Ի՞նչ է երկինքը
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում «երկինք» բառը գործածված է երեք հիմնական իմաստներով՝ 1) բառացի երկինք, 2) ոգեղեն ոլորտ և 3) բարձր, կամ՝ վեհ դիրքի խորհրդանիշ։ Յուրաքանչյուր դեպքում համատեքստն է օգնում որոշելու, թե խոսքն ինչի մասին է։ a
Բառացի երկինք։ Այս իմաստով «երկինք» բառը վերաբերում է երկրի մթնոլորտին, որտեղ փչում է քամին, թռչում են թռչունները, ամպերը անձրև ու ձյուն են բերում, և փայլատակում է կայծակը (Սաղմոս 78:26; Առակներ 30:19; Եսայիա 55:10; Ղուկաս 17:24)։ Այն կարող է մատնանշել նաև տիեզերական տարածությունը, որտեղ գտնվում են «արևը, լուսինը, աստղերը» (2 Օրենք 4:19; Ծննդոց 1:1)։
Ոգեղեն ոլորտ։ «Երկինք» բառը նաև վերաբերում է հոգևոր երկնքին, կամ՝ ոգեղեն ոլորտին, որտեղ բնակվում են կյանքի ավելի բարձր տեսակները, և որը տիեզերքի սահմաններից դուրս է (1 Թագավորներ 8:27; Հովհաննես 6:38)։ Ոգեղեն ոլորտում բնակվում են Եհովա Աստված, որը «Ոգի է», և հրեշտակները, որոնց նա է ստեղծել (Հովհաննես 4:24; Մատթեոս 24:36)։ Երբեմն «երկինքը» անձնավորվում է և ներկայացնում է հավատարիմ հրեշտակներին՝ «սրբերի ժողովին» (Սաղմոս 89:5–7)։
Աստվածաշնչում «երկինք» բառը գործածված է նաև մատնանշելու համար ոգեղեն ոլորտի կոնկրետ այն մասը, որտեղ Եհովան է բնակվում՝ նրա «բնակության տեղը» (1 Թագավորներ 8:43, 49; Եբրայեցիներ 9:24; Հայտնություն 13:6)։ Օրինակ՝ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ Սատանան ու նրա դևերը ցած էին գցվելու երկնքից, և նրանց երբեք թույլ չէր տրվելու լինել այնտեղ, որտեղ Եհովայի ներկայությունն է։ Սակայն նրանք մնալու էին ոգեղեն ոլորտում (Հայտնություն 12:7–9, 12)։
Բարձր, կամ՝ վեհ դիրքի խորհրդանիշ։ Աստվածաշնչում «երկինք» բառը ներկայացնում է նաև վեհ դիրք և սովորաբար գործածվում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի առնչությամբ, որն իշխանություն ունի։ Այդպիսի դիրք կարող են ունենալ՝
Եհովա Աստված՝ որպես ամենակարող Գերիշխան (2 Տարեգրություն 32:20; Ղուկաս 15:21)։
Աստծու Թագավորությունը, կառավարություն, որը կփոխարինի մարդկային կառավարություններին։ Աստվածաշնչում այդ Թագավորությունը կոչվում է «նոր երկինք» (Եսայիա 65:17; 66:22; 2 Պետրոս 3:13)։ b
Այն քրիստոնյաները, որոնք, դեռ երկրի վրա են և երկինք գնալու հույս ունեն (Եփեսացիներ 2:6)։
Մարդկային կառավարությունները, որոնք իրենց բարձր են դասում իրենց հպատակներից (Եսայիա 14:12–14; Դանիել 4:20–22; 2 Պետրոս 3:7)։
Ոգեղեն չար արարածները, որոնք այժմ իշխում են աշխարհի վրա (Եփեսացիներ 6:12; 1 Հովհաննես 5:19)։
Ինչպիսի՞ն է երկինքը
Ոգեղեն ոլորտում բոլորը ակտիվ գործունեությամբ են զբաղված։ Այնտեղ կան հարյուր միլիոնավոր ոգեղեն արարածներ, որոնք «կատարում են [Եհովայի] խոսքը» (Սաղմոս 103:20, 21; Դանիել 7:10)։
Աստվածաշունչը նկարագրում է երկինքը՝ վառ լուսավորված (1 Տիմոթեոս 6:15, 16)։ Եզեկիել մարգարեին տրված տեսիլքում երկնքում «փայլ» կար, իսկ Դանիել մարգարեն տեսիլքում տեսավ, որ երկնքում «կրակե մի գետ էր հոսում» (Եզեկիել 1:26–28; Դանիել 7:9, 10)։ Երկինքը սուրբ է՝ մաքուր, և գեղեցիկ (Սաղմոս 96:6; Եսայիա 63:15; Հայտնություն 4:2, 3)։
Երկնքի վերաբերյալ Աստվածաշնչի նկարագրությունը ակնածանք է ներշնչում (Եզեկիել 43:2, 3)։ Այնուամենայնիվ, մարդիկ չեն կարող լիովին ընկալել, թե ինչ է երկինքը, քանի որ ոգեղեն ոլորտը մեր հասկացողությունից վեր է։
a «Երկինք» թարգմանված եբրայերեն բառը ակներևաբար ծագել է մի բառարմատից, որը նշանակում է «բարձր», կամ՝ «վսեմ» (Առակներ 25:3; տես The New Brown, Driver, and Briggs Hebrew and English Lexicon of the Old Testament, էջ 1029)։
b Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում ասվում է, որ Եսայիա 65:17-ում նշված «նոր երկինքը» «նոր կառավարություն է, նոր թագավորություն» (McClintock and Strong’s Cyclopedia, հատոր IV, էջ 122)։