Գիտնականները հավատո՞ւմ են, որ Հիսուսը գոյություն է ունեցել
Գիտնականները հիմնավոր պատճառներ ունեն հավատալու, որ Հիսուսը իրականում գոյություն է ունեցել։ Հիսուսի և վաղ քրիստոնյաների վերաբերյալ առաջին և երկրորդ դարերում ապրած պատմաբանների աշխատությունների մասին «Բրիտանական հանրագիտարանում» (2002 թ. հրատարակություն, անգլ.) նշվում է. «Իրարից անկախ այս արձանագրությունները ապացուցում են, որ հին ժամանակներում նույնիսկ քրիստոնեության հակառակորդները երբեք չեն կասկածել, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել։ Առաջին անգամ դա անհիմն կերպով կասկածի տակ դրվեց 18-րդ դարի վերջին։ Այդ կարծիքը տարածված է եղել 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբում»։
2006թ.-ին լույս տեսած մի գրքում, որի վերնագիրն է «Հիսուսը և հնագիտությունը», գրված է. «Հեղինակավոր ոչ մի գիտնական այսօր կասկածի տակ չի դնում, որ երբևէ ապրել է Հիսուս անունով մի հրեա, որի հոր անունը եղել է Հովսեփ։ Ընդհակառակը նրանք ընդունում են, որ այսօր շատ տեղեկություններ կան այն մասին, թե հիմնականում ինչեր է նա արել ու սովորեցրել»։
Աստվածաշնչում Հիսուսը նկարագրվում է որպես իրական անձնավորություն, որտեղ գրված է նրա տոհմաբանությունը և ընտանիքի անդամների անունները (Մատթեոս 1:1; 13:55)։ Այնտեղ նշված են նաև այն հայտնի կառավարիչների անունները, որոնք ապրել են նրա ժամանակ (Ղուկաս 3:1, 2)։ Այս մանրամասները հնարավորություն են տալիս հետազոտողներին ստուգելու Աստվածաշնչյան արձանագրությունների ճշգրտությունը։