Պե՞տք է քրիստոնյաները շաբաթը պահեն
Աստվածաշնչի պատասխանը
Քրիստոնյաներից չի պահանջվում շաբաթը պահել։ Նրանք «Քրիստոսի օրենքի» տակ են, որտեղ չկա շաբաթը պահելու պահանջ (Գաղատացիներ 6:2; Կողոսացիներ 2:16, 17)։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Նախ տեսնենք, թե որտեղից է եկել շաբաթը պահելու մասին օրենքը։
Ի՞նչ է շաբաթը
Եբրայերեն «շաբաթ» բառը նշանակում է «հանգիստ, դադար»։ Առաջին անգամ Աստվածաշնչում այն հիշատակվում է հին Իսրայել ազգին տրված պատվերների մեջ (Ելք 16:23)։ Օրինակ՝ Տասը պատվիրաններից չորրորդում ասվում է. «Հիշելով այն մասին, որ շաբաթ օրը պետք է սուրբ համարել՝ վեց օր աշխատիր ու արա քո բոլոր գործերը։ Բայց յոթերորդ օրը շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին։ Ոչ մի գործ չանես» (Ելք 20:8–10)։ Շաբաթը սկսվում էր ուրբաթ մայրամուտից և ավարտվում շաբաթ օրը՝ մայրամուտին։ Այդ ժամանակահատվածում իսրայելացիները չպետք է լքեին իրենց բնակավայրը, կրակ վառեին, փայտ հավաքեին կամ բեռ տեղափոխեին (Ելք 16:29; 35:3; Թվեր 15:32–36; Երեմիա 17:21)։ Շաբաթը չպահելը մահվան արժանի հանցանք էր համարվում (Ելք 31:15)։
Հրեական օրացույցում այլ օրեր ևս, ինչպես նաև յուրաքանչյուր 7-րդ և 50-րդ տարին շաբաթ էին կոչվում։ Շաբաթ-տարվա ընթացքում հողը չպետք է մշակվեր, ուստի պարտատերերը չպետք է հետ պահանջեին իրենց փողը պարտք վերցրած իսրայելացուց (Ղևտական 16:29–31; 23:6, 7, 32; 25:4, 11–14; 2 Օրենք 15:1–3)։
Ինչո՞ւ շաբաթի մասին օրենքը չի վերաբերում քրիստոնյաներին
Շաբաթի մասին օրենքը վերաբերում էր միայն այն ժողովրդին, ով հանձն էր առել ապրել Մովսիսական օրենքի համաձայն (2 Օրենք 5:2, 3; Եզեկիել 20:10–12)։ Աստված ուրիշ ազգերից երբեք չի պահանջել պահել շաբաթը։ Ավելին, Հիսուսի զոհի շնորհիվ հրեաները ազատվեցին Մովսիսական օրենքից, որի մեջ մտնում էին Տասը պատվիրանները (Հռոմեացիներ 7:6, 7; 10:4; Գաղատացիներ 3:24, 25; Եփեսացիներ 2:15)։ Քրիստոնյաները Մովսիսական օրենքի փոխարեն հետևում են ավելի գերազանց օրենքի՝ սիրո օրենքին (Հռոմեացիներ 13:9, 10; Եբրայեցիներ 8:13)։
Սխալ պատկերացումներ շաբաթի մասին
Պատկերացում։ Աստված սահմանեց շաբաթվա օրենքը, երբ յոթերորդ օրը հանգստացավ։
Փաստ։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել» (Ծննդոց 2:3, «Էջմիածին» թարգմանություն)։ Այս խոսքերում չկա օրենք, որ մարդիկ պետք է պահեն։ Այստեղ պարզապես ասվում է, թե արարչագործության յոթերորդ օրը Աստված ինչ արեց։ Աստվածաշնչում չի հիշատակվում, որ մինչև Մովսեսի օրերը մարդկանցից որևէ մեկը շաբաթ պահած լինի։
Պատկերացում։ Նախքան Մովսիսական օրենքը ստանալը իսրայելացիները պահում էին շաբաթը։
Փաստ։ Մովսեսն ասաց Իսրայել ժողովրդին. «Մեր Աստված Եհովան ուխտ կապեց մեզ հետ Քորեբում» (Սինա լեռան շուրջը եղող տարածքում)։ Այդ ուխտի մեջ էր մտնում նաև շաբաթի վերաբերյալ օրենքը (2 Օրենք 5:2, 12)։ Իսրայելի արձագանքը ցույց է տալիս, որ շաբաթի օրենքը նոր էր նրանց համար։ Եթե իսրայելացիները մինչ այդ Եգիպտոսում պահած լինեին շաբաթի օրենքը, ապա ինչպե՞ս էր այդ օրենքը նրանց հիշեցնելու Եգիպտոսից իրենց ազատագրումը, ինչպես նշել էր Աստված (2 Օրենք 5:15)։ Ինչո՞ւ պետք է նրանց ասվեր, որ յոթերորդ օրը մանանա չհավաքեն (Ելք 16:25–30)։ Կամ ինչո՞ւ չգիտեին ինչպես վարվել շաբաթի օրենքը խախտողի հետ (Թվեր 15:32–36)։
Պատկերացում։ Շաբաթը հավիտենական ուխտ է, հետևաբար պետք է պահենք այն։
Փաստ։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում գրված է, որ շաբաթ պահելը «յաւիտենական ուխտ» է (Ելք 31:16, «Էջմիածին» թարգմանություն)։ Սակայն «հավիտենական» թարգմանված եբրայերեն բառը կարող է ունենալ ոչ միայն «անվերջ լինելու», այլև «անհայտ տևողության ժամանակի» իմաստ։ Օրինակ՝ Աստվածաշնչում նույն բառն է օգտագործված, երբ խոսվում է Իսրայելում Աստծու սահմանած քահանայության մասին, որին նա 2000 տարի անց վերջ դրեց (Ելք 40:15; Եբրայեցիներ 7:11, 12)։
Պատկերացում։ Քրիստոնյաները պետք է պահեն շաբաթը, քանի որ Հիսուսը պահում էր։
Փաստ։ Հիսուսը պահում էր շաբաթը, քանի որ հրեա էր և, Մովսիսական օրենքի տակ լինելով, պարտավոր էր այն պահել (Գաղատացիներ 4:4)։ Նրա մահից հետո Օրենքի ուխտը, որի մեջ մտնում էր նաև շաբաթի մասին օրենքը, անվավեր դարձավ (Կողոսացիներ 2:13, 14)։
Պատկերացում։ Պողոս առաքյալը, որ քրիստոնյա էր, պահել է շաբաթը։
Փաստ։ Ճիշտ է, շաբաթ օրերը Պողոսը գնում էր ժողովարան, բայց ոչ այն նպատակով, որ հետևեր հրեական ավանդությանը (Գործեր 13:14; 17:1–3; 18:4)։ Նա գնում էր ժողովարան, որպեսզի այնտեղ բարի լուրը քարոզեր, քանի որ ընդունված էր ներկա հռետորներին հրավիրել խոսք ուղղելու հավաքված ժողովրդին (Գործեր 13:15, 32)։ Բացի այդ, Պողոսը միայն շաբաթ օրերը չէր, որ քարոզում էր։ Նա ամեն օր էր դա անում (Գործեր 17:17)։
Պատկերացում։ Քրիստոնյաները շաբաթը պետք է պահեն կիրակի օրը։
Փաստ։ Աստվածաշունչը քրիստոնյաներին չի պատվիրում կիրակի օրը նվիրել հանգստին ու երկրպագությանը։ Առաջին դարում կիրակին աշխատանքային օր է եղել։ Աստվածաշնչյան մի հանրագիտարանում ասվում է. «Չորրորդ դարում էր, որ կիրակի օրը սկսեց դիտվել որպես շաբաթ, երբ [հռոմեացի հեթանոս կայսր] Կոստանդինը սահմանեց, թե ինչ գործեր չպետք է արվեն կիրակի օրը» (The International Standard Bible Encyclopedia)։ a
Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի այն հատվածների մասին, որտեղ կիրակին ասես հատուկ օր է սահմանված։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «շաբաթվա առաջին օրը»՝ կիրակի օրը, Պողոս առաքյալը իր հավատակիցներին մեկտեղ հավաքեց և միասին ճաշեցին։ Բայց դա արեց զուտ այն պատճառով, որ հաջորդ օրը մեկնելու էր (Գործեր 20:7)։ Նաև կարդում ենք, որ ժողովներին պատվեր տրվեց կարիքի մեջ եղողներին օգնելու համար «շաբաթվա առաջին օրը» որոշ գումար մի կողմ դնեն։ Բայց սա ընդամենը գործնական խորհուրդ էր, որը կօգներ նախապես ծրագրել, թե ինչպես օգտագործել նյութական միջոցները։ Եվ մի կողմ դրված գումարն էլ տանն էին պահելու, ոչ թե տանելու էին երկրպագության վայր (1 Կորնթացիներ 16:1, 2)։
Պատկերացում։ Սխալ է շաբաթվա մեջ օր առանձնացնել հանգստի ու երկրպագության համար։
Փաստ։ Աստվածաշունչը նման հարցերը թողնում է յուրաքանչյուր քրիստոնյայի ընտրությանը, յուրաքանչյուրն ինքն է որոշում (Հռոմեացիներ 14:5)։
a Տե՛ս նաև New Catholic Encyclopedia, Second Edition, Volume 13, page 608։