Ի՞նչ է Նոր Երուսաղեմը
Աստվածաշնչի պատասխանը
«Նոր Երուսաղեմ» արտահայտությունը Աստվածաշնչում հանդիպում է երկու անգամ։ Այն խորհրդանշական քաղաք է և ներկայացնում է Հիսուսի հետևորդների այն խմբին, որը գնալու է երկինք՝ Աստծու Թագավորությունում նրա հետ իշխելու համար (Հայտնություն 3:12; 21:2)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այս խումբը կարող է նաև կոչվել Քրիստոսի հարս։
Նոր Երուսաղեմը բնորոշելու կերպեր
Նոր Երուսաղեմը երկնքում է։ Ամեն անգամ, երբ Աստվածաշնչում հիշատակվում է Նոր Երուսաղեմի մասին, ասվում է, որ այն իջնում է երկնքից, որտեղ հրեշտակները պահպանում են քաղաքի դարպասները (Հայտնություն 3։12; 21։2, 10, 12)։ Բացի այդ, քաղաքի մեծ չափերը ցույց են տալիս, որ այն չէր կարող երկրի վրա լինել։ Այն քառակուսի է, տրամագիծը կազմում է «տասներկու հազար ասպարեզ», կամ՝ ստադիոն a (Հայտնություն 21:16)։ Ուստի դրա կողմերը գրեթե 560 կիլոմետր (350 մղոն) բարձրություն ունեն և վեր են խոյանում դեպի երկինք։
Նոր Երուսաղեմը բաղկացած է Հիսուսի մի խումբ հետևորդներից՝ Քրիստոսի հարսից։ Նոր Երուսաղեմը կոչվում է «հարս՝ Գառան կին» (Հայտնություն 21:9, 10)։ Այս խորհրդանշական նկարագրության մեջ Գառը Հիսուս Քրիստոսն է (Հովհաննես 1:29; Հայտնություն 5:12)։ «Գառան կինը»՝ Քրիստոսի հարսը, ներկայացնում է այն քրիստոնյաներին, ովքեր Հիսուսի հետ միավորվելու են երկնքում։ Աստվածաշունչը Հիսուսի և այդ քրիստոնյաների փոխհարաբերությունները նմանեցնում է ամուսնու և կնոջ փոխհարաբերություններին (2 Կորնթացիներ 11:2; Եփեսացիներ 5:23–25)։ Բացի այդ, Նոր Երուսաղեմի հիմնաքարերի վրա «Գառան տասներկու առաքյալների տասներկու անուններն են» (Հայտնություն 21։14)։ Նման խոսքեր կան Եփեսացիներ 2։20-ում, որտեղ երկնային կյանքի կանչված քրիստոնյաների մասին ասվում է, որ նրանք «կառուցվել են առաքյալների ու մարգարեների հիմքի վրա»։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Նոր Երուսաղեմը այն քրիստոնյաներն են, ովքեր ապրելու են երկնքում։
Նոր Երուսաղեմը կառավարության մաս է կազմում։ Հին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն էր, այն վայրը, որտեղից Դավիթ թագավորը, նրա որդի Սողոմոնը և նրանց հետնորդները իշխում էին՝ նստած «Եհովայի գահին» (1 Տարեգրություն 29։23)։ Այսպիսով՝ Երուսաղեմը, որը կոչվում էր «սուրբ քաղաք», ներկայացնում էր Աստծու Թագավորությունը Դավթի շառավղի միջոցով (Նեեմիա 11։1)։ Նոր Երուսաղեմը, որը նույնպես կոչվում է «սուրբ քաղաք», կազմված է այն անհատներից, ովքեր երկնքում միանում են Հիսուսին, որ «թագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10; 21։2)։
Նոր Երուսաղեմը օրհնություններ է բերում երկրի վրա ապրողներին։ Նոր Երուսաղեմի մասին ասվում է, որ նա «իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից», ինչը ցույց է տալիս, որ Աստված դրա միջոցով ներգործում է երկնային ոլորտից դուրս գտնվող բաների վրա (Հայտնություն 21։2)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ կապ կա Նոր Երուսաղեմի և Աստծու Թագավորության միջև, որի միջոցով Աստված իրագործում է իր կամքը «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Աստծու կամքը, կամ՝ նպատակը երկրի վրա ապրող մարդկանց առնչությամբ ներառում է հետևյալ օրհնությունները։
Մեղքը կհեռացվի։ Նոր Երուսաղեմից հոսում է «կյանքի ջրի մի գետ»։ Այն ջրում է «կյանքի ծառերը», որոնք «ազգերին բուժելու համար են» (Հայտնություն 22։1, 2)։ Ֆիզիկական և հոգևոր այս բուժման շնորհիվ մեղքը կվերանա, և մարդիկ կկարողանան կատարյալ կյանք ունենալ, ինչպես որ Աստված ի սկզբանե նպատակադրել էր (Հռոմեացիներ 8:21)։
Աստծու և մարդկանց միջև լավ փոխհարաբերություններ կլինեն։ Մեղքի պատճառով մարդիկ օտարացել են Աստծուց (Եսայիա 59:2)։ Երբ մեղքը վերանա, մենք կկարողանանք տեսնել հետևյալ մարգարեության լիարժեք կատարումը. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի» (Հայտնություն 21։3)։
Վերջ կդրվի տառապանքին ու մահվանը։ Իր Թագավորության միջոցով Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։
a Ստադիոնը հռոմեացիների կողմից գործածվող չափման միավոր էր, որը հավասար էր 185 մետրի (607 ֆուտ)։