Ի՞նչ են «թագավորության բանալիները»
Աստվածաշնչի պատասխանը
«Թագավորության բանալիները», որոնք երբեմն կոչվում են «բանալիներ դեպի թագավորություն», ներկայացնում են ինչ-որ մեկին տրված լիազորություն, որով նա ճանապարհ է բացում մարդկանց համար մտնելու Աստծու Թագավորություն (Մատթեոս 16:19; The New American Bible; Գործեր 14:22)։ a Հիսուսը Պետրոսին տվեց «երկնքի թագավորության բանալիները»։ Դա նշանակում է, որ Պետրոսին լիազորություն տրվեց հայտնելու, որ հավատարիմ մարդիկ, ստանալով Աստծու սուրբ ոգին, առանձնաշնորհում կունենան մտնելու երկնքի Թագավորություն։
Ո՞ւմ համար օգտագործվեցին բանալիները
Պետրոսը Աստծուց ստացած լիազորությունն օգտագործեց, որ մարդկանց երեք խմբի համար ճանապարհ բացի մտնելու Թագավորություն։
Հրեաներ և հուդայականությունն ընդունած մարդիկ։ Հիսուսի մահից կարճ ժամանակ անց Պետրոսը հրեա հավատացյալների մի բազմության հորդորեց ընդունել Հիսուսին որպես Աստծու ընտրյալի, որն իշխելու է Թագավորությունում։ Պետրոսը նրանց ցույց տվեց, թե ինչ պետք է անեն փրկվելու համար։ Այդպիսով նա դուռ բացեց նրանց համար, որ մտնեն Թագավորություն, և հազարավորներ «ընդունեցին նրա խոսքը» (Գործեր 2:38–41)։
Սամարացիներ։ Ավելի ուշ Պետրոսը ուղարկվեց սամարացիների մոտ։ b Նա օգտագործեց Թագավորության բանալիներից մեկը, երբ Հովհաննես առաքյալի հետ «աղոթեց, որ նրանք սուրբ ոգի ստանան» (Գործեր 8:14–17)։ Դա սամարացիների համար դուռ բացեց, որ մտնեն Թագավորություն։
Այլազգիներ։ Հիսուսի մահից երեքուկես տարի անց Աստված Պետրոսին հայտնեց, որ այլազգիները (ոչ հրեաները) նույնպես Թագավորություն մտնելու հնարավորություն են ստանալու։ Պետրոսը օգտագործեց բանալիներից մեկը՝ քարոզելով այլազգիներին, և այդպիսով նրանց համար դուռ բացեց, որ ստանան սուրբ ոգին, դառնան քրիստոնյա և ապագայում ժառանգեն Թագավորությունը (Գործեր 10:30–35, 44, 45)։
Ի՞նչ է նշանակում «մտնել Աստծու թագավորություն»
Նրանք, ովքեր «մտնում են Աստծու թագավորություն», դառնում են Հիսուսի թագավորակիցները երկնքում։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ այդ անձնավորությունները պետք է «նստեն գահերի վրա» և «թագավորեն երկրի վրա» (Ղուկաս 22:29, 30; Հայտնություն 5:9, 10)։
Սխալ կարծիքներ Թագավորության բանալիների վերաբերյալ
Սխալ կարծիք։ Պետրոսն է որոշում, թե ով կարող է երկինք մտնել։
Փաստ։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսն է «դատելու ողջերին և մեռածներին» և ոչ թե Պետրոսը (2 Տիմոթեոս 4:1, 8; Հովհաննես 5:22)։ Պետրոսն ինքն ասաց, որ Հիսուսն է «ողջերի ու մահացածների դատավորը, որ սահմանված է Աստծու կողմից» (Գործեր 10:34, 42)։
Սխալ կարծիք։ «Երկինքը» սպասում էր, որ Պետրոսը որոշի, թե երբ պետք է օգտագործել Թագավորության բանալիները։
Փաստ։ Թագավորության բանալիների մասին խոսելիս Հիսուսը Պետրոսին ասաց. «Այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը» (Մատթեոս 16:19, «Արարատ» թարգմանություն)։ Թեև ոմանք կարծում են, որ այդ խոսքերը նշանակում են, որ Պետրոսը իր որոշումները թելադրում էր «երկնքին», հունարեն բնագրային բայերը ցույց են տալիս, որ նրա որոշումները հաջորդելու էին երկնքում կայացված որոշումներին և ոչ թե նախորդելու էին դրանց։ c
Աստվածաշնչյան ուրիշ հատվածներ ցույց են տալիս, որ Թագավորության բանալիները գործածելիս Պետրոսը ենթարկվում էր «երկնքին»։ Օրինակ՝ նա հնազանդվեց Աստծու հրահանգներին, երբ պետք է օգտագործեր երրորդ բանալին (Գործեր 10:19, 20)։
a Երբեմն Աստվածաշնչում «բանալի» բառը գործածվում է որպես լիազորության և պատասխանատվության խորհրդանիշ (Եսայիա 22:20–22; Հայտնություն 3:7, 8)։
b Սամարացիների կրոնը տարբերվում էր հուդայականությունից, սակայն դրանում ընդգրկված որոշ ուսմունքներ և արարողություններ Մովսիսական օրենքից էին վերցված։