Անցնել բովանդակությանը

Ո՞վ էր Մարիամ Մագդաղենացին

Ո՞վ էր Մարիամ Մագդաղենացին

Աստվածաշնչի պատասխանը

 Մարիամ Մագդաղենացին Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդն էր։ Նրա անունը՝ Մագդաղենացի, ըստ երևույթին, ծագել է Մագդալա (կամ Մագդաղե) քաղաքի անվանումից, որը գտնվում էր Գալիլեայի ծովի մոտակայքում։ Թերևս Մարիամը ինչ-որ ժամանակ այնտեղ է ապրել։

 Մարիամ Մագդաղենացին այն մի քանի կանանցից էր, ովքեր ճամփորդում էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ և նյութապես աջակցում էին նրանց (Ղուկաս 8:1–3)։ Մարիամն ականատես է եղել Հիսուսի մահապատժին և առաջիններից մեկն է, ովքեր տեսել են նրան իր հարությունից հետո (Մարկոս 15:40; Հովհաննես 20:11–18):

 Մարիամ Մագդաղենացին անբարոյակա՞ն էր

 Աստվածաշունչը չի ասում, թե Մարիամ Մագդաղենացին անբարոյական էր։ Միակ բանը, որ նշվում է նրա մասին, այն է, որ Հիսուսը 7 դև հանեց նրա միջից (Ղուկաս 8:2):

 Իսկ որտեղի՞ց է առաջացել այն կարծիքը, թե նա անբարոյական է եղել։ Մարիամի մահից տարիներ անց ոմանք սկսեցին պնդել, թե նա այն նույն կինն է (հավանաբար պոռնիկ), որի անունը նշված չէ Աստվածաշնչում, և որը լվաց Հիսուսի ոտքերն իր արցունքներով ու չորացրեց դրանք իր մազերով (Ղուկաս 7:36–38)։ Սակայն այս պնդումը սուրբգրային հիմք չունի։

 Մարիամ Մագդաղենացին «առաքյալների առաքյա՞լ» էր

 Ո՛չ։ Կաթոլիկ եկեղեցին Մարիամին անվանում է «Սուրբ Մարիամ Մագդաղենացի» և «առաքյալների առաքյալ», քանի որ նա առաջինը հայտնեց առաքյալներին Հիսուսի հարության լուրը (Հովհաննես 20:18)։ Այդուհանդերձ, դա նրան առաքյալ չի դարձնում։ Աստվածաշունչն էլ նրան այդպես չի անվանում (Ղուկաս 6:12–16):

 Աստվածաշնչի գրությունն ավարտվել է մ.թ. առաջին դարի վերջին։ Սակայն միայն վեցերորդ դարում եկեղեցին որոշեց Մարիամ Մագդաղենացուն ավելի բարձր դիրք շնորհել: Երկրորդ և երրորդ դարերի պարականոն գրքերում, այսինքն՝ Աստվածաշնչի կանոնի մեջ չներառված գրքերում, Հիսուսի առաքյալներից ոմանց մասին ասվում է, որ նախանձում էին Մարիամին։ Սակայն այդպիսի հորինված պատմություններին Աստվածաշունչը թիկունք չի կանգնում։

 Մարիամ Մագդաղենացին Հիսուս Քրիստոսի կի՞նն էր

 Ո՛չ։ Ավելին՝ Աստվածաշունչը պարզ նշում է, որ Հիսուսը չի ամուսնացել։ a