Ի՞նչ է Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց տալիս 1914 թվականի մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը հաստատվել է երկնքում 1914թ.-ին։ Դա իմանում ենք «Դանիել» գրքի 4-րդ գլխում գրված մի մարգարեությունից։
Մարգարեությունը։ Աստված Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին մարգարեական նշանակություն ունեցող մի երազ տվեց հսկա ծառի մասին։ Ծառը կտրվեց, իսկ բունը թողնվեց, սակայն վրան կապանքներ դրվեցին, որ այն չաճի, մինչև որ «յոթ ժամանակ» անցնի։ Դրանից հետո ծառը դարձյալ աճելու էր (Դանիել 4:1, 10–16)։
Մարգարեության փոքր կատարումը։ Հսկա ծառը ներկայացնում էր հենց Նաբուգոդոնոսոր թագավորին (Դանիել 4:20–22)։ Նա փոխաբերական առումով կտրվեց, երբ ժամանակավորապես խանգարվեց նրա հոգեկան վիճակը, և նա իջավ թագավորական գահից (Դանիել 4:25)։ Յոթ տարի անց, երբ Աստված վերականգնեց նրա հոգեկան վիճակը, Նաբուգոդոնոսորը կրկին նստեց գահին և ընդունեց, որ Աստված է գերիշխանը (Դանիել 4:34–36)։
Փաստ, որ մարգարեությունը ավելի մեծ կատարում ունի։ Մարգարեության ողջ նպատակն այն է, որ «ապրողներն իմանան, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է, և դրա վրա նշանակում է մարդկանցից ամենաաննշանին» (Դանիել 4:17)։ Արդյոք հպարտ Նաբուգոդոնոսորն էր այն անձնավորությունը, ում Աստված ուզում էր ի վերջո շնորհել այդպիսի իշխանություն։ Ոչ, քանի որ ավելի վաղ Աստված մեկ այլ մարգարեական տեսիլքով նրան ցույց էր տվել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական գործիչ համապատասխան չի այդ դիրքին։ Դրա փոխարեն Աստված ինքն է «մի թագավորություն.... հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2:31–44)։
Հնում Իսրայելում Աստված հաստատել էր մի թագավորություն, որը երկրի վրա ներկայացնում էր իր իշխանությունը, դա հին Իսրայել ազգն էր։ Աստված թույլ տվեց, որ այդ թագավորությունը կործանվի, քանի որ նրա ղեկավարները իրեն հավատարիմ չմնացին։ Սակայն Աստված մարգարեների միջոցով հայտնեց, որ թագավորությունը տալու էր մեկին, «ով օրինական իրավունք ունի» (Եզեկիել 21:25–27)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ օրինական իրավունք ունեցողը Հիսուս Քրիստոսն է, ով ստանալու էր այս հավիտենական թագավորությունը (Ղուկաս 1:30–33)։ Ի տարբերություն Նաբուգոդոնոսորի՝ Հիսուսը «սրտով խոնարհ» է, ինչպես որ մարգարեացված էր նրա մասին (Մատթեոս 11:29)։
Ի՞նչ է խորհրդանշում Դանիել 4-րդ գլխի ծառը։ Աստվածաշնչում ծառերը երբեմն խորհրդանշում են իշխանություն (Եզեկիել 17:22–24; 31:2–5)։ Դանիել 4-րդ գլխի մարգարեության մեծ կատարման մեջ հսկա ծառը ներկայացնում է Աստծու իշխանությունը։
Ի՞նչ է նշանակում այն, որ ծառը կտրվեց։ Ծառի կտրվելը ինչպես որ ցույց էր տալիս Նաբուգոդոնոսորի թագավորական իշխանության ընդհատվելը, այնպես էլ ցույց էր տալիս երկրի վրա Աստծու իշխանության ընդհատվելը։ Վերջինս տեղի ունեցավ, երբ Նաբուգոդոնոսորը կործանեց Երուսաղեմը, որը արքայանիստ քաղաք էր «Եհովայի գահին» նստող թագավորների համար, որոնք Աստծու ներկայացուցիչներն էին (1 Տարեգրություն 29:23)։
Ի՞նչ են ներկայացնում «յոթ ժամանակները»։ «Յոթ ժամանակները» ներկայացնում են մի ժամանակահատված, որի ընթացքում Աստված թույլ տվեց ազգերին իշխել երկրի վրա՝ առանց իր կողմից հաստատված որևէ թագավորության միջամտության։ «Յոթը ժամանակները» սկսվեցին մ.թ.ա. 607-ի հոկտեմբերին, երբ համաձայն Աստվածաշնչի ժամանակագրության՝ բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը a (2 Թագավորներ 25:1, 8–10)։
Որքա՞ն է «յոթ ժամանակների» տևողությունը։ Այն չէր կարող լինել ընդամենը յոթ տարի, ինչպես որ եղավ Նաբուգոդոնոսորի դեպքում։ Հիսուսի հետևյալ խոսքերը օգնում են հասկանալ դա. «Ազգերը կկոխկռտեն Երուսաղեմը [Աստծու իշխանության խորհրդանիշը], մինչև որ ազգերին սահմանված ժամանակները լրանան» (Ղուկաս 21:24)։ «Ազգերին սահմանված ժամանակները»՝ մի ժամանակահատված է, որի ընթացքում Աստված թույլ տվեց, որ «ազգերը կոխկռտեն» իր իշխանությունը։ Դանիելի 4-րդ գլխի «յոթ ժամանակները» և «ազգերին սահմանված ժամանակները» վերաբերում են միևնույն ժամանակահատվածին։ Հետևաբար «յոթ ժամանակները» դեռ ընթացքի մեջ էր, երբ Հիսուսը երկրի վրա էր։
Աստվածաշունչը օգնում է հասկանալ, թե որքան էր տևելու «յոթ ժամանակները»։ Այնտեղ ասվում է, որ երեքուկես «ժամանակները» 1260 օր է, հետևաբար «յոթ ժամանակները» դրա կրկնակին է, այսինքն՝ 2520 օր է (Հայտնություն 12։6, 14)։ Կիրառելով «մեկ օրվա տեղ՝ մեկ տարի» սկզբունքը՝ կստանանք 2520 տարի։ Փաստորեն, «յոթ ժամանակները»՝ 2520 տարին, ավարտվել է 1914թ. հոկտեմբերին (Թվեր 14։34; Եզեկիել 4։6)։
a Ավելի շատ մանրամասներ այն մասին, թե ինչու է մ.թ.ա. 607 թվականը համարվում այդ ժամանակահատվածի սկիզբը, կարող եք գտնել «Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս առաջին» հոդվածում, որը լույս է տեսել 2011թ. հոկտեմբերի 1-ի «Դիտարանում» (էջ 26–31), և «Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս երկրորդ» հոդվածում, որը լույս է տեսել 2011թ. նոյեմբերի 1-ի «Դիտարանում» (էջ 22–28)։