Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր անձնավորություն։ Կարո՞ղ ենք լինել հոգևոր անձնավորություն առանց որևէ կրոնի հարելու
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում օգտագործվող «հոգևոր մարդ» արտահայտությունը վերաբերում է այն անձնավորությանը, որ խորապես ցանկանում է հաճեցնել Աստծուն և որդեգրել նրա մտածելակերպը։ Հոգևոր մարդը ձգտում է ապրել Աստծու չափանիշների համաձայն և հետևել նրա սուրբ ոգու a առաջնորդությանը (Հռոմեացիներ 8։5; Եփեսացիներ 5։1)։
Աստվածաշունչը հաճախ հակադրությունների միջոցով է ցույց տալիս, թե ինչ է նշանակում լինել հոգևոր մարդ։ Օրինակ՝ ի տարբերություն հոգևոր մարդու՝ «մարմնավոր մարդը չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս», այսինքն՝ Աստծու սովորեցրած բաները (1 Կորնթացիներ 2։14–16)։ Ի հակադրություն հոգևոր մարդկանց՝ մարմնավոր մարդիկ հակված են նախանձելու ու պառակտումներ առաջացնելու, այլ ոչ թե առատաձեռնություն և խաղաղասիրություն դրսևորելու (1 Կորնթացիներ 3։1–3)։ Իսկ այն մարդկանց, որոնք իրենց խոսքերով զրպարտում և մտերիմներին բաժանում են իրարից, Աստվածաշունչը կոչում է «անասնացած մարդիկ, որ զուրկ են հոգևորից» (Հուդա 19; Առակներ 16։28)։ b
Այս հոդվածում՝
Ի՞նչն է մարդուն հոգևոր դարձնում
Մենք կարող ենք հոգևոր մարդ լինել, քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով (Ծննդոց 1։27)։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ մարդկանց մեծամասնության մեջ ձգտում ու գնահատանք կա ոչ նյութական բաների հանդեպ։
Մենք ի ծնե ունենք Եհովա c Աստծու հատկությունները արտացոլելու ունակություն, օրինակ՝ խաղաղությունը, ողորմությունը և անկողմնակալությունը (Հակոբոս 3։17)։ Ավելին՝ Աստված իր զորությունն է տալիս նրանց, ովքեր ցանկանում են հնազանդվել իր պատվերներին (Գործեր 5։32)։
Ինչո՞ւ է հոգևոր լինելը կարևոր
Հոգևոր մտածելակերպը «տանում է դեպի կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8։6)։ Սրանք անգին պարգևներ են Աստծուց։
Կյանք։ Աստված խոստանում է հոգևոր մարդկանց տալ հավիտենական կյանք (Հովհաննես 17։3; Գաղատացիներ 6։8)։
Խաղաղություն։ Խոսքը Աստծու հետ ունեցած խաղաղության մասին է։ Այն մարդիկ, որոնք կենտրոնանում են միայն իրենց ֆիզիկական կարիքների վրա, դառնում են Աստծու թշնամին (Հռոմեացիներ 8։7)։ Իսկ նրանք, ովքեր ջանքեր են գործադրում, որպեսզի հոգևոր մարդ դառնան, ստանում են «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Այս ներքին խաղաղությունը օգնում է նրանց երջանիկ կյանքով ապրել (Մատթեոս 5։3)։
Ինչպե՞ս կարելի է դառնալ հոգևոր անձնավորություն
Սովորիր Աստծու պատվիրանները և հնազանդվիր դրանց։ Դա կարող ես անել՝ ընթերցելով Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, որը գրել են մարդիկ՝ «սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21)։ Սովորածիդ շնորհիվ Աստծուն կերկրպագես «ոգով ու ճշմարտությամբ», այսինքն՝ նրա ոգու առաջնորդությամբ ու նրա կամքին ներդաշնակ կերպով (Հովհաննես 4։24)։
Աղոթքով Աստծուց օգնություն խնդրիր (Ղուկաս 11։13)։ Աստված կօգնի քեզ, որ հոգևոր անձնավորությանը բնորոշ հատկություններ զարգացնես (Գաղատացիներ 5։22, 23)։ Նա նաև քեզ կտա իմաստություն, որպեսզի հաղթահարես կյանքի դժվարությունները (Հակոբոս 1։5)։
Շփվիր հոգևոր մարդկանց հետ։ Նրանք կօգնեն քեզ, որ հոգևորապես ամրանաս (Հռոմեացիներ 1։11, 12)։ Եվ հակառակը, եթե մտերմություն անես այնպիսի մարդկանց հետ, որոնց մտածելակերպը տարբերվում է Աստծու մտածելակերպից, ապա հոգևորապես կթուլանաս (Հակոբոս 4։4)։
Պե՞տք է հարեմ որևէ կրոնի, որպեսզի դառնամ հոգևոր մարդ
Պարզապես որևէ կրոնի անդամ լինելը մեզ հոգևոր մարդ չի դարձնում։ Աստվածաշնչում ասվում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է» (Հակոբոս 1։26)։
Բայց միևնույն ժամանակ Աստվածաշնչից իմանում ենք, որ պետք է երկրպագել Աստծուն նրան հաճելի կերպով։ Հոգևոր մարդիկ գիտակցում են, որ կա «մեկ ոգի», և դա Աստծու սուրբ ոգին է։ Այդ ոգին մղում է նրանց երկրպագել Աստծուն միասին հավաքված՝ որպես «մեկ մարմին», և պահպանել «ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփեսացիներ 4։1–4)։
Սխալ պատկերացումներ հոգևոր լինելու մասին
Սխալ պատկերացում: Հոգևոր մարդ է համարվում այն անձնավորությունը, որն իր նախընտրած կերպով բավարարում է իր հոգևոր կարիքները։
Փաստ: Աստվածաշնչում ասվում է, որ հոգևոր է համարվում այն մարդը, որը կյանքում առաջնորդվում է Աստծու սկզբունքներով։ Այն չի սովորեցնում, որ հնարավոր է հոգևոր կարիքները բավարարել առանց Աստծու։ Հոգևոր մարդիկ գիտակցում են, որ Եհովան է տիեզերքի Արարիչը, ու փորձում են նրա կամքի համաձայն ապրել (Սաղմոս 100։3)։
Սխալ պատկերացում: Մարդ կարող է դառնալ հոգևոր, եթե ապրի ճգնավորի կյանքով կամ զբաղվի ինքնախարազանմամբ։
Փաստ: Մարմինը կտտանքների ենթարկելը «ինքնահնար» երկրպագության ձև է և մարմնավոր մտածելակերպի դրսևորում (Կողոսացիներ 2։18, 23 ԱԹ)։ Աստվածաշնչում ասվում է, որ հոգևոր մարդու կյանքը լի է ուրախությամբ, ոչ թե ցավով (Առակներ 10։22)։
Սխալ պատկերացում: Հոգևոր ոլորտի հետ ցանկացած կապ, այդ թվում՝ ոգեհարցությամբ կամ ոգեպաշտությամբ զբաղվելը կնպաստեն, որ ավելի հոգևոր մարդ դառնաս։
Փաստ: Ոգեհարցությամբ զբաղվողները հավատում են, որ մահացած մարդկանց հոգիները կարող են հաղորդակցվել ողջերի հետ։ Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահացածները անգիտակից վիճակում են (Ժողովող 9։5)։ Ոգեհարցությունը իրականում հաղորդակցությունն է այն ոգեղեն արարածների հետ, որոնք հակառակվում են Աստծուն։ Այս ամենը տհաճ է Աստծու համար, և ոգեհարցությամբ զբաղվողները չեն կարող հոգևոր մարդիկ համարվել (Ղևտական 20։6; 2 Օրենք 18։11, 12)։
Սխալ պատկերացում: Բոլոր արարածները ի ծնե հոգևոր են։
Փաստ: Աստծու յուրաքանչյուր ստեղծագործություն փառք է բերում նրան (Սաղմոս 145։10; Հռոմեացիներ 1։20)։ Սակայն միայն բանական էակները կարող են հոգևոր մտածելակերպ զարգացնել։ Կենդանիները առաջնորդվում են բնազդներով և չեն կարող մտերմանալ Աստծու հետ։ Նրանք միայն հոգում են իրենց ֆիզիկական կարիքների մասին (2 Պետրոս 2։12)։ Իսկ Աստվածաշունչը հակադրում է հոգևոր և անասնական մտածելակերպն ու ապրելակերպը (Հակոբոս 3։15; Հուդա 19)։
a Աստվածաշնչի բնագրային ձեռագրերում օգտագործված բառերը, որոնք թարգմանվել են «ոգի», բառացի նշանակում են շունչ։ Սակայն դրանք նաև կարող են նշանակել շարժման մեջ գտնվող անտեսանելի ուժ։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված Բարձրագույն Ոգեղեն Էակն է։ Հոգևոր մարդը իր որոշումները կայացնում է Աստծու կամքի համաձայն և առաջնորդվում է նրա սուրբ ոգով։
b Ըստ Աստվածաշնչի՝ «մարմնավոր» են համարվում այն մարդիկ, որոնք արհամարհում են Աստծու չափանիշները, և որոնց մտածելակերպի ու գործերի հիմքում գլխավորապես ընկած է իրենց մարմնական ցանկությունները և ֆիզիկական կարիքները բավարարելը։
c Եհովան Աստծու անունն է, ինչպես որ ասվում է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18)։