Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից
Աստվածաշնչի պատասխանը
Ուշադրություն դարձրու հետևյալ գործնական առաջարկներին, որոնց հիմքում աստվածաշնչյան իմաստուն խորհուրդներ են։
Եղիր գործնական։ Աշխատակիցներիդ հետ եղիր նրբանկատ և հարգալից, սակայն խուսափիր չափից շատ ընկերական լինելուց, որ չկարծեն, թե դեմ չես լինի, եթե քո հանդեպ սեքսուալ հետաքրքրություն ցույց տան (Մատթեոս 10:16; Կողոսացիներ 4:6)։
Համեստ հագնվիր։ Ցանկահարույց հագուստը սխալ պատկերացում կստեղծի քո մասին։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հագնվել «համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթեոս 2:9)։
Խելամտորեն ընկերներ ընտրիր։ Եթե ժամանակ ես անցկացնում այնպիսի մարդկանց հետ, ովքեր հանդուրժում և մի բան էլ ուրախ են լինում, երբ իրենց հետ ֆլիրտ են անում կամ անպարկեշտ առաջարկներ անում, ապա շատ հավանական է, որ քեզ հետ էլ կվարվեն այնպես, ինչպես նրանց հետ (Առակներ 13:20)։
Մի՛ հանդուրժիր անվայել զրույցներ։ Նրբանկատորեն հեռացիր, եթե խոսակցությունը սկսում է անվայել բնույթ կրել. սկսում են «անպարկեշտ կատակներ» պատմել կամ «հիմար խոսակցություններ» վարել (Եփեսացիներ 5:4)։
Խուսափիր վարկաբեկող իրավիճակում հայտնվելուց։ Օրինակ՝ մի՛ ընդունիր գործից հետո մնալու առաջարկը, եթե հիմնավոր պատճառ չկա (Առակներ 22:3)։
Խոսիր հաստատակամորեն և ուղիղ։ Եթե քո դեմ սեռական ոտնձգություն է կատարվում, պարզ և ուղիղ ասա քեզ անհանգստացնողին, որ նրա վարվելակերպը տհաճ է քեզ (1 Կորնթացիներ 14:9)։ Օրինակ՝ կարող ես ասել. «Էլ ինձ չկպնես, դա ինձ դուր չի գալիս»։ Կամ կարող ես գրել նրան, թե նրա արարքը ինչու քեզ դուր չեկավ, ինչ զգացիր դու և ինչպես կուզես, որ իրեն դրսևորի այդուհետ (1 Թեսաղոնիկեցիներ 4:3–5)։
Դիմիր մեկի օգնությանը։ Եթե ոտնձգությունը շարունակական բնույթ է կրում, խոսիր այդ մասին մտերիմ ու վստահելի անձնավորության, ընտանիքիդ անդամներից մեկի կամ աշխատակցիդ հետ։ Կարող ես խոսել նաև մեկի հետ, ով փորձառու է սեռական ոտնձգության զոհերին օգնելու հարցում (Առակներ 27:9)։ Նման ոտնձգության զոհերից շատերին օգնել է աղոթքը։ Անգամ եթե նախկինում երբեք չես աղոթել, մի՛ թերագնահատիր այն օգնությունը, որը կարող ես ստանալ «ամենայն մխիթարության Աստծուց»՝ Եհովայից (2 Կորնթացիներ 1:3)։
Սեռական ոտնձգության պատճառով միլիոնավոր մարդիկ լարված մթնոլորտում են աշխատում, սակայն Աստվածաշունչը կարող է օգնել։