Ինչպե՞ս սեռական դաստիարակություն տալ երեխաներին
Աստվածաշնչի պատասխանը
Ո՞վ պետք է սովորեցնի երեխաներին, թե ինչ է սեքսը։ Աստվածաշնչում ասվում է, որ դա մտնում է ծնողների պարտականության մեջ։ Աստվածաշնչյան հետևյալ խորհուրդները օգնել են շատ ծնողների.
Մի՛ կաշկանդվիր։ Աստվածաշունչը շատ պարզ է խոսում սեքսի և սեռական օրգանների մասին։ Աստված պատվիրել էր Իսրայել ազգին, որ սովորեցնեն երեխաներին այդ ամենի մասին (2 Օրենք 31:12; Ղևտական 15:2, 16–19)։ Երեխայի հետ խոսելիս օգտագործիր այնպիսի բառեր ու տերմիններ, որոնք չեն առաջացնի այնպիսի տպավորություն, թե սեքսը և սեռական օրգանները ամոթալի բաներ են։
Կրթիր աստիճանաբար։ Լավ կլինի ոչ թե մեկ անգամ հանգամանորեն խոսել երեխայի հետ սեքսի մասին, երբ մոտենում է նրա հասունացման տարիքը, այլ այդ մասին խոսել փոքրուց և նրա մեծանալուն զուգընթաց աստիճանաբար հայտնել ավելի շատ մանրամասներ՝ հաշվի առնելով, թե որքանով կկարողանա երեխան ընկալել դա (1 Կորնթացիներ 13:11)։
Բարոյական չափանիշներ սերմանիր նրա մեջ։ Երեխաները գուցե դպրոցում որոշ չափով ստանում են սեռական դաստիարակություն, սակայն Աստվածաշունչը հորդորում է ծնողներին խոսել երեխայի հետ ոչ միայն սեռի ֆիզիոլոգիական կողմի մասին, այլև սեռական հարցերի բարոյական կողմի՝ ճիշտ վերաբերմունքի ու պահվածքի մասին (Առակներ 5:1–23)։
Լսիր երեխայիդ։ Երբ երեխան հարց է տալիս սեքսի վերաբերյալ, կտրուկ մի՛ արձագանքիր կամ անմիջապես մի՛ քննադատիր նրան։ Փոխարենը՝ հետևիր Աստվածաշնչի խորհրդին՝ «արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1:19)։
Ինչպես պաշտպանել երեխային մանկապիղծներից
Ինքնակրթվիր։ Նախ ինքդ իմացիր, թե ինչպես են գործում մանկապիղծները (Առակներ 18:15; տես նաև «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի առաջին հատորի 32-րդ գլուխը)։
Ներգրավված եղիր երեխայիդ կյանքում։ Մի՛ թող նրան որևէ մեկի խնամքին՝ առանց հաստատ համոզված լինելու, որ այդ մարդը վստահելի անձնավորություն է։ Երբեք աչքաթող մի՛ արա երեխայիդ (Առակներ 29:15)։
Սովորեցրու հավասարակշռված լինել հնազանդվելու մեջ։ Երեխաները պետք է սովորեն լսել ու հնազանդվել իրենց ծնողներին (Կողոսացիներ 3:20)։ Սակայն եթե ասես երեխայիդ, որ պետք է միշտ լսի բոլոր մեծերին, ապա դրանով դու նրան խոցելի կդարձնես։ Իրենց երեխային կրթելիս քրիստոնյա ծնողները կարող են ասել. «Եթե որևէ մեկը քեզ ասում է, որ անես մի բան, ինչը Աստված ասում է՝ սխալ է, ապա մի՛ լսիր նրան» (Գործեր 5:29)։
Ինքնապաշտպանական պարզ քայլեր սովորեցրու։ Սովորեցրու երեխայիդ՝ ինչպես վարվի, երբ քո բացակայության ժամանակ որևէ մեկը փորձի սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ։ Երեխայի հետ նման իրավիճակ շատ կարճ բեմադրելը կնպաստի, որ նա սովորի համարձակորեն ասել. «Մի՛ արա, պապայիս ու մամայիս կասեմ» ու փախչի նրանից։ Գուցե անհրաժեշտ լինի, որ երբեմն նրան հիշեցնես այդ մասին, քանի որ երեխաները կարող են շատ շուտ մոռանալ (2 Օրենք 6:7)։