Ի՞նչ է մեղքը
Աստվածաշնչի պատասխանը
Ցանկացած միտք, զգացմունք կամ արարք, որ հակասում է Աստծու չափանիշներին, մեղք է։ Մեղք գործել նշանակում է խախտել Աստծու օրենքները՝ անելով այն, ինչ սխալ է կամ անարդար Աստծու աչքին (1 Հովհաննես 3:4; 5:17)։ Աստվածաշունչը նշում է, որ մեղք է համարվում նաև այն, երբ անհատը թերանում անել այն, ինչ ճիշտ է (Հակոբոս 4:17)։
Բնագիր լեզուներում «մեղք» բառը նշանակում է «վրիպել թիրախից»։ Օրինակ՝ հին Իսրայելում զինվորները կարողանում էին առանց վրիպելու պարսատիկով մազի վրա քար նետել։ Այս արտահայտությունը բառացի թարգմանվում է «առանց մեղք գործելու» (Դատավորներ 20:16)։ Ուստի մեղք գործել նշանակում է վրիպել Աստծու կատարյալ չափանիշներին հետևելուց։
Լինելով մեր Արարիչը՝ Աստված իրավունք ունի չափանիշներ հաստատելու (Հայտնություն 4:11)։ Մենք մեր արարքների համար հաշվետու ենք Աստծուն (Հռոմեացիներ 14:12)։
Հնարավո՞ր է լիովին խուսափել մեղք գործելուց
Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ «բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3:23; 1 Թագավորներ 8:46; Ժողովող 7:20; 1 Հովհաննես 1:8)։ Ինչո՞ւ։
Երբ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, նրանք անմեղ էին, քանի որ ստեղծվել էին կատարյալ՝ Աստծու պատկերով (Ծննդոց 1:27)։ Սակայն երբ վերջիններս անհնազանդ եղան Աստծուն, կորցրին իրենց կատարելությունը (Ծննդոց 3:5, 6, 17–19)։ Այնուհետև նրանք մեղք ու անկատարություն փոխանցեցին իրենց երեխաներին (Հռոմեացիներ 5:12)։ Իսրայելի Դավիթ թագավորն ասաց. «Ես անօրենությամբ եմ ծնվել» (Սաղմոս 51:5)։
Ծանր կամ թեթև մեղք կա՞
Այո՛։ Աստվածաշունչն ասում է, որ Սոդոմի մարդիկ «չար էին և ծանր մեղքեր էին գործում» (Ծննդոց 13:13; 18:20)։ Նկատի առնենք երեք գործոններ, որոնցով որոշվում է մեղքի ծանրությունը։
Լրջությունը։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ խուսափենք այնպիսի լուրջ մեղքերից, ինչպիսիք են սեռական անբարոյությունը, կռապաշտությունը, գողությունը, հարբեցողությունը, շորթելը, սպանությունը և ոգեհարցությունը (1 Կորնթացիներ 6:9–11; Հայտնություն 21:8)։ Աստվածաշունչը տարբերություն է դնում այս մեղքերի և անմտածված ու ոչ միտումնավոր արված մեղքերի միջև, օրինակ՝ երբ խոսքով կամ գործով վիրավորում ենք ուրիշներին (Առակներ 12:18; Եփեսացիներ 4:31, 32)։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը հորդորում է մեզ մատների արանքով չնայել «թեթև» մեղքերին, քանի որ դրանք կարող են տանել ավելի լուրջ մեղքերի (Մատթեոս 5:27, 28)։
Մղումները։ Որոշ մարդիկ մեղքեր են գործում, քանի որ անտեղյակ են Աստծու պահանջներից (Գործեր 17:30; 1 Տիմոթեոս 1:13)։ Թեպետ դա չի արդարացնում նրանց, սակայն Աստվածաշունչը տարբերում է այդպիսի մեղքերը գիտակցաբար գործած մեղքերից, երբ մարդը միտումնավոր կերպով խախտում է Աստծու օրենքները (Թվեր 15:30, 31)։ Գիտակցաբար արված մեղքերը «չար սրտից» են բխում (Երեմիա 16:12)։
Հաճախականությունը։ Աստվածաշունչը նաև տարբերություն է դնում մեկ անգամ գործած մեղքի և մեղավոր ընթացքի միջև, երբ անհատը շարունակ մեղք է գործում (1 Հովհաննես 3:4–8)։ Նրանք, ովքեր «հոժար կամքով շարունակում են մեղք գործել», նույնիսկ այն բանից հետո, երբ իմանում են, թե որն է ճիշտը, խստորեն դատապարտվելու են Աստծու կողմից (Եբրայեցիներ 10:26, 27)։
Նրանք, ովքեր լուրջ մեղք են գործում, հնարավոր է՝ մեծ ճնշման տակ լինեն իրենց սխալ արարքի պատճառով։ Օրինակ՝ Դավիթ թագավորը գրեց. «Անօրենություններս գլխիցս վեր են բարձրացել, ծանր բեռի պես շատ ծանր են ինձ համար» (Սաղմոս 38:4)։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը հույս է տալիս. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և վնասարար մարդը՝ իր մտքերը։ Թող նա վերադառնա դեպի Եհովան, որը կողորմի նրան, ու դեպի մեր Աստվածը, որովհետև նա մեծահոգաբար կների» (Եսայիա 55:7)։