրականացել է ամենայն մանրամասնությամբ։ Այդ մարգարեությունների ճշգրտությունը ակնհայտ է դարձնում, որ մարդը չէր կարող լինել դրանց հեղինակը (2 Պետրոս 1:21)։
Աստվածաշունչը գրողները արձանագրել են այնպիսի գիտական փաստեր, որոնք այն օրերում մարդկությանը հայտնի չեն եղել։ Օրինակ՝ հնում մարդիկ կարծում էին, թե երկիրը իրենց վրա են պահում որոշ հսկա կենդանիներ, օրինակ՝ փիղ, վարազ կամ եզ։ Իսկ Աստվածաշնչում գրված է, որ Աստված «երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26:7)։ Աստվածաշունչը նաև ճշգրտորեն նկարագրում է երկրի ձևը՝ «շրջան» b (Եսայիա 40:22)։ Շատ մարդկանց համար ամենատրամաբանական բացատրությունը, թե որտեղից Աստվածաշունչ գրողները գիտեին այս փաստերի մասին, այն է, որ դրանք նրանց հայտնել է Աստված։
Աստվածաշունչը պատասխանում է շատ խորիմաստ հարցերի, որոնց բավարար պատասխանը եթե մարդը չգտնի, կարող է աստիճանաբար դառնալ աթեիստ։ Օրինակ՝ եթե Աստված սիրում է մարդկանց և ամենազոր է, ապա ինչու աշխարհում այսքան շատ տառապանք ու չարություն կա։ Կամ ինչո՞ւ է կրոնը մարդկանց վրա լավ ազդեցություն թողնելու փոխարեն հաճախ վատ ազդում և վատ գործերի մղում (Տիտոս 1:16)։
a Օրինակ՝ աստղագետ Ալան Սանդեյջը տիեզերքի մասին ասում է. «Ես միանգամայն անհավանական եմ համարում, որ այսպիսի կարգուկանոնը առաջացել է քաոսից։ Դրա հիմքում պետք է որ ինչ-որ կազմակերպող սկզբունք լինի։ Թեև Աստված ինձ համար առեղծված է, բայց նա է ամեն ինչի գոյության հրաշքի բացատրությունը»։
b Եսայիա 40։22-ում «շրջան» թարգմանված բնագիր բառը կարող է նշանակել նաև «գունդ»։ Այդ պատճառով Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այս հատվածը թարգմանվել է «երկրի գունդ» (Douay Version)։