Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում լեզուներով խոսելու մասին
Աստվածաշնչի պատասխանը
«Լեզուներով խոսելը» վերաբերում է որոշ վաղ քրիստոնյաների՝ տարբեր լեզուներով խոսելու ունակությանը՝ առանց նախապես դրանք սովորելու (Գործեր 10:46)։ Տվյալ լեզուն կրող ցանկացած մարդ հեշտությամբ հասկանում էր խոսողին (Գործեր 2:4–8)։ Լեզուներով խոսելը սուրբ ոգու պարգևներից մեկն էր, որ Աստված տվել էր առաջին դարում ապրող քրիստոնյաներից ոմանց (Եբրայեցիներ 2:4; 1 Կորնթացիներ 12:4, 30)։
Որտե՞ղ և ե՞րբ են սկսել լեզուներով խոսել
Այս հրաշքը առաջին անգամ տեղի է ունեցել Երուսաղեմում մ.թ. 33 թ. հրեական Պենտեկոստե տոնի առավոտյան։ Երբ մոտ 120 Հիսուսի աշակերտներ հավաքված էին, «բոլորը սուրբ ոգով լցվեցին ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել» (Գործեր 1։15; 2։1–4)։ Մի մեծ բազմություն հավաքվեց «երկնքի տակ եղող բոլոր երկրներից», և «ամեն մեկը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին նրանք խոսում» (Գործեր 2։5, 6)։
Լեզուներով խոսելու պարգևը ի՞նչ նպատակով էր տրված
Ցույց տալու համար, որ Աստված աջակցում էր քրիստոնյաներին։ Անցյալում Աստված հրաշքներ էր գործում փաստելու համար, որ աջակցում էր իրեն հավատարիմ մարդկանց, օրինակ՝ Մովսեսին (Ելք 4։1–9, 29–31; Թվեր 17։10)։ Լեզուներով խոսելը նույնպես այդ նպատակին էր ծառայում. այն ցույց էր տալիս, որ Աստված սատարում է նոր կազմավորված քրիստոնեական ժողովին։ Պողոս առաքյալը գրեց. «Լեզուները նշանի համար են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար» (1 Կորնթացիներ 14։22)։
Օգնելու համար քրիստոնյաներին, որ հիմնովին վկայություն տան։ Պենտեկոստեի օրը Հիսուսի հետևորդներին լսողները ասացին. «Լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծամեծ բաների մասին են խոսում» (Գործեր 2։11)։ Այսպիսով՝ այս հրաշքի մեկ այլ գլխավոր նպատակն էր՝ օգնել քրիստոնյաներին «հիմնովին վկայություն տալու» և «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստելու», ինչպես որ Հիսուսը պատվիրել էր (Գործեր 10։42; Մատթեոս 28։19)։ Մոտ 3 000 մարդիկ, ովքեր տեսան այդ հրաշքը և վկայություն ստացան, նույն օրը աշակերտ դարձան (Գործեր 2։41)։
Լեզուներով խոսելու պարգևը մի՞շտ էր լինելու
Ո՛չ։ Սուրբ ոգու պարգևները, այդ թվում՝ լեզուներով խոսելու պարգևը ժամանակավորապես էին տրված։ Աստվածաշունչը կանխագուշակել էր. «Եթե կան մարգարեանալու պարգևներ, կանհետանան, եթե կան լեզուներ, կդադարեն» (1 Կորնթացիներ 13։8)։
Ե՞րբ վերջ դրվեց լեզուներով խոսելուն
Սուրբ ոգու պարգևները, որպես կանոն, ուրիշ քրիստոնյաներին փոխանցվում էին առաքյալների ներկայությամբ. սովորաբար վերջիններս իրենց ձեռքերը դնում էին նրանց վրա (Գործեր 8:18; 10:44–46)։ Ըստ երևույթին, առաքյալներից սուրբ ոգու պարգևները ստացողները դրանք չէին փոխանցում ուրիշներին (Գործեր 8։5–7, 14–17)։ Բերենք հետևյալ օրինակը։ Պաշտոնատար անձը ինչ-որ մեկին տրամադրում է վարորդական իրավունքի վկայական, բայց վերջինս լիազորված չէ այդպիսի վկայական տալու մեկ ուրիշին։ Ակներևաբար լեզուներով խոսելուն վերջ դրվեց առաքյալների և այն մարդկանց մահով, ովքեր անձամբ նրանցից էին ստացել այդ պարգևը։
Ի՞նչ կարելի է ասել այսօր լեզուներով խոսելու մասին
Լեզուներով խոսելու զարմանալի պարգևին, ըստ ամենայնի, վերջ դրվեց մոտավորապես մ.թ. առաջին դարի վերջում։ Այսօր ոչ ոք իրավամբ չի կարող պնդել, թե Աստծու զորությամբ է խոսում տարբեր լեզուներով։ a
Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճշմարիտ քրիստոնյաներին
Հիսուսն ասաց, որ անձնազոհ սերն էր բնորոշելու իր աշակերտներին (Հովհաննես 13:34, 35)։ Նմանապես Պողոս առաքյալը սովորեցրեց, որ սերն էր լինելու ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող հարատև հատկությունը (1 Կորնթացիներ 13:1, 8)։ Նա ասաց, որ Աստծու ոգին քրիստոնյաների մեջ առաջ էր բերելու հատկություններ, որոնք միասին կոչվում են «ոգու պտուղ»։ Այդ հատկություններից առաջինը սերն է (Գաղատացիներ 5։22, 23)։
a Տես «Հրաշքով տարբեր լեզուներով խոսելը Աստծո՞ւց է» հոդվածը։