ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Կարևո՞ր է, թե ինչ երաժշտություն եմ լսում
«Օրս սկսում եմ երաժշտությամբ։ Մեքենայի մեջ նույնպես երաժշտություն եմ լսում։ Երբ տանը հանգստանում եմ, մաքրություն անում կամ ընթերցում, երաժշտություն եմ լսում։ Ես միշտ երաժշտություն եմ լսում» (Կառլա)։
Կառլայի պես՝ դո՞ւ էլ ես երաժշտություն սիրում։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ տեսնել, թե ինչ դրական կամ բացասական ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը քեզ վրա, և թե ինչպես իմաստուն ընտրություն կատարել։
Դրական ազդեցություն
Երաժշտություն լսելը նման է ուտելուն։ Երկու դեպքում էլ ճիշտ ընտրությունը կարող է օգտակար լինել։
Երաժշտությունը կարող է բարձրացնել տրամադրությունդ։
«Երբ վատ տրամադրություն եմ ունենում, լսում եմ իմ սիրած երաժշտությունը։ Դա ինձ շատ է օգնում» (Մարկ)։
Երաժշտությունը կարող է լավ հուշեր արթնացնել։
«Հաճախ իմ սիրած երգը լսելիս հիշողությունների գիրկն եմ ընկնում, դրա համար միշտ հաճույքով եմ լսում այն» (Շեյլա)։
Երաժշտությունը կարող է միավորել։
«Երբ Եհովայի վկաների միջազգային համաժողովին բոլորս երգեցինք եզրափակիչ երգը, աչքերս արցունքներով լցվեցին։ Մենք տարբեր լեզուներով էինք խոսում, բայց երաժշտությունը միավորեց մեզ» (Թամմի)։
Երաժշտությունը կարող է օգնել քեզ լավ հատկություններ զարգացնել։
«Երաժշտական գործիք նվագել սովորելը օգնում է զարգացնել ինքնակարգապահություն և համբերություն։ Իսկ դա այդքան էլ հեշտ չէ։ Լավ նվագել սովորելու միակ ձևը շատ պարապելն է» (Աննա)։
Գիտեի՞ր։ Աստվածաշնչի ամենամեծ գիրքը՝ «Սաղմոսները», կազմված է 150 երգերից։
Բացասական ազդեցություն
Կա երաժշտություն, որ, փչացած սննդի նման, թունավոր է։ Տես, թե ինչու։
Շատ երգեր պարունակում են անպարկեշտ բառեր։
«Թվում է՝ բոլոր հայտնի երգերը միայն սեքսի մասին են։ Նրանք այլևս չեն էլ փորձում թաքցնել դա» (Հանա)։
Աստվածաշունչն ասում է. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ» (Եփեսացիներ 5:3)։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ լսած երաժշտությունը խանգարո՞ւմ է ինձ հետևել այս հորդորին»։
Երաժշտությունը կարող է տխրեցնել։
«Երբեմն գիշերները պառկած երաժշտություն եմ լսում, որի պատճառով սկսում եմ մտածել այնպիսի բաների շուրջ, որոնք ինձ վհատեցնում են ու ճնշում։ Տխուր երաժշտությունը վատ մտքեր է առաջացնում» (Թամմի)։
Աստվածաշունչն ասում է. «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր» (Առակներ 4:23)։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ լսած երաժշտությունը բացասակա՞ն մտքերի վրա է կենտրոնացնում ուշադրությունս»։
Երաժշտությունը կարող է բարկություն առաջացնել։
«Բարկությամբ, ատելությամբ լի երաժշտությունը աննկատ ձևով վնասում է ինձ։ Նկատել եմ, որ այդպիսի երաժշտություն լսելուց հետո տրամադրությունս փոխվում է։ Ընտանիքս էլ է նույն բանն ասում» (Ջոն)։
Աստվածաշունչն ասում է. «Հեռացրեք ձեզանից այս ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը, և թող անպարկեշտ խոսքեր դուրս չգան ձեր բերանից» (Կողոսացիներ 3:8)։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ լսած երաժշտությունը ինձ ագրեսի՞վ է դարձնում, ուրիշների հանդեպ անտարբե՞ր եմ դառնում»։
Ամփոփում։ Ընտրողաբար մոտեցիր։ Հենց այդպես է վարվում Ջուլի անունով մի աղջիկ։ Նա ասում է. «Անընդհատ ստուգում եմ, թե ինչ երգեր եմ լսում, և ջնջում եմ որոշ երգեր՝ հասկանալով, որ դրանք անպատշաճ են։ Ճիշտ է, հեշտ չէ այդպես անել, բայց ճիշտը դա է։
Թարա անունով մի աղջիկ նմանատիպ բան է ասում. «Երբեմն ռադիոյով գեղեցիկ երգ է հնչում, որի բառերը լսելուց հետո հասկանում ես, որ պետք է փոխես ալիքը։ Դա անելը նման է այն բանին, որ սիրածդ տորթից մի փոքրիկ կտոր ուտես ու հետո հրաժարվես։ Եթե կարողանում ես ուժ գտնել չլսելու անպատշաճ երգ, ուժ կգտնես նաև մերժելու անբարո առաջարկները։ Չեմ ուզում թերագնահատել երաժշտության ազդեցության ուժը։